ԱՄՆ-ում ցուցադրելու են Հայաստանի կողմից «Օսկարի» առաջադրված «Սպիտակ» ֆիլմը

ԱՄՆ-ում ցուցադրելու են Հայաստանի կողմից «Օսկարի» առաջադրված «Սպիտակ» ֆիլմը

Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը, որը Հայաստանի կողմից առաջադրվել և ընդգրկվել է «Օսկար-2019»-ի երկար ցուցակում «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, ցուցադրվելու է ԱՄՆ-ում։ ՏԱՍՍ-ի այս մասին ասել է Ալեքսանդր Կոտը։ Ֆիլմը ցուցադրվելու է Վաշինգտոնում, Մայամիում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում։

«Ինչ վերաբերում է շանսերին («Օսկարում»), ճիշտն ասած, ես կարծում եմ, որ կան շանսեր, ինչպես բոլոր ֆիլմերի դեպքում, բայց այդքան էլ մեծ չեն։ Մեր կինոն չեն ցուցադրել Կանում, Բեռլինում։ Ես հաղթանակի ակնկալիք չունեմ, բայց միաժամանակ Հայաստանի կողմից «Օսկարի» առաջադրելը, արդեն մեծ քայլ է»,- ասել է նա։

Ռեժիսորը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ին «Սպիտակ» ֆիլմի պաշտոնական պրեմիերան կայանալու է Հայկական առաքելական եկեղեցում։

«Օսկարի» հավակնորդները հայտնի կդառնան 2019 թվականի հունվարի 22-ին։ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 91-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թ. փետրվարի 24-ին։

Հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին է: Նկարահանվել է երկրաշարժի 30-րդ տարելիցին: Թեև ֆիլմն անվանվել է «Սպիտակ», ռեժիսորը ֆիլմի առաջին մասը նկարահանել է Ղրիմում, երկրորդ մասը` Հայաստանում։

Ֆիլմի հերոսը՝ Գոռը, հեռացել էր Հայաստանից ավելի լավ կյանքի փնտրտուքներում: Երկրաշարժից հետո Մոսկվայից վերադառնում է հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքին, սակայն, արդեն ուշ էր: Աղետն ամեն ինչ ոչնչացրել էր: Աղետի վայրում Գոռը հանդիպում է տարբեր կերպարների, որոնցից յուրաքանչյուրն իր անձնական ողբերգությունն ունի: Տեղացիները փորձում էին գտնել իրենց սիրելիներին` ողջ կամ մահացած: Բժիշկները փորձում էին օգնել փրկվածներին, օր ու գիշեր աշխատում էին չնայած դեղերի պակասին, վիրահատություններ կատարում էին ձեռքի տակ եղած նյութերով: Զինվորները, կամավորները վտանգելով իրենց կյանքը, մաքրում էին փլատակները: Գոռը շարունակում էր փնտրել կնոջն ու փոքրիկ դստերը, որոնք դեռևս ողջ էին, բայց փլատակների տակ: Նա նորից պետք է սովորի սիրել այն, ինչ ինքն է ոչնչացրել:

Սցենարի հեղինակը Մարինա Սոչինսկայան է։ «Սպիտակ» ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը։

Աղբյուր` Panorama.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում