Տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հովվապետերի հանդիպումը

Տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու հովվապետերի հանդիպումը

Հոկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Նախ տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետի առանձնազրույցը, որից հետո հանդիպումը Վեհափառ Հայրապետի պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին ու համագործակցությանը: Արծարծվեցին Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների խնդիրներին, Երուսաղեմում Եկեղեցիների իրավունքներին վերաբերող հարցեր:

Ընդգծվեց մարդկության առջև ծառացած ժամանակակից մարտահրավերների հաղթահարման գործում, աշխարհում խաղաղությանն ու համերաշխության հաստատմանն ի խնդիր Քրիստոնեական Եկեղեցիների գործակցության առավել խթանման և ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև Հայաստանում տեղ գտած վերջին քաղաքական զարգացումների, երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ ունեցավ նաև Կաթոլիկ Եկեղեցու Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի և Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխի հետ: Խոսվեց երկու Եկեղեցիների միջև կապերի զորացման ուղիների, Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ երկխոսության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների և համատեղ իրականացվելիք ծրագրերի մասին:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում