«Երևան ջազ ֆեստ»-ը նվիրվում է Արտեմի Այվազյանին

«Երևան ջազ ֆեստ»-ը նվիրվում է Արտեմի Այվազյանին

Այս տարի լրանում է հայկական ջազի 80-ամյակը: 1938 թվականին կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի ջանքերով ձևավորվել էՀայաստանի պետական ջազ նվագախումբը: Ի նշանավորումն հոբելյանական տարեթվի՝ 2018 թվականին Հայաստանում և արտերկրում իրականացվել և իրականացվելու են մի շարք ծրագրեր՝ համերգներ, փառատոներ, ֆիլմի ցուցադրություն և այլն:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, «Երևան ջազ ֆեստ» ամենամյա միջազգային փառատոնն այս տարի նվիրվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադիր Արտեմի Այվազյանին: Փառատոնը կմեկնարկի նոյեմբերի 7-ին, աշխարհահռչակ շեփորահար Արթուրո Սանդովալի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգով: Փառատոնը կեզրափակվի Հայաստանի պետական ջազ նվագախմբի մենահամերգով, որի պատվավոր հյուրը ֆրանսիացի ճանաչված ջազ երաժիշտ Չայնա Մոեսն է:

Նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը: Համերգի ընթացքում կներկայացվեն համաշխարհային և հայկական ջազային երաժշտական ժառանգության լավագույն նմուշները: Համերգային ծրագրում հանդես կգան նաև Վահագն Հայրապետյանը, շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը և այլոք:

Նոյեմբերին կկայանա նաև Տատյանա Դանելյանցի հեղինակած «Վեց երաժիշտներ քաղաքի ֆոնի վրա» ֆիլմի շնորհանդեսը /Հայաստան-Ռուսաստան/: Ֆիլմը նվիրված է Երևան քաղաքին և լեգենդար երաժիշտներին՝ ջազային երաժիշտ, դաշնակահար Լևոն Մալխասյանին, դուդուկահար Ջիվան Գասպարյանին, երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանին, Ֆորշին, Միքայել Ոսկանյանին և այլոց: Երաժիշտները խոսում և երգում են իրենց սիրած քաղաքի մասին:

Աղբյուր` Panorama.am։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում