Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ

Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նախօրեին անցկացվել է «Խառնվածքներ» խորագրով համերգային երեկոն: Միջոցառման ընթացքում հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ ներկայացնելով Հայաստանում ոչ այդքան հաճախ կատարվող կոմպոզիտորների գործեր: Կամերային երաժշտության տան հաղորդմամբ, երեկոյի ընթացքում նվագախմբի և գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ ելույթ է ունեցել սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը և դաշնակահար Նարե Կարոյանը:

Դաշնակահարուհի Նարե Կարոյանը մի շարք մրցույթների դափնեկիր է, ունի ակտիվ համերգային գրաֆիկ: 2017 թվականից գերմանական Բեռգիշ Գլադբախ քաղաքի Sinngewimmel արվեստների կենտրոնի ղեկավարն է: Փաստում է՝ վերջին անգամ Կամերային նվագախմբի հետ հանդես է եկել 11-12 տարեկանում:

«Շատ ուրախ եմ, որ նվագեցինք միասին: Առաջին անգամ էի համագործակցում մաեստրո Վահան Մարտիրոսյանի հետ: Փ. Հինդեմիթի Թեմա և չորս վարիացիաներ. Չորս խառնվածք ստեղծագործությունը, որը ներկայացրինք համերգի ընթացքում, շատ քիչ կատարվող գործ է: Հինդեմիթից ընդհանրապես փոքր-ինչ վախենում են, բայց այս գործը շատ գեղեցիկ է: Ափսոս, որ շատ չի հնչում: Կարծում եմ՝ Կամերային նվագախումբն էլ էր հաճույքով կատարում այն»,-նշում է Նարե Կարոյանը:

ՀՊԿՆ նվագախմբի և գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն էլ փաստում է՝ թե՛  Նարե Կարոյանի, թե՛ Արմեն Հյուսնունցի հետ առաջին անգամ էին համագործակցում, բայց միասին հանդես գալու ցանկություն մշտապես ունեցել են: Մարտիրոսյանի խոսքով՝ համերգային ծրագրում ներկայացրել են գործեր, որոնք հազվադեպ են հնչում Հայաստանում: Մասնավորապես, երեկոյին ներկայացվեց նաև Հ. Վիլա Լոբոսի Ֆանտազիա սոպրանո սաքսոֆոնի և նվագախմբի համար գործը, ինչպես նաև Ա. Հյուսնունցի Արիա և պար, Նորից գարուն ստեղծագործությունները:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում