Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը

Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը

Նախօրեին մեկնարկել է «Կին» միջազգային 15-րդ կինոփառատոնը, կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը՝ Երևանում: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որոնցից 52 ֆիլմ՝ 20 երկրից ընդգրկվել են փառատոնի մրցութային ծրագրում: Արդյունքում կազմվել է փոքրաթիվ, բայց բազմազան և հետաքրքիր ծրագիր, որտեղ յուրաքանչյուր հանդիսատես կկարողանա դիտել որակյալ ֆիլմեր և դրանց մեջ առանձնացնել իր նախընտրածը:

Փառատոնի ծրագրերն են՝ «Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր», «Հյուրերի ծրագիր«, «Չայխանա» միջազգային մուլտիմեդիա հարթակի ծրագիր, ամերիկահայ դերասանուհի Ֆլորա Զաբելին նվիրված ռետրոսպեկտիվ և բջջային հավելվածը (նախատեսված անդրոիդ համակարգով բջջային հեռախոսների համար), որն առաջինն է Հայաստանի փառատոնային ոլորտում:

Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև «Տեսողական լեզուն կինոյում», «Սինեմատիկ լռության ստեղծումը» թեմայով դասախոսություններ, «Կանայք ժամանակակից ֆիլմարտադրությունում» թեմայով կլոր սեղան քննարկում

Փառատոնի ժյուրիի անդամներն են` Լորի Գորդոն (Մոնրեալի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն և Musi Vision Films-ի հիմնադիր, Կանադա), Նվարդ Հովհաննիսյան («Չայխանա» միջազգային մուլտիմեդիա հարթակի մեդիա մենեջեր,Հայաստան), Քոննի Բեյսլեր (օպերատոր, Գերմանիա), Սիրանույշ Գալստյան (կինոգետ, արվեստագիտության թեկնածու, արձակագիր, Հայաստան), Անուշ Բաբայան («Կինովերսուս» օնլայն ամսագրի համահիմնադիր և գլխավոր խմբագիր, Հայաստան)։

Կինոփառատոնի ցուցադրությունների մուտքն ազատ է։ Փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ։

Փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում