Արմեն Ջիգարխանյանը չի կարողացել մասնակցել իր թատրոնում ներկայացման պրեմիերային

Արմեն Ջիգարխանյանը չի կարողացել մասնակցել իր թատրոնում ներկայացման պրեմիերային

Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը ուրբաթ օրը չի կարողացել ներկա գտնվել «Մոլիեր» ներկայացման պրեմիերային։ Ռիա նովոստիին այս մասին հայտնել է թատրոնի բեմադրող-ռեժիսոր Սերգեյ Վինոգրադովը։

Հայտնի դերասանը հոսպիտալացվել էր մի քանի շաբաթ առաջ։ Նրա ընկեր Արթուր Սողոմոնյանն ավելի վաղ հայտնել էր, որ արտիստն ապաքինվում է, որ այս շաբաթվա վերջին հնարավոր է դուրս գրեն նրան։

Նախօրեին թատրոնում կայացել է «Մոլիեր» ներկայացման պրեմիերան։ Ներկայացումը նվիրված է Ջիգարխանյանի ծննդյան օրվան:

«Ցավոք, Արմեն Բորիսովիչը չի գա։ Ես նրա հետ հեռախոսազրույց եմ ունեցել, նա պետք է ևս մի քանի պրոցեդուրա անցնի»,- ասել է Վինոգրադովը։

Նա նշել է, որ Ա. Ջիգարխանյանը դերասաններին հաջող աշխատանք է ցանկացել, քանի որ նրա համար շատ կարևոր է այս ներկայացումը։

Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում