«Մաեստրոն ուշադրության եւ սիրո պակաս երբեք չի ունեցել»

«Մաեստրոն ուշադրության եւ սիրո պակաս երբեք չի ունեցել»

Դաշնակահարուհի Արուս Աճեմյանը՝ հոբելյանական համերգին կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի գործերով

Հուլիսին լրացավ անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի 90-ամյակը: Դեռեւս տարեսկզբից մշակույթի գործիչները կանխատեսումներ էին անում հոբելյանի առիթով միջոցառումների շուրջ, շեշտը դնելով 1956 թվականից շուրջ երեքուկես տասնամյակ կոմպոզիտորի ղեկավարած լեգենդար Հայաստանի պետական ջազ նվագախումբը կոմպոզիտորի անունով կոչելու վրա: Ի դեպ, 1970-ական թվականների վերջերին ջազի երկրում՝ ԱՄՆ-ում, Խորհրդային Միությունից առաջինը հայկական նվագախումբն էր, որ ներկայացրեց ջազ: Փետրվարից Երեւանի «Մալաթիա» արվեստի դպրոցը կրում է մաեստրո Օրբելյանի անունը: Հուլիսին 2018թ. ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակված կոմպոզիտորի ծննդավայրում՝ Գորիսում, Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ կայացավ համերգ՝ հոբելյարի հիշատակին՝ կրտսեր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Դիրիժորից հետաքրքրվեցինք («Առավոտ», 30.06.2018թ.)՝ չի՞ պատրաստվում վերականգնել Ազգային օպերային թատրոնում 1969թ. բեմադրված հորեղբոր «Անմահություն» բալետը, որի մասին հիացական արձագանքները շուրջ չորս տասնամյակ անց էլ չեն դադարում: Այն ժամանակ կրտսեր Օրբելյանն ասել էր, որ իր ծրագրերում դա նախատեսված է: Հիմա էլ մշակույթի գործիչները սպասում են մեծանուն կոմպոզիտորին նվիրված կառավարական միջոցառմանը:

Օրերս ծանոթանալով երեւանյան հայտագրերին, հանդիպեցինք նոյեմբերի 3-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ մշակույթի նախարարության աջակցությամբ կայանալիք «Ջազային երանգներ՝ դասական ոգով» խորագիրը կրող համերգին, մասնակցությամբ ճանաչված դաշնակահար, ճանաչված արտիստ Արուս Աճեմյանի: Կհնչեն Օրբելյանի մտերիմ գործընկերների՝ Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյի, Սարյանի, Աճեմյանի գործերը եւս:

Մեզ հետ զրույցում տաղանդավոր ընտանիքում ծնված դաշնակահարը (ռեժիսոր Վարդան Աճեմյանի ծոռնուհին է, կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի թոռնուհին, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի դուստրը) նշեց, որ մեծ սիրով ու պարտքի զգացումով է պատրաստվում կայանալիք համերգին: «Մեր ընտանիքի անդամ էր Օրբելյանը, որի հետ համագործակցել եմ ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում: Նա այն անձնավորությունն էր, որ մեծ դերակատարություն ունեցավ իմ կարիերայում: Կհնչեցնեմ Օրբելյանի դաշնամուրային երկերը, որոնցից երկուսը՝ «Ռոմանտիկ սոնատը» (Ջազ- վալս) եւ «Երազը»՝ առաջին անգամ:

Թվով հինգ ստեղծագործությունները կոմպոզիտորը նվիրել է ինձ, հորդորելով, որ դրանք կատարեմ միայն ես»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ մաեստրոն ուշադրության կենտրոնում է պահել իր ուսման, հետագայում բեմական գործունեության ընթացքը. «Ուշադիր էր, պահանջկոտ՝ նույնիսկ բեմական հանդերձանքիս հանդեպ»: Հետո էլ մտաբերեց 2005թ., ասելով՝ «Ալեքս» թատրոնում Գլենդել սիմֆոնիկի հետ կատարում էի Խաչատրյանի կոնցերտը, ավարտին տեսնեմ՝ հսկա ծաղկեփնջով Օրբելյանն է մոտենում: Ես էլ վայրկյանների ընթացքում կողմնորոշվեցի եւ ծրագրից դուրս հնչեցրի նրա «Պրելյուդ ջազային տոներում» ստեղծագործությունը: Միշտ սիրում էր կրկնել՝ ես ապրում եմ Հայաստանում, ստեղծագործում ԱՄՆ-ում: Պատկերացրեք՝ այդպես էլ կար: Յուրաքանչյուր նոր ստեղծագործություն երբ հանձնում էր թղթին, զանգահարում էր ու կատարում, հայրս կամ ես պետք է անպայման լսեինք… Երեւանում էլ էր այդպես: Կարճ ասած՝ նրա եւ մեր ընտանեկան ուրախությունները, տխրությունները, ստեղծագործական հաջողությունները կիսել ենք միասին»:

Օրբելյանին որպես կոմպոզիտոր, երժշտարվեստի ակնառու ներկայացուցիչ աշխարհին ներկայացնելու հարկ չկա, հետաքրքրությանը՝ իսկ նա իրեն երջանիկ համարո՞ւմ էր, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Մաեստրոն ուշադրության եւ սիրո պակաս երբեք չի ունեցել»:

Հիշեցնենք, երբ ժամանակին «Առավոտը» (25.06.2011թ.) մաեստրոյին հայտնեց, թե ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի հրապարակած լավագույն տղամարդկանց տասնյակում տեղ է գտել նաեւ իր անունը, իսկ այն հարցին, թե Օրբելյանը չի՞ պատրաստվում հայտնել իր լավագույն կանանց անունները, մաեստրոն ժպտալով պատասխանել էր. «Ես հարյուրավոր կանանց հետ բարեկամական հարաբերությունների մեջ եմ եղել, այդ թվում՝ Պուգաչովա, Դոլինա, Ալեգրովա, Պոնարովսկայա… բոլորի անունների համար ձեր թերթի էջերը չեն բավականացնի…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում