Իտալիան հրաժարվում է Լուվրին տրամադրել Լեոնարդո դա Վինչիի կտավներից

Իտալիան հրաժարվում է Լուվրին տրամադրել Լեոնարդո դա Վինչիի կտավներից

Իտալիայի կառավարությունը հնարավոր է հրաժարվի դեռևս նախորդ կառավարության կողմից Ֆրանսիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից Լեոնարդո դա Վինչիի (1452-1519) կտավներից Լուվրին տրամադրելու վերաբերյալ Փարիզում 2019-ին բացվող նկարչի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ներկայացնելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Իտալիայի մշակութային ժառանգության, մշակութային գործունեության և տուրիզմի փոխնախարար Լ. Բորգոնզոնին։

«Երբ ես հայտնաբերեցի համաձայնագիրը, մտածեցի. «Սա նախորդ կառավարության ամենաամոթալի գործողություններից է մշակութային ժառանգության վերաբերյալ։ Ինչպե՞ս կարող էին իտալացիները համաձայնվել տրամադրել դա Վինչիի աշխատանքները և դրա փոխարեն ոչ պակաս կարևոր աշխատանքներ չվերցնել հոբելյանական տարում ցուցադրելու համար։ Լեոնարդոն, ի վերջո, իտալացի է։ Ինչո՞ւ նրանք չեն տրամադրում «Մոնա Լիզան»»,- ասել է փոխնախարարը։

Ֆրանսիան բազմիցս հրաժարվել է տրամադրել այդ հայտնի նկարը Իտալիային։ Չորս տարի առաջ Փարիզը պատճառաբանել էր, որ այն ժամանակավոր ցուցադրման համար հանձնելը տեխնիկական առումով մեծ դժվարությունների հետ է կապված։

«Մոնա Լիզա» կտավը դա Վինչին նկարել է 1503-1506 թվականին։ Նկարիչն այն ստեղծել է Ֆլորենցիայում, բայց 1516 թվականին նա իր հետ տարել է Ֆրանսիա։ Նկարչի մահից հետո 1519 թվականին նկարը Լեոնարդոյի ժառանգներից ձեռք է բերել Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկոս Առաջինը։ 18-րդ դարում Ֆրանսիական հեղափոխությունից հետո «Մոնա Լիզան» տեղափովել է Լուվր։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում