Աննա Պարունակյան. «Աշխատասիրությունս տվել է իր պտուղները»

Աննա Պարունակյան. «Աշխատասիրությունս տվել է իր պտուղները»

«Շիրակի էսքիզներ» հանրապետական հեռուստափառատոնում Գյումրու «Գոհարներ» պարային համույթը զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը։ Այդ թեմայով զրուցեցինք «Գոհարների» ղեկավար Աննա Պարունակյանի հետ։

– 2012 թվականից գործունեություն եք ծավալում պարի ոլորտում, այս ընթացքում քանի՞ մրցույթի եք մասնակցել, դրանցից քանիսի՞ն եք հաղթել: 

– Մինչև օրս մասնակցել ենք մի շարք մրցույթների։ Միշտ չէ, որ եղել ենք հաղթողի դերում, եղել են դեպքեր, երբ գրավել ենք երրորդ, երկրորդ մրցանակային տեղերը, նաև չեմ հերքում, որ եղել են պարտություններ, և հենց այդ պարտությունների շնորհիվ է, որ սկսել ենք հաղթանակներով առաջ գնալ, գրավել ենք «Շիրակի էսքիզներ» հանրապետական հեռուստափառատոնի առաջին պատվավոր հորիզոնականը։ Երևանում «Գագիկ Սաֆարյան» պրոդյուսերական կազմակերպության մրցույթ-փառատոներին գոհարցիները եղել են հաղթող և այդ փառատոների մշտական մրցանակակիրներ։ Որպես 6 տարվա պարային գործունեություն ունեցող խումբ, մասնակցել ենք ընդհանուր 10-15 փառատոների և հեռուստափառատոների։

– Ինչպե՞ս որոշեցիք խումբ ձևավորել, և ի՞նչ դժվարությունների բախվեցիք մասնագիտական առաջին քայլերը կատարելիս։

– Շատ պատահական ստացվեց խմբի ձևավորվելը։ Նախակրթարանում էի աշխատում, երբ եղան մի շարք առաջարկություններ` խումբ ձևավորելու վերաբերյալ և այսպես քիչ-քիչ կազմավորվեց «Գոհարները»։ Ինչպես արվեստի բոլոր ոլորտներում, այնպես էլ պարարվեստում կան շատ դժվարություններ, բայց ի տարբերություն մյուս խմբերի և համույթների, գոհարցիների ընտանիքը միշտ էլ պայքարել է բազմաթիվ դժվարությունների դեմ և առաջ սլացել շնորհիվ գնահատող երեխաների։

– Ի՞նչն եք համարում ամենամեծ ձեռքբերումը մասնագիտական ոլորտում։

– Շատ ձեռքբերումներ ունեի արդեն 29 տարեկանում։ Առաջինը՝ ընտանիքս, առանց որի չէի կարողանա հասնել այն ամենին, ինչին հասել եմ, երկրորդը՝ փոքրիկներս, որոնք ուժ են տալիս ամենաբարդ իրավիճակներում, երրորդը՝ ընկերներս, որոնք միշտ եղել են ամենաբարի խորհրդատուներս, մայրիկս, և ահա «Գոհարները»՝ ամենաբարդ, ամենաանկեղծ, ամենագեղեցիկ, ամենաուժեղ ձեռքբերումս։

– Տեղյակ ենք, որ Գյումրու «Գոհարներ» պարային համույթը երբևէ չի ունեցել հովանավոր, ներկայացրեք այն խնդիրները, որոնց բախվում եք, և ինչ միջոցներով եք դրանք լուծում։

– Առհասարակ շատ քիչ խմբեր կան, որ ունեն հովանավոր, բայց ես դեռ հույսս չեմ կորցրել, որ կլինեն աշխատանքս գնահատողներ, և կկանգնեն մեր կողքին որպես հովանավոր։ Խնդիրների, իհարկե, շատ ենք բախվում տարբեր ոլորտներում, հատկապես հագուստի ձևավորման մեջ, համերգների կազմակերպման ժամանակ։ Մինչև օրս այդ բոլոր խնդիրները ինքներս ենք հաղթահարել, ծնողների միջոցներով։

– Կներկայացնե՞ք համույթի անվանման բացատրությունը, ինչո՞ւ հենց «Գոհարներ…

– Անվանումն էլ շատ պատահական ծնվեց, երբ հագուստ էի նկարում, էսքիզներ էի անում, չգիտեմ ինչու՝ միշտ կարմիր գույնի կտորներ էի ընտրում, խմբումս էլ կային գեղեցկուհիներ, որոնց համար էլ խումբս անվանեցի «Գոհար»։

– Դուք տարբեր երկրների պարեր եք բեմադրում, ինչպե՞ս է ստացվում ամեն մի պարի ծնունդը։

– Ինչպես հայկական, այնպես էլ այլ ազգերի մշակույթներում կան գեղեցիկ ձեռագրեր, որոնց մեջ ուզեցի նաև իմ ձեռագիրն ավելացնել, բարդ է դնել այնպիսի գործ, որը քոնը չէ, բայց շատ ուսումնասիրելով, վերապատրաստվելով կարողացա պարացանկիս մեջ ավելացնել նաև օտար ազգերի պարեր։

– Իսկ ին՞չ հեռանկարներ կան միջազգային մրցույթների մասնակցության համար։

– Միջազգային մրցույթներին մասնակցելը այնքան էլ հեշտ չէ, այդտեղ արդեն շատ մեծ է պատասխանատվությունը, քանի որ ներկայացնելու ենք արվեստների մայրաքաղաք Գյումրին, այլև Հայաստանը: Այնուամենայնիվ, սկսել ենք քիչ- քիչ պատրաստվելը նման պատասխանատվություն ստանձնելուն: Հուսով եմ, որ աշխատասիրությունս տվել է և ապագայում կտա իր պտուղները։

Զրուցեց Թամարա ԱՎԱԳՅԱՆԸ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում