Ներկայացում՝ հայրենիքից հեռացած ու Ֆրանսիայում բախտ որոնող հայերի մասին

Ներկայացում՝ հայրենիքից հեռացած ու Ֆրանսիայում բախտ որոնող հայերի մասին

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Երևանում հյուրախաղերով հանդես կգա ֆրանսիական Սենթ-Էտյեն և Սեն-Շամոն քաղաքների ՀԲԸՄ-ի թատերախումբը՝ «Ցիրուցան» ներկայացումով /ֆրանսերեն լեզվով/: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, ֆրանսիայից Հայաստան ժամանած թատերախումբը հոկտեմբերի 24-ին և 25-ին հանդես կգա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում:

Ֆրանսահայ Էդմոն Անեմյանի բեմադրած «Ցիրուցանը» հայրենիքից հեռացած ու Ֆրանսիայում բախտ որոնող հայերի մասին է: Նրա խոսքով, ստեղծագործությունը 2005-ին և 2011-ին Հայաստան կատարած ուղևորությունների ընթացքում նրա ստացած տպավորությունների, ինչպես նաև Հայաստանից Ֆրանսիա տեղափոխված հայերի հետ զրույցների հանրագումարն է: «Ցիրուցան» բեմադրության առանցքում արտագաղթի, հեղինակի բնորոշմամբ՝ ցիրուցան եղած ազգի խնդիրներն են:

Ներկայացման հայաստանյան առաջնախաղին ներկա կլինի նաև Սենթ-Էտյենի քաղաքապետը:

«Հայաստանը տեսնելու մեծ ցանկություն ունեին ոչ միայն քաղաքապետը, այլև մեր թատերախմբի բոլոր դերասանները»,-ասում է Էդմոն Անեմյանը:

Նախագծի աջակիցներն են նշված քաղաքների քաղաքապետարաններն ու ՀՀ մշակույթի նախարարությունը:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում