Դրսում հաջողակ կարիերայով երաժիշտը Հայաստանում աշխատանքի է ընդունվել

Դրսում հաջողակ կարիերայով երաժիշտը Հայաստանում աշխատանքի է ընդունվել

 Հայաստանում մոդայիկ դարձած «սիրո եւ հանդուրժողականության» մթնոլորտը անհրաժեշտ է հատկապես ինտրիգների պակաս չունեցող մշակույթի ոլորտին: «Առավոտը» արձանագրել է նման դրսեւորման մեկ-երկու դեպք՝ ներկայացնելով արտասահմանում հիանալի կարիերա անող երիտասարդ երաժիշտների, որոնք վերադառնալով հայրենիք, զգացել են ջերմ վերաբերմունք եւ այդ մասին կիսվել մեզ հետ:

Շվեյցարաբնակ երիտասարդ կոմպոզիտոր Արթուր Աքշելյանի արվեստի մասին լսել էինք Շվեյցարիայում ստեղծագործող մեր համերկրացի ճանաչված կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանից: Նա հավաստիացնում էր, որ Արթուրի ստեղծագործությունները պահանջված են ոչ միայն եվրոպական երկրներում, այլեւ օվկիանոսից այն կողմ եւ հայ ստեղծագործողի երկերը առանձնակի ուշադրության են արժանացել Հոլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում կայացած կոմպոզիտորական արվեստի մրցույթներում ու փառատոներում:

Վերջերս Աքշելյան կոմպոզիտորի մասին սկսեցին սիրով խոսել նաեւ հայաստանյան երաժշտական շրջանակներում: Մենք էլ մտաբերեցինք, որ տարիներ առաջ նրա դաշնամուրային ստեղծագործությունների մեկնաբանմամբ Երեւանում հանդես են եկել ճանաչված երաժիշտներ Հայկ Մելիքյանը, Արթուր Ապրեսովը:

Հանդիպեցինք այս օրերին Երեւանում գտնվում Արթուր Աքշելյանի հետ, որը հայրենիքում է շուրջ տասը տարվա բացակայությունից հետո: Նա շտապեց ուրախությամբ հայտնել, որ եկել է՝ չվերադառնալու պայմանով եւ կարծես հայրենիքից բացակայելը արդարացնելու համար ասաց. «Սովորել եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր Վարդան Աճեմյանի դասարանում: Բուհն ավարտելուց հետո մեկնեցի Շվեյցարիա՝ միջազգային մրցույթի մասնակցելու նպատակով, որտեղ էլ ծանոթացա ապագա պրոֆեսորիս՝ ճանաչված կոմպոզիտոր Միքայել Ժարելի հետ: Որոշում ընդունեցի շարունակել ուսումս Ժնեւի երաժշտության բարձրագույն դպրոցում՝ կատարելագործվելով ժամանակակից երաժշտության կամ ժամանակակից կոմպոզիտորական արվեստում: Հենց ուսման տարիներին սկսվեց մասնակցությունս իսկապես բազմաթիվ փառատոների եվրոպական համարյա բոլոր երկրներում, նաեւ Կանադայում, ինչը շարունակվում է մինչ օրս: Գործունեությանս հիմնական աշխարհագրական տարածքը Եվրոպան է՝ գոնե մինչ այս պահը: Հաճախ ստանում եմ պատվերներ»: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ Եվրոպայում բնակվող ու տեղի երաժշտասերի համար ստեղծագործողը հնարավո՞ր է տրվի «շուկային»՝ «թաքցնելով» իր ազգայինը, թեեւ ժամանակակից երաժշտությունն էլ է ենթադրում հեղինակի ազգային երաժշտության էլեմենտների ներկայություն: «Այդ հարցի պատասխանը թողնենք ունկնդրին, բայց մեծ հաշվով ինձ համար դա գերխնդիր չէ: Կարծում եմ՝ հայկական էլեմենտներ, այնուամենայնիվ, կան ոչ միայն իմ սիմֆոնիկ ու կամերային գործերում, այլ նաեւ էլեկտրոնային երաժշտության մեջ»,- ասաց կոմպոզիտորը: Հետաքրքրությանը, թե ե՞րբ կլսենք իր ստեղծագործությունները, Արթուր Աքշելյանը պատասխանեց. «Ծրագրել եմ հանդիսատեսիս ներկայանալ 2019-ի գարնանը»:

Արեւմտյան աշխատաոճը որդեգրած երաժշտին հուշեցինք, որ մեզ մոտ պետք չէ ակնկալել պատվերների առատություն… Ընդհատելով մեր խոսքը, նա ասաց, որ ժամանակակից երաժշտարվեստ դասավանդելու հրավեր է ստացել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից եւ Ամերիկյան համալսարանից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում