«Ռուսաստանի թանգարանների գանձերը» ցուցահանդեսում ներկայացված է Այվազովսկու կտավը

«Ռուսաստանի թանգարանների գանձերը» ցուցահանդեսում ներկայացված է Այվազովսկու կտավը

Մոսկվայի Մանեժի հրապարակի կենտրոնական ցուցասրահում մինչև նոյեմբերի 25-ը գործելու է «Ռուսաստանի թանգարանների գանձերը» խորագրով ցուցահանդես, ներկայացված է Ռուսաստանի 50 թանգարանից 250 ամենանշանակալի ցուցանմուշները։ rg.ru հաղորդմամբ, ցուցահանդեսում կարելի է տեսնել տարբեր ժամանակաշրջանների, ժանրերի աշխատանքներ։

Ցուցահանդեսում Թեոդոսիայի Հ. Այվազովսկու անվան պատկերասրահից ներկայացված է աշխարհահռչակ ծովանկարչի կտավը՝ «Ծով. Կոկտեբել » (1852 թ.)։

Նկարը դիտողին Ռուսաստանի ցուրտ հյուսիսից տեղափոխվում է տաք հարավային երկրամաս: Արևամուտով օծված ծով, աստիճանաբար մայր մտնող լուսատուի ճառագայթներն ալիքները զարդարում են երեկոյան լուսաբացի ոսկով: Թափանցիկ, թեթև երկինք, հարավային ափերի խոնավ ու տաք օդ: Ամբողջ տեսարանին յուրահատուկ է մայրամուտի ժամի մտախոհությունը: Կոկտեբելի վրա իջնող երեկոյի մթնոլորտ: Սա ամենաարտահայտիչ և կատարյալ կտավներից է, որ ստեղծված է ռոմանտիկայի լավագույն ավանդույթներով:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն»։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում