Ռազմիկ Դավոյան․ Մոռացման քանի պատնեշ կա մեր մեջ

Ռազմիկ Դավոյան․ Մոռացման քանի պատնեշ կա մեր մեջ

Մոռացման քանի՜ պատնեշ կա մեր մեջ,
Որ դու ես դրել,
Որ տրտմության ու կարոտի ճամփով
Նորից ետ չգաս.-
Պատնեշ են, այո՛,
Բայց բոլորն այնքան մոտ ու մտերիմ,
Եվ մեռնելու չափ թափանցիկ ու պարզ,
Որ ես չգիտեմ՝ պատնե՞շ են դրանք,
Թ՞ե կախարդանքի օղակներ ու խազ,
Ես սովորական տառապո՞ղ եմ մի,
Թ՞ե տառապանքի քավության նոխազ:

Եվ ահա քեզ հետ խոսում եմ երկար,
Դու ոչ մի բառիս չես պատասխանում,
Բառերը օդում կախվում են խեղդված
Պատնեշների ձույլ անդորրության մեջ,
Եվ դարձյալ ես քեզ կանչում եմ, կանչում…
Ի՞նչ անեմ, սե՛ր իմ, խզվել է ձայնս
Եվ կոկորդիս մեջ
Անապատների փշերն են աճում,
Եվ ողնաշարս ճոճվում է ծանր
Ուղտերի հեռու քարավանի պես.-
Աչքերս խոնավ անձկությամբ ճայի
Փոթորիկների ոգին են կանչում,
Որ գան ու սրբեն անապատս ինձնից՝
Իմ ավազներին կեր չդառնամ ես.-
Եվ սակայն նորից իմ դեմ կանգնում է
Մեր փոքրիկ, փոքրիկ հավիտենության
Վայրկյանը վերջին,
Եվ ես հանգչողի խուլ հանդարտությամբ
Ականջ եմ դնում
Նշենիների բողբոջման շնչին.-
Ծաղկում են բոլոր նշենիները,
Բալենիները հրավառվում են
Աղավնափետուր կայծկլտումներով,
Եվ կակաչները բռնկվում են հիր
Ու ողջ աշխարհը լցնում են բույրով:

Եվ ինձ թվում է՝ ուր որ է, ահա,
Պատնեշներ ծակող
Քո ուրախության ճիչը կլսեմ,
Բայց այդ վայրկյանին խլանում եմ ես,
Եվ չքանում է պատրանքը վսեմ:

Եվ չքանում է ողջը, ինչ որ կար,
Ինչ որ եղել էր ճիշտ չեղածի պես,
Իմ կոկորդի մեջ անհուն և անվերջ
Անապատների փշերն են աճում,
Եվ քո դառնությամբ բզկտվում եմ ես
Այս համատարած անդորրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում