Մոսկվայում կտեղադրվի Կարո Հալաբյանի հուշարձանը

Մոսկվայում կտեղադրվի Կարո Հալաբյանի հուշարձանը

Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորները հավանության են արժանացրել հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը։ Առաջարկն արել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։

ria.ru-ի հաղորդմամբ, Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի ու զանգվածային հեռահաղորդակցության հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովն ասել է, որ հուշարձանը տեղադրելու է Սոկոլ շրջանում, ֆինանսավորելու է Հայաստանի հաշվին`15 միլիոն ռուբլի:

Հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Հալաբյանը 1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929 թվականին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-1931 թթ. գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, մշակութային-լուսավորական շենքեր։
1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։ Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի-Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում