«Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին»

«Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին»

Չինուհի դաշնակահար, դիրիժոր, կոմպոզիտոր Լին Քաոն ամուսնու հետ միառժամանակ կապրի Հայաստանում

Չինուհի դաշնակահար, դիրիժոր Լին Քաոն ամուսնու՝ ազգությամբ գերմանացի Բենիամին Շպեթի՝ Գերմանիայից դուրս գտնվող դպրոցների համակարգման կենտրոնական ծառայության (ZfA) հայաստանյան տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո, շուրջ մեկ ամիս է՝ տեղափոխվել է Հայաստան: «Առավոտի» հետ զրույցում չինացի արվեստագետը հայտնեց, որ ամուսնու աշխատանքի հետ կապված՝ իրենք դեռեւս 6-7 տարի կապրեն Հայաստանում: Արվեստագետի անունը մեզ հայտնի է համացանցից, գիտենք, որ նա Վիսբադենի օպերային թատրոնում տեւական ժամանակահատված հանդես է եկել որպես դաշնակահար-կոնցերտմայստեր, դիրիժոր, ղեկավարել օպերային եւ օպերետային ներկայացումներ: Նրա ստեղծագործական կյանքը, բացի սոլո կարիերայից, հագեցած է նաեւ որպես կամերային երաժշտի. Լին Քաուն դաշնամուրային տրիոյի կազմում «շրջել» է համարյա ողջ Եվրոպան:

Մեզ հետ զրույցում տիկին Քաոն ասաց, որ ծնունդով Թայվանից է, որտեղ հաճախել է դաշնամուրի դասերի, առաջին բեմելն էլ կայացել է ընդամենը 7 տարեկանում՝ հնչեցրել է Շոպենի դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտը Թայվանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: «Ծննդավայրիցս մեկնեցի 1995թ.՝ 12 տարեկանում: Հաճախեցի Նյու Յորքի Ջուլիարդի երաժշտական դպրոց՝ որպես դաշնակահար, իսկ հետո ուսանեցի Ինդիանայի համալսարանում, ջութակի եւ դիրիժորության բաժիններում: Իսկապես հիմնավոր կրթություն եմ ստացել: Ջուլիարդի դպրոցում սովորել եմ 20-րդ դարի մեծագույն դաշնակահար Ռուդոլֆ Ցյորկինի որդու դասարանում, համալսարանում էլ որպես դիրիժոր Էֆրոնի ղեկավարությամբ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ ԱՄՆ-ում որպես դաշնակահար հանդես է եկել հայտնի նվագախմբերից մեկի՝ Հարդֆորդի սիմֆոնիկի ընկերակցությամբ, այնուհետեւ Տեխասի սիմֆոնիկի հետ եւ այլն: Հետո շուրջ 15 տարի կատարելագործվել ու բեմ է բարձրացել Գերմանիայում: «Ուզում եմ գերմանական ստեղծագործական շրջանից հատկապես նշել այն 6-7 տարիները, որ դաշնամուրային տրիոյի կազմում հանդես եմ եկել հունգարացի ջութակահարի եւ գերմանացի թավջութակահարի հետ»,- նշեց Լին Քաոն: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ կարիերան «մի կողմ է դրել» հանուն ամուսնու, հայտնվելով զոհի կարգավիճակով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ, դա այդպես չէ, ես զոհ չեմ, ոչ էլ հրաժարվել եմ երաժշտությունից: Ավելին՝ այստեղ վոկալի դասեր եմ առնում Երեւանի օպերային թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանից, ծանոթացել եմ թատրոնի Երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանի, այդ ծրագրի վոկալի դասախոս Իրինա Զաքյանի հետ, ճանաչված ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանի, ջազային երգչուհի Իլոնա Սագիեւայի հետ… Իհարկե, եթե շարունակեի գործունեությունս Գերմանիայում, կարիերաս ավելի հեշտ կընթանար: Կյանքը հարուստ է նաեւ ռիսկային գործոններով, իսկ ընտանիքը շա՜տ կարեւոր է ինձ համար: Ավելին՝ ամուսնուս հետ պլանավորել ենք, որ մեր առաջնեկը ծնվի Հայաստանում: Օրեցօր ծանոթությանս շրջանակը ընդարձակվում է, հանդիպում եմ, մտերմանում ոչ միայն լավ մասնագետների, այլ նաեւ լավ մարդկանց հետ: Ցանկություն ունեմ սովորելու ոչ միայն հայերեն, այլեւ, օրինակ՝ որպես դաշնակահար հարստացնել նվագացանկս՝ Խաչատրյանի կոնցերտին գումարելով այլ ստեղծագործություններ եւս: Ի դեպ, հայկական երաժշտարվեստի մասին առաջին իմ տպավորությունը հենց այդ կոնցերտն էր. ինչպիսի էներգիա, հարմոնիա, մեղեդի, ռիթմ… եւ այս ամենը՝ մեկ ստեղծագործության մեջ»:

Լին Քաոն՝ ամուսնու հետ:

Զրույցի ընթացքում Լին Քաոն ասաց, որ նաեւ ստեղծագործում է հանրամատչելի երաժշտության ժանրում, ունի երաժշտություն՝ գրված ֆիլմերի համար: Հետո էլ հավելեց. «Համակարգչային եւ էլեկտրոնային երաժշտությունն իմ տարերքն է, ստեղծագործություններն էլ ծնվում են տարբեր ազգերի երաժշտարվեստի տարբեր ոլորտների միքսից: Չեմ բացառում, որ շուտով գլխումս մի նման երկ ծագի, որտեղ անպայման իր տեղը կունենա նաեւ հայկական մեղեդին»:

Չինուհի երաժիշտը հանդես է գալիս միաժամանակ որպես դաշնակահար եւ դիրիժոր:

Անդրադառնալով Վիսբադենի օպերային թատրոնում իր գործունեությանը, արվեստագետն ասաց. «Ղեկավարել եմ դասական օպերաներ ու օպերետներ, այդ թվում՝ Բիզեի «Կարմենը», Շտրաուսի «Չղջիկը» եւ այլն: Օրերս ձեր թատրոնում ներկա էի Մասնեի «Մանոն» օպերայի ներկայացմանը: Խոսքեր չունեմ՝ հիանալի էր: Նստած դահլիճում պատկերացնում էի՝ մի օր էլ ես կկանգնեմ ձեր թատրոնում եւ կղեկավարեմ որեւէ ներկայացում»: Հետո էլ Լին Քաոն ժպիտով ասաց. «Չի բացառվում, որ գա մի ժամանակ, երբ դուք ինձ կհանդիպեք նաեւ որպես երգչուհի»: Թերթելով իր ստեղծագործական կյանքը ներկայացնող լուսանկարները, նկատեցինք, որ երաժիշտը ունի նաեւ լուսանկարչական շարք: Այս առիթով Լինն ասաց. «Նյու Յորքում սովորելու տարիներին, երբ շատ երիտասարդ էի, մոդելի կարգավիճակում գումար էի վաստակում ուսման վարձս հոգալու համար: Նշեմ նաեւ, որ ունեմ հոբբի, դա լուսանկարչական արվեստն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում