Վարդան Հակոբյան․ Արցախ

Վարդան Հակոբյան․ Արցախ

(Ձոներգ)

Սավառնող արծվի անբիծ փետուրով
Արևի վրա գրում եմ` Արցախ:
Մասիս բարձրանում` Նոյի հետքերով,
Տապանի կողին ծաղկում եմ` Արցախ:
Տնետուն անցնում-ուխտավոր լուսո-
Տնվորաց սրտում կարդում եմ`Արցախ:
Սիրտս` մոմ, վառում քո ամեն քարին,
Լույսով վրձնում եմ մի թեժ բառ` Արցախ,
Քո անվան ոսկե տառերը` հունդ-հունդ,
Հայոց հերկերում սփռում եմ` Արցախ…

Ուրիշ աշխարհ է Արցախն աշխարհում,
Քարերն էլ այստեղ խունկ են բուրվառում:

Ես քեզ երգելու համար, իմ Արցախ,
Երբեք չեմ դիմում խոսք ու բառերի,
Պարզապես բոբիկ, իմ ցուպը առած,
Այցելում եմ քո հին-հին բերդերին,
Խոնարհվում եմ վեհ լեռներիդ առաջ,
Ձուլվում եմ հզոր, անհաղթ երթերիդ,
Համբույրներ թողնում առյուծներ ծնող
Սուրբ մամիկների մեռոն-փեշերին:
Անկոտրում ես դու, վշտի մեջ` մենակ,
Ինքդ քեզ` սատար, ինքդ քեզ` հենակ:

Թե փուլ գա անգամ աշխարհը հանկարծ,
Դու միշտ կանգուն ես մնալու, Արցախ:

Իմ բարձրիկ Արցախ,Արցախ իմ հպարտ,
Հին Հայոց Արևելից վեհարան,
Դու` մեր սուրբ-սրբոց, մեր շունչ ու հավատ,
Մեր օջախ ու տուն, մեր սիրո մերան,
Լույսի օրորոց, սրտի անմար բոց,
Հայոց քաջերի ծաղկուն դու օրրան,
Հյուսված կարոտից, ցավից ու սիրուց`
Նահատակ որդոց հիշատակարան,
Զենք-ասպար կապած, զորքով անհամար,
Միշտ արդար, միշտ վեհ, զարկն` անվարան:

Ուրիշ աշխարհ է Արցախն աշխարհում,
Աստծո շունչ կա ամեն նշխարում:

Սրբազան երկիր…Կապույտ գետերը
հոսում են ասես երկնի փեշերով:
Ամեն մի տաճար, խաչքար, հանդերը
օծված են Տիրոջ սրտի նախշերով:
Արցախը ոգի, հրաշք է ու զարդ`
իր քաջ այրերով, նազուն հարսներով:
Տեսե՞լ եք` ոնց է մեր զոհյալների
շիրիմներից հուր ելնում գիշերով:
«Մինիշակ» տակռավ ա ամեն մարդ՚,
նռան բուրմունք, թթենի, վարդ…

Հող չէ Արցախը, բերդ է ու ամրոց,
Չեմ փոխի անգամ մի ծեղն աշխարհով…

Իմ փոքրիկ Արցախ, իմ նարոտ ու բախտ,
Լուսեղեն ու սեգ, Աստծո դրախտ:
Մուշկ ու մոշով են հանդերդ բուրում,
Երգող ջրերիդ լեզվակը լինեմ,
Քո սահմանները անառիկ պահող
Զինվորաց սրտի շունչ-զարկը լինեմ,
Անարգ ոսոխին իր որջում խեղդող
Հաղթանակներիդ տաք զանգը լինեմ,
Հավերժությունը քեզ գիրկն է առել,
Գալիք դարերիդ խոսնակը լինեմ:

Մի Արցախ է, Աստված, ու մի աշխարհ,
Աջդ` վրան, զորավիգ լեր դու միշտ նրան:

Կարդում են հեղինակը և Մելանյա Միլոնյանը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում