Շուշին աստիճանաբար վերածվում է թանգարանային քաղաքի. նախարար

Շուշին աստիճանաբար վերածվում է թանգարանային քաղաքի. նախարար

«Ի թիվս մշակույթի մի շարք ոլորտների, Արցախում փորձում ենք նոր քաղաքականություն մշակել, հատկապես, գրադարանների ու թանգարանների ուղղությամբ»,- ՀՀ մշակույթի նախարարությունում հայաստանյան գործընկերների հետ հանդիպմանն ասել է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանիը։

Նա տեղեկացրել է, որ 2019-ին շահագործման կհանձնվի Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը, այժմ քայլեր են իրականացվում Շուշիի պատմության թանգարանն առավել բարվոք տարածք տեղափոխելու ուղղությամբ:

«Ընդհանրապես, Շուշին աստիճանաբար վերածվում է թանգարանային քաղաքի: Այստեղ են գործում Հայաստանի կենտրոնական բանկի «Դրամի թանգարանը», «Գորգերի մասնավոր հավաքածուների» թանգարանը»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը:

ՀՀ մշակույթի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում մշակույթի առջև ծառացած ամենաբարդ խնդիրները, թերևս, հուշարձանների պահպանության ոլորտում են. հուշարձանները շատ են, միջոցները՝ սուղ: Արցախի շուրջ 10 հազար հուշարձաններին պետբյուջեից տրամադրվող 120 միլիոն դրամն, իհարկե, խնդիրները չի լուծում: Ինչպես այս, այնպես էլ մշակույթի այլ ոլորտներում խնդրիները փորձում են լուծել՝ դիմելով նաև բարերարների օժանդակությանը: Նման օժանդակության կարիք ունի նաև Ստեփանակերտի թատրոնը:

Հայաստանյան գործընկերներից Արցախում ակնկալում են ակտիվ համագործակցություն, մասնավորապես, հուշարձանների վերականգնման, մասնագետների վերապատրաստման, գրահրատարակչության, մշակութային կրթության ոլորտներում:

Թատրոնի շենքի վերանորոգման համար ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն առաջարկել է համատեղ նախաձեռնություն իրականացնել. դրամահավաք կամ մշակութային միջոցառում, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախի թատրոնին: Ինչ վերաբերում է մասնագետների վերապատրաստմանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարն առաջարկել է օգտվել Հայաստանում բացված հայ-իտալական տարածաշրջանային վերականգնողական կենտրոնի ընձեռած հնարավորություններից: Գրահրատարակչության ոլորտում ևս Հայաստանում պատրաստակամ են օգնելու արցախյան գործընկերներին:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում