Ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանի 80-ամյակին

Ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանի 80-ամյակին

Գրականության և արվեստի թանգարանում նոյեմբերի 6-ին կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ներսես Հովհաննիսյանի 80-ամյակին: Կցուցադրվեն Ն. Հովհաննիսյանի ընտանիքի կողմից թանգարանին հանձնված արխիվային լուսանկարներ, ֆիլմերի ազդագրեր, անձնական իրեր և այլն:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, ցուցադրության բացմանը կհաջորդի Ներսես Հովհաննիսյանին նվիրված հուշ-ցերեկույթը, որի ընթացքում ելույթներով հանդես կգան ընտանիքի անդամները, անվանի կինոգործիչներ, ինչպես նաև ելույթ կունենա Կոմիտասի անվան լարային քառյակը:

Միջոցառումը կեզրափակվի Գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի ֆոնդերի ուղեցույցի շնորհանդեսով:

Ն. Հովհաննիսյանը ծնվել է 1938 թ. Երևանում: Մինչ ուսումը խաղացել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1953թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Ուսումից հետո աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի օգնական, ապա` ռեժիսոր: 1966-67թթ աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, որտեղ եղել է Յ.Ռայզմանի «Քո ժամանակակիցը» ֆիլմի ռեժիսորի օգնականը: Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում` «Ապրեք երկար» (1979թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Վերջին կիրակի» (1986թ.), «Մենավոր ընկուզենի» (1987թ.), «Անառակ որդու վերադարձը» (2007թ.) և այլն: Նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, որոնցից են` «Հանդիպում ցուցահանդեսում» (1968թ.), «Ձախորդ Փանոս» (1969թ.), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Խոհարարները եկել են մրցույթի» (1977թ.), «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Օտար խաղեր» (1986թ.) և այլն: 1983թ. «Երջանկության մեխանիկա» ֆիլմի համար արժանացել է ՀՀ կառավարության մրցանակին: Եղել է նաև մի քանի ֆիլմերի սցենարի հեղինակը: «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լումիեր եղբայրների անվան բրոնզե մեդալի: Եղել է «Բումերանգ» երգիծական կինոալմանախի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբագիրը, հանդիսացել է կինոստուդիայի ղեկավարության ու Հայաստանի կինեմատոգրաֆների միության անդամ: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013թ.` «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Մահացել է Մոսկվայում 2016 թվականին:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում