«Մարդիկ հաճախ անթեղում են իրենց ներսի հոգևոր կրակը, կամ հանձնվում կենցաղային հոգսերին՝ մոռանալով աստվածային ճշմարիտ ուղին»

«Մարդիկ հաճախ անթեղում են իրենց ներսի հոգևոր կրակը, կամ հանձնվում կենցաղային հոգսերին՝ մոռանալով աստվածային ճշմարիտ ուղին»

Այսօր կարելի է շատ աղերսներ բացահայտել քրիստոնեության և ամենատարբեր արվեստների միջև: «Շողակն Արարատյան» ամսաթերթի թղթակիցը զրուցել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի հետ՝ փորձելով հասկանալ ճարտարապետության և քրիստոնեության նմանությունները, հայկական ճարտարապետության նրբությունները:

– Կարող է վերամբարձ հնչել, բայց ճարտարապետությունը՝ որպես ստեղծագործություն, ամենամոտն է Աստծո ստեղծագործությանը, և ինչ-որ իմաստով ճարտարապետն Աստծո «գործընկերն» է: Ճարտարապետությունը մեթոդ է, մտածողություն, որը կարող է դառնալ զանազան մասնագիտությունների դռներ բացելու բանալի: Աշխարհի ճարտարապետական ընկալումը, համակարգային, տարածական մտածողությունը բոլոր ասպարեզներում գործունեություն ծավալելու մեծ հնարավորություններ է բացում:

Այս իմաստով ճարտարապետը որպես արվեստագետ ոչ թե նոր բան է ստեղծում, այլ ընդամենը շնորհ ունի տեսնելու այն, ինչ Աստծուց է ու արդեն իսկ գոյություն ունի: Հետևաբար, պետք է առավելագույնս ձգտել Աստծո ստեղծագործության վերարտադրմանը: Իհարկե, այս ամենը վերաբերում է արվեստի բոլոր ճյուղերին:

– Ներկայումս եկեղեցական ճարտարապետությունը ընդգծված փոփոխություններ է կրել: Որքանո՞վ են դրանք արդարացված:

– Դա շատ կարևոր հարց է, քանի որ իրականում պետք է պահպանվեին միջնադարից մեզ հասած ավանդույթները: Խոսքը ոչ թե ձևերը կրկնելու, այլ միջնադարյան մտածողության մեջ գոյություն ունեցող համակարգային մոտեցման պահպանման և վերաձևակերպման մասին է: Ինչպես մեր մայրենի լեզուն է այսօր էականորեն տարբերվում հինգ հարյուր տարի առաջ գոյություն ունեցող և օգտագործվող լեզվից, այնպես էլ ճարտարապետական լեզուն պիտի փոփոխության ենթարկվեր՝ միևնույն ժամանակ պահպանելով միջնադարյան ժառանգության առանձնահատուկ գծերը: Այսինքն՝ ճարտարապետական ձևերին միահյուսված հոգևոր միջավայրին որևէ մեկը չէր կարող մոտենալ՝ չունենալով խորը հավատք: Իսկ այսօր հաշվի են առնվում միայն մասնագիտական որակները:

– Ի՞նչ եք զգում ու մտածում ամեն անգամ որևէ գործ ստեղծելիս:

– Դա շատ գեղեցիկ ապրում է, վայելում է, և սովորաբար հենց այդ «վայելում» չափանիշի մեջ է մեր գործի էությունը: Ես իմ աշակերտներին հաճախ ասում եմ, որ արարող մարդն իր վարձը ստանում է անմիջապես ստեղծագործելիս, որովհետև այդ հաճույքը, երջանկությունը և ինչ-որ տեղ նաև երանությունը ներկա են բուն ստեղծագործական ընթացքի մեջ: Օրինակ՝ ես կարող եմ մեծ սիրով տարբեր նյութերից խաչեր պատրաստել, որովհետև խաչի խորհուրդն այնքան խորն է և այնքան հետաքրքիր, որ մի կյանք կարելի է անընդհատ ստեղծել ու չհագենալ:

– Քրիստոնեությունը այսօր որքանո՞վ տեղ ունի մեր կյանքում:

– Մի բան միայն կարող եմ հաստատ ասել՝ պետք է լինի ձգտում, ցանկություն՝ գնալու Տիրոջ ցույց տված ճանապարհով: Ես կուզեի, որ իրականում այդ ձգտումն ավելի շատ լիներ, որովհետև, ցավոք, աշխարհը գնում է հակառակ ճանապարհով: Աստվածային սերը պետք է վերապրվի իր ամբողջ խորության մեջ:

– Ի՞նչ մտահոգություններ ունեք մարդկության ապագայի հետ կապված:

– Եթե հիշենք Ադամին ու Եվային, նրանց արտաքսումը դրախտից, ինչը նշանակում է արտաքսում կատարյալից, ուրեմն մարդու ճանապարհը պիտի լինի վերադարձի ճանապարհ, վերադարձի որոնում: Այդ շարունակական ճանապարհը չի կարող լինել հարթ, առանց խոչընդոտի: Մարդիկ հաճախ անթեղում են իրենց ներսի հոգևոր կրակը, կամ հանձնվում կենցաղային հոգսերին՝ մոռանալով աստվածային ճշմարիտ ուղին: Ես համոզվել եմ, որ մեզ պետք է աստվածային վերապրում, երկնքի երկրայնացում, այսինքն՝ հնարավորություն երկրի վրա հայտնվելու երկնքում, ինչը կարող է իրագործվել միայն ճշմարիտ հավատքի օգնությամբ:

– Ձեր մաղթանքը մեր ընթերցողին:

– Նրանք որոնման ճանապարհ են ընտրել, որ ավելի հստակեցնեն իրենց կյանքը՝ հասկանալով, թե ինչ են փնտրում այս աշխարհում: Իսկ այդ ճանապարհը հանգեցնելու է «բարի հանգրվանի», «ճիշտ նավահանգստի», ինչպես ասում էր սուրբ Մեսրոպ Մաշտոցը: Ուրեմն թող այդ բարի նպատակը, այդ նավահանգիստը հասանելի լինի այն մարդկանց, որոնք որոնում են Աստծուն և չեն բավարվում այս նյութական աշխարհով:

Պատրաստեց Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«Շողակն Արարատյան» ամսաթերթ

Հետևեք մեզ նաև Telegram-ում