Ի՞նչ խնդիր ունի հայ երիտասարդը Հայաստանում և Սփյուռքում

Ի՞նչ խնդիր ունի հայ երիտասարդը Հայաստանում և Սփյուռքում

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորումը (ՀԵՀԵՄ) գործում է 2001 թվականից։ Հետագայում Հայաստանում, ինչպես նաև Սփյուռքի թեմերում, որտեղ հայկական եկեղեցիներ են գործում ձևավորվեցին եկեղեցասեր երիտասարդաց միություններ, որոնց նպատակն էր համախմբել երիտասարդներին ազգային-հոգևոր արժեքների շուրջ, մեկտեղել նրանց ուժերն ու կարողությունները եկեղեցանվեր գործունեություն իրականացնելու համար: Տարիների ընթացքում ի՞նչ հաջողություններ են արձանագրել միությունները, ինչպե՞ս են Հայաստանի և Սփյուռքի երիտասարդները ներգրավվում եկեղեցական կյանքում, ինչ խնդիրներ ունեն հայ երիտասարդները Հայաստանում և Սփյուռքում։ Հարցերին պատասխանում է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանը։

– Երիտասարդաց միություններ ստեղծելու գաղափարը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսինն է։ Նպատակը մեկն էր՝ համախմբել երիտասարդներին եկեղեցու շուրջ, սատարել երիտասարդների մասնակցությունը եկեղեցական կյանքում, նպաստել ազգային և եկեղեցական, կամավորական, բարեգործական ծրագրերի համատեղ իրականացմանը։

Տարիների ընթացքում նկատեցինք, որ շնորհիվ միությունների գործունեության մեծացավ դպիրների, սարկավագների, երգչախմբում երգողների, եկեղեցու շուրջ հավաքված կամավորների թիվը։ Լուծվեց եկեղեցում աշխարհականների ներգրավվածության հարցը։ Հայ Եկեղեցու կյանքում սա մեծ ձեռքբերում էր։ Երիտասարդները կարևոր ներուժ են համայնքում։ Երբ հոգևորականը նախատեսում է այցելել հիվանդներին, աղքատներին, բանտարկյալներին, ապա երիտասարդների օգնությամբ գործը հեշտ և արագ է կատարվում։ Երիտասադները մեզ համար դարձան մեր ձեռքերն ու ոտքերը։

– 2018 թվականը Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հռչակվեց երիտասարդության տարի՝ «Դեպի Հայրենքի, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսով։ Տարին հագեցած էր բազում երիտասարդական հավաքներով, ուխտագնացություններով, որոնց մասնակցեցին աշխարհի տարբեր երկրներից ժամանած հազարավոր երիտասարդներ։ Ի՞նչ չափանիշներով են համայնքներում ընտրվում հավաքներին մասնակցող երիտասարդները:

– Ընտրում ենք համայնքային կյանքում ակտիվ երիտասարդների, որպեսզի իրենց փորձառությամբ օրինակ լինեն ոչ միայն ուրիշների համար, այլև վերադառնալիս կյանքի կոչեն այն նոր գաղափարներն ու ծրագրերը, որոնք հավաքների ժամանակ մատուցվում ու քննարկվում են։ Քաջալերելու համար ընտրում ենք նաև ոչ այնքան ակտիվ երիտասարդների, որպեսզի շփումները ոգևորեն, աշխուժություն փոխանցեն, ամրապնդեն կապը եկեղեցու հետ։ Սա նաև իրենց համար հոգու նորոգություն է, նոր ճանապարհի սկիզբ, որը լուսավոր է ու օրհնաբեր։

– Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ մի առիթով Վեհափառ Հայրապետն ասաց, որ հայ լինելն առաքելություն է: Ի՞նչ է ենթադրում այդ առաքելությունը:

– Հայերս պետք է հասկանանք, որ Աստծո կողմից մեզ տրված է առաքելություն։ Պատահական չէ, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և այդ պատիվը պետք է պահենք, ինչը ենթադրում է թե Սփյուռքում, թե Հայրենիքում սրբությամբ պահպանել և զորացնել հոգևոր ու ազգային արժեքները։

– 2017թ.-ի օգոստոսին Սուչավայում անցկացվող երիտասարդաց հավաքի թեման «Եկեղեցի և ընտանիք»-ն էր՝ նկատի ունենալով Եկեղեցին իբրև մեծ ընտանիք, իսկ ընտանիքը, որպես փոքր եկեղեցի: Մոսկովյան այս հավաքն էլ նվիրված էր ընտանիքին: Ինչո՞վ է կարևորվում այս թեման։

– Մոսկովյան հավաքի թեման բնագրել ենք՝ ընտանիքը սրբություն է։ Վերջին տարիներին Հայաստանում և Սփյուռքում հայ ընտանիքը բավական տկարացել է, համենայնդեպս նույնը չէ, ինչին ծանոթ ենք մեր փառավոր պատմությունից։ Ես հոգևորական եմ դարձել մորս շնորհիվ, իմ առաջին հոգևոր ուսուցիչը նա է եղել։ Եթե հայերենասեր եմ, ապա հորս շնրոհիվ, որովհետև հայրս է ինձ հայրենասիրություն սովորեցրել։ Երեխայի դաստիարակության գործում ծնողը, ընտանիքը կարևոր գործոն են։ Հայ ընտանիքը իրավունք չունի տկարանալու, հատկապես հայ մայրը։ Նա սրբություն է, ընտանիքի ողնաշարը։ Եթե մայրը տկարանա, նշանակում է, որ չենք ունենա ընտանիք, եկեղեցի և ոչ էլ պետություն։ Ցեղասպանության ժամանակ հայ մայրերը Դեր Զորի անապատում ավազի վրա հայերեն էին սովորեցնում իրենց զավակներին, ձեռագիր մատյանները կռնակի տակ դրած՝ փրկում ոչնչացումից։ Հայրենասեր մայրերի շնորհիվ հայոց ողնաշարը անգամ ցեղասպանությունից հետո չկոտրվեց։ Նրանց մեջ Սուրբ Մարիամ Աստվածածնի կերպարը կա։ Նրանք ընդունակ են զոհվելու հանուն իրենց զավակների, մոր երջանկությունը իր ընտանիքի երջանկության մեջ է։ Դժբախտաբար վերջին 20-25 տարիների ընթացքում նկատում ենք, որ հայ մայրերը հատկապես Սփյուռքում տկարանում են, եվրոպական արժեհամակարգը կլանել է նրանց։ Այս ամենի դեմը պետք է առնել մեր ամենօրյա աշխատանքով, հոգևոր խոսքով, գիտելիք փոխանցելով։ Դրա համար և 2017թ․-ին, և 2018թ․-ին երիտասարդական հավաքների թեման նվիրեցինք ընտանիքին, խոսեցինք ընտանիքի սրբության, ազգային ավանդույթների պահպանման մասին։

– Մոսկովյան այս հավաքն ի՞նչ տվեց երիտասարդներին։

– Բանախոսություններից մեկը նվիրված էր սուրբ պսակի պատրաստությանը։ Երիտասարդներն իմացան, որ խորհուրդը և օրհնությունը հենց այնպես չեն ստանում և որպեսզի այդ խորհուրդը հասկանան և իրենց կյանքում գործի, մինչ ամուսնանալը պետք է գան եկեղեցի, խոսեն հոգևորականի հետ, լսեն խորհուրդի բացատրությունը, հասկանան, որ երբ ասում ենք՝ մեկ մարմին այր և կին, դա իրոք մեկ մարմին պետք է լինի ու դրանք զուտ խոսքեր չեն, այլ՝ իրականություն։ Երբ քահանան ասում է՝ տեր ես, փեսան պատասխանում է՝ այո, տեր եմ, ապա տեր պետք է լինել մինչև կյանքի վերջ։ Երկրորդ դասասխոսությունը նվիրված էր սփյուռքում ընտանիքի առաջ ծառացած մարտահրավերներին։ Ապրելով դրսում, այլ բարքերի մեջ, մենք կորցնում ենք մեր ինքնությունը, ընտանիքը, հայեցիությունը, մշակույթը, լեզուն, եկեղեցին, հետևաբար պետք է ապրենք որպես մեր Սուրբ Եկեղեցու և հայրենիքի հարազատ զավակներ։

– Հավաքի հանդիսավոր բացմանը Ձեր ողջույնի և օրհնության խոսքում նշեցիք, որ երիտասարդները հայ գաղթօջախների շարժիչ ուժն են, բաբախող սիրտը։ Սփյուռքում կարողանո՞ւմ եք յուրաքանչյուր երիտասարդի, նրա ընտանիքի հետ շփվել, որպեսզի ամրացնեք կապը եկեղեցու հետ։

– Ցավ ի սրտե, պիտի ասեմ, որ ժողովրդի հետ կապը թույլ է և դա ունի իր հիմնավոր պատճառը։ Ցեղասպանությունը կոտրեց հայ ժողովրդի ողնաշարը։ Քանդվեցին մեր վանքերը, որտեղ հոգևորականներն աղոթում էին մեզ համար, կորցրեցինք հոգևորականների հոծ բանակ, որոնց նահատակությամբ կորցրեցինք նաև մեր եկեղեցական ավանդույթները, հետո եկան աստվածմերժման տարիներ, երկրաշարժ, Արցախյան պատերազմ և չկարողացանք վերականգնել կորցրածը։ Ժողովրդի հետ կապը թույլ է նաև այն պատճառով, որ եթե այլ Եկեղեցիներ ամեն 100 ընտանիքի համար գոնե մեկ հոգևորական ունեն, մենք դա էլ չունենք։Եթե ինձ տրվի 100 ընտանիք, ես ամեն օր կհետաքրքրվեմ նրանցով, կայցելեմ շատերին։Բայց մենք քիչ ենք, ամբողջ աշխարհում ապրում է 12 միլիոն հայ, իսկ հոգևորականներիս թիվը 700 է։ Երբեմն մեզ քննադատում են, ավելին պահանջում, քան կարող է անել մեկ հոգևորականը իր մեծ համայնքում։ Դյուրին է քննադատելը, բայց տեղին կլիներ, որ երիտասադը գար ու ասեր ՝ սրբազան հայր, ձեր կողքին եմ, ուզում եմ ձեզ օգտակար լինել։ Սա է կարևորը, միասնական լինելը։ Հայերը սիրում են միշտ խրատ տալ, բայց դրա մեջ պետք է լինի բարիք գործելու, օգտակար լինելու ձգտում, այլ ոչ թե նվաստացնելու, ցավացնելու ցանկություն։

– Ինչպե՞ս կամփոփեք մոսկովյան հավաքը։

– Մեր բոլոր ուխտագանցություններն ու հավաքները յուրահատուկ են իրենց ձևի և անցկացման մեջ, սակայն մոսկովյանը հաջողվածներից մեկն է, որի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Թեմակալ առաջնորդ Եզրաս Սրբազանին հյուրընկալության, մեր նկատմամբ տածած հոգածու ուշադրության, հայրական սիրո և գորովանքի համար։ Ժողովուրդն ասում է՝ հրաշք չեն տեսնում։ Միթե այս եկեղեցական համալիրը, թեմի հոգևոր կյանքի զորացումը, 40-ից ավելի եկեղեցիների կառուցումը, թանգարանի ու վարժարանի հիմնումը հրաշքներ չե՞ն․․․ Եզրաս Սրբազանը առաքելության անձ է։ Այս ամենն արել է ոչ թե աձնական փառքի, այլ հայ ժողովրդի հարատև ընթացքի ու հավերժության համար։ Ուզում եմ հիշել Պողոս առաքյալի խոսքերը՝ սիրեք ձեր առաջնորդին և հետևեք իրեն։ Աղոթում եմ, որ Տերը զորացնի Եզրաս սրբազանին, առողջ ու կայտառ պահի։

Պատրաստեց Ալվարդ Նազարյանը

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում