Խաչատրյանի կամերային-գործիքային ստեղծագործությունների ընտրանին՝ խաչատրյանական փառատոնին

Խաչատրյանի կամերային-գործիքային ստեղծագործությունների ընտրանին՝ խաչատրյանական փառատոնին

Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կամերային երաժշտության երեկո էր: Կարեն Շահգալդյանը (ջութակ), Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր) և Ավետիք Ղազարյանը (կլարնետ) հանդիսատեսին ներկայացրին Արամ Խաչատրյանի կամերային-գործիքային ստեղծագործությունների ընտրանին:

Համերգային երեկոյի ընթացքում Կարեն Շահգալդյանը և Լիլիթ Զաքարյանը ներկայացրին մեծանուն կոմպոզիտորի Երգ-պոեմը աշուղների հիշատակին, «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից նոկտյուրնը, թիվ 1 պարը: Կարեն Շահգալդյանը ներկայացրեց կոմպոզիտորի հազվադեպ կատարվող մենանվագ ջութակի սոնատ-մենախոսությունը:
Խաչատրյանի մենանվագ դաշնամուրի համար պոեմը և դաշնամուրի սոնատինան կատարեց Լիլիթ Զաքարյանը, իսկ համերգային երեկոյի ավարտին հնչեց Խաչատրյանի տրիոն:

Ջութակահար Կարեն Շահգալդյանը փաստում է՝ Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործություններում մենք տեսնում ենք բոլորովին այլ Խաչատրյանի, ով այդքան էլ ծանոթ չէ մեզ, բայց պակաս հետաքրքիր չէ: Շահգալդյանի խոսքով՝ Խաչատրյան տրիոյով անգամ ձայնասկավառակ են ձայնագրել՝ նվիրված Խաչատրյանի կամերային երաժշտությանը:

«Այս երաժշտությանն այնքան էլ հայտնի չէ աշխարհում, բայց պետք է որ հայտնի լիներ: Դրա համար շատ լավ է, որ Խաչատրյանի փառատոնն ուշադրություն է դարձնում նաև կոմպոզիտորի կամերային երաժշտությանը: Գիտեմ, որ փառատոնի շրջանակում նախատեսված են նաև այլ կամերային երեկոներ: Այս համերգին հնչած բոլոր ստեղծագործությունները նախկինում կատարել եմ, բացի Պար թիվ 1 ջութակի և դաշնամուրի համար ստեղծագործությունից: Այն առաջին անգամ եմ ներկայացնում, ուրախ եմ, որ փառատոնի շնորհիվ իմ երկացանկում նոր ստեղծագործություն է հայտնվում»,- նշում է Շահգալդյանը:

Ջութակահարը փաստում է՝ Խաչատրյանի միջազգային փառատոնը հիանալի իրադարձություն է: Երաժշտի խոսքով՝ մեզ թվում է, թե Հայաստանում ու աշխարհում շատ լավ գիտեն Խաչատրյանին, բայց կոմպոզիտորն այնքան էլ ճանաչված չէ, որքան արժանի է: Դրա համար նման ցանկացած նախաձեռնություն Խաչատրյանի անունն ու գործերը հանրահռչակելու կարևոր դեր ունի: «Ուրախ եմ, որ փառատոնն արդեն 6-րդ անգամ է անցկացվում, արդեն ունի իր ավանդույթները: Այն պետք է անպայման շարունակել»,- հավելում է արտիստը:

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին մեկնարկած Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնն առաջիկա մեկ ամսվա ընթացքում 9 համերգային երեկոների միջոցով կներկայացնի 20-րդ դարի մեծագույն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցնում է խորհրդանշական հոբելյանի ներքո. այս տարի նշվում է Խաչատրյանի 115-ամյակը։

Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Աղբյուր՝ Irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում