«Աշխարհին ապացուցել եմ, որ ես էլ ես եմ»

«Աշխարհին ապացուցել եմ, որ ես էլ ես եմ»

 Իր ստեղծագործությունների մասին խոսելիս՝ Կոմիտասին մեջբերում է ճանաչված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» արվեստի թանգարանի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ նոյեմբերի 2-ին կկայանա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Քարահունջ» ստեղծագործության պրեմիերան: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտորը մանրամասնելով այն, ասաց. «Քարահունջը» նոր նախագիծ է՝ բաղկացած 17 մասից, մեկուկես ժամ տեւողությամբ: Համերգին հրավիրված են երաժիշտներ Ամերիկայից եւ դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը Հայաստանից: Ստեղծագործության կատարումը կընթանա ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ճանաչված արվեստագետ, նյույորքաբնակ՝ սիրիահայ Գեւորգ Մուրադի անիմացիոն աշխատանքի ցուցադրությանը զուգահեռ»: Հավելեց նաեւ, որ «Քարահունջը» թվով իր երրորդ ստեղծագործությունն է, որը պետք է հնչի «Մետրոպոլիտենում»: Պատվիրատուն Արվեստի թանգարանն է, որը նոր ստեղծագործության առիթով դիմել էր իրեն շուրջ մեկ տարի առաջ՝ նկատի ունենալով այս օրերին «Մետրոպոլիտենում» Հայաստանի գանձերի եզակի ցուցադրությունը: Այսօր Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները, այդ թվում՝ դրանց պրեմիերաների մեծ մասը, կատարվում են արտասահմանում: Առաջին երկը Ջութակի սոնատն էր, որը հնչել է 1998թ.՝ հեղինակի եւ ջութակահար Մովսես Պողոսյանի կատարմամբ, Օհայո նահանգի փառատոնում՝ ճանաչվելով լավագույն ստեղծագործություն: Հարցին՝ հնարավո՞ր է մեր օրաթերթի միջոցով վարպետության դաս անցկացնել՝ ինչ կամ ինչպես անել, որպեսզի մեր երիտասարդ կոմպոզիտորներն էլ դրսից հաճախակի ստանան պատվերներ եւ ինչպես է ստացվում, որ ձեր գործերի եթե ոչ 99, ապա 90 տոկոսը կատարվում է արտասահմանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդպես էլ պետք է լինի: Նախ՝ երաժշտության լեզուն համամարդկային է ու եթե այն իսկապես Երաժշտություն է, ունի ուժ եւ արժեք, ապա այն իր տեղը կգտնի աշխարհում: Համամիտ լինելով ձեզ հետ, նշեմ, որ ստեղծագործություններս մեկ անգամ չեն հնչում դրսում, նաեւ կատարվում են Հայաստանում, հեղինակավոր երաժիշտների կամ երաժշտախմբերի կողմից: Վերջին մեկ ամսվա ընթացքում, օրինակ, ստեղծագործություններս կատարվել են Իտալիայում, Ռուսաստանում… Կրտսեր գործընկերներիս էլ ասեմ հետեւյալը. յուրաքանչյուր ստեղծագործող ձգտում է հաջողության ու կայացման: Դժվար է ասել, թե ինչպես է դա ստացվում յուրաքանչյուրի մոտ: Իմ խորին համոզմամբ՝ այդ ամենին հասնելու համար կա մի առաջնորդող ուժ…»: Հետաքրքրությանը՝ դժվար չէ՞ աշխատել առանց իմպրեսարիոյի, կոմպոզիտորը հայտնեց. «Մեծամասամբ, այո, առանց իմպրեսարիոյի եմ աշխատում:

Բայց խոստովանեմ, որ այսօր արդեն զգում եմ այդ անձնավորության պահանջը, պարզ պատճառով՝ անհնար է ամեն ինչ իրականացնել միայնակ» եւ, գուցե իրեն սփոփելու համար, ավելացրեց. «իմ երաժշտությունը իմ իմպրեսարիոն է»:

Զրույցի ընթացքում անդրադարձանք կոմպոզիտորի երկու ամենախոշոր ստեղծագործություններին ՝ «Աբգար արքա» օպերային եւ «Երկրորդ լուսինը» բալետին: Կոմպոզիտորը նշեց, որ «Աբգար արքան» եւ «Երկրորդ լուսինը» հատվածաբար կատարվել են: Ասաց նաեւ, թե իր մեծ նախագծերը ցանկություն ունի իրականացնել առաջինը հայրենիքում, հետո էլ հայտնեց. «Վերջերս ավարտել եմ ամերիկաբնակ բարերար մի տիկնոջ խնդրանքը՝ ըստ Լեւոն Շանթի «Հին աստվածները» երկու գործողությամբ բալետը, որի «բեմական կյանքը» հաստատված է մշակույթի նախարարության եւ օպերային թատրոնի կողմից, ընդ որում՝ գրավոր: Հանդիպումներ եմ ունեցել թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի, խորեոգրաֆ Արմեն Գրիգորյանի, նկարիչ Ավետիս Բարսեղյանի, զգեստների դիզայներ Միքայել Շարաֆյանի հետ… Առանց մանրամասնելու ասեմ, որ ստեղծագործական մասով ամեն ինչ լավ է ընթանում, մնում է հարցերի հարցը՝ ունենալ ռեալ ֆինանսավորում»: Ռեպլիկին՝ հավանաբար սպասելիքներ ունեք, արվեստագետն ասաց. «Հույս ունեմ, շատ կուզենայի, որ բալետն իրականանար 2019թ.՝ Շանթի ծննդյան 150-ամյա հոբելյանի առիթով: Իրականում դա կլինի մեծ իրադարձություն, ամպագոռգոռ թող չհնչի՝ հայաստանյան մշակութային պատմության մեջ»: Ի լրումն ասվածի՝ Վաչե Շարաֆյանը հավելեց. «Աշխարհին ապացուցել եմ, որ ես էլ ես եմ (սա Կոմիտաս վարդապետի խոսքն է): Ինձ իրավունք եմ վերապահում վստահեցնելու, որ այդ խոշոր կտավի ստեղծագործությունները պարզապես անհրաժեշտ են Հայաստանին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Վաչե Շարաֆյանը՝ Գեւորգ Մուրադի հետ:

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում