Ինչպես լուսանկարչության գագաթը հայտնվեց Արարատի գագաթին

Ինչպես լուսանկարչության գագաթը հայտնվեց Արարատի գագաթին

Այս լուսանկարում աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերն է, լուսանկարն էլ հենց նրա արխիվից է` հեղինակային: Այն լուսանկարիչ եւ նկարիչ Սեն Հովհաննիսյանին է տրամադրել ինքը` «Ստամբուլի աչքը», որ 60-ականներին ինքնաթիռով իջել էր Արարատ լեռան վրա ու բացառիկ լուսանկարչական շարք արել` Բիբլիական լեռան թեմայով: Ժամանակին Սեն Հովհաննիսյանը դրանց մի մասը խնդրել է Գյուլերից, որպեսզի օգտագործի իր արժեքավոր «Արարատ» գիրք-ալբոմում, վարպետն էլ չի մերժել, թեեւ Սեն Հովհաննիսյանի պատմելով՝ շատ դժվար է ստացվել իրենց հանդիպումը: Ի դեպ, «Արարատ» ալբոմի ֆրանսերեն տարբերակը լույս է տեսել տառացիորեն օրերս:

«100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան» որակված Արա Գյուլերը գնաց երկնային կյանքով ապրելու, սակայն տուն-թանգարանի վերածված նրա հայրական տունն ու արվեստագետների հավաքատեղի դարձած «Արա» սրճարանը դեռ երկար կապրեն երկրային կյանքով: Իսկ 1970-ականներին հեղինակավոր դեմքերից արված ֆոտոհարցազրույցները, որոնց թվում են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալասը, Ջոն Բերգերը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին, դեռ կշոյեն տարբեր սերունդների աչքերը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Արա Գյուլերի արխիվից

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում