Սիրո և ներդաշնակության փիլիսոփայություն. Օբսիդիանի ճանապարհը դեպի աշխարհընկալման ակունքները

Սիրո և ներդաշնակության փիլիսոփայություն. Օբսիդիանի ճանապարհը դեպի աշխարհընկալման ակունքները

«Սիրո և ներդաշնակության փիլիսոփայություն» բանաստեղծությունների ժողովածուն Ռոբերտ Հարությունյանի գեղարվեստական չորրորդ գիրքն է: Հեղինակը թեպետ մասնագիտությամբ գիտնական-տնտեսագետ է և ունի բազում հոդվածներ և գրքեր տնտեսագիտության բնագավառում, սակայն մեծ սերը դեպի գրականությունը մի նոր երանգով բացահայտեց նրա հարուստ ներաշխարհը:

Սույն ժողովածուի մեջ ընդգրկվել են Ռոբերտ Հարությունյանի՝ Օբսիդիանի՝ ավելի քան քառասուն տարիների ընթացքում գրած բանաստեղծությունները, որոնք ամփոփվել են բանաստեղծական երեք շարքերում՝ խոհափիլիսոփայական, հայրենասիրական և քնարական։ Ամենածավալուն բաժինը խոհափիլիսոփայականն է, ուր զետեղված են բանաստեղծի՝ ավելի հասուն տարիների գործերը։ Այս շարքում Ռոբերտ Հարությունյանը առանձնակի շեշտադրում է իր մտահոգությունը ներկա և ապագա խնդիրների շուրջ՝ արծարծելով թե՛ առօրյա մարդկային հարաբերություններին, թե՛ համամարդկային խնդիրներին առնչվող հարցեր: Հեղինակը ուզում է հասկանալ՝ ինչ է մարդկային կյանքը, որն է դրա իմաստը։ Ո՞վ է մարդ արարածը, ո՞րն է նրա հիմնական դերակատարումը այս կյանքում, Երկիր մոլորակում։ Որո՞նք են պատճառները այն բացասական երևույթների, որոնք պառակտում են մարդկանց, դարձնում նրանց անհանդուրժող, ագրեսիվ, մարդատյաց։ Նա բացահայտում է մարդկային հոգեբանության նրբին առանձնահատկությունները, որոնք ձևավորում են մարդ-անհատին։

Լիարժեք մարդկային կյանքը հնարավոր է միայն մարդու և բնության ներդաշնակության մեջ։ Դրա հիմքը սերն է։ Մարդկային կյանքը խարսխված է սիրո վրա. սա է այն հիմնական գաղափարը, որը միավորել է քնարական բաժնում ներառված բանաստեղծությունները։

Սերը հիմքն է մարդկության զարգացման ու բարգավաճման։ Բոլոր հիմնական խնդիրները մարդկային հարաբերությունների մեջ, լինեն դրանք հարազատի, հարևանի կամ դրացի երկրի հետ, առաջանում են սիրո պակասությունից։ Ուստի մարդիկ ամեն կերպ պետք է ավելացնեն սերն աշխարհում՝ քաղաքակրթության, բարձր մշակույթի հիման վրա, հակառակ դեպքում՝ մարդկությունը կառերեսվի մեծ դժբախտությունների։

Սիրո կարևոր բաղադրիչներից է սերը հայրենիքի հանդեպ։ Այս թեմային հեղինակը անդրադառնում է հայրենասիրական բաժնի բանաստեղծություններում՝ շեշտելով հայրենասիրության դաստիարակության կարևորությունը՝ լիարժեք մարդ-քաղաքացու ձևավորման խնդրում։ Այս շարքի ստեղծագործությունները բնորոշում են Ռոբերտ Հարությունյանին՝ որպես ընդգծված, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող հեղինակի, ում համար Հայաստանը լոկ հայրենիք չէ, այլ համամարդկային քաղաքակրթության կարևորագույն օրրան, նրա անբաժանելի մասը։

Ռոբերտ Հարությունյանի բանաստեղծությունները ստեղծվել են կարոտից, երազներից և բազմաբնույթ զգացմունքներից, մարդկային կյանքի, նրա ներկա և ապագա խնդիրների մասին խոհերից։ Բանաստեղծություններից շատերը դարձել են հեղինակի կողմից հորինված երգեր։ Այսինքն՝ այս բանաստեղծությունները գրելիս նա արդեն զգացել է դրանց երաժշտական ելևէջները, մեղեդային երանգները։

Ժողովածուն գեղարվեստորեն ձևավորված է Ռոբերտ Հարությունյանի կերտած նկարներով։ Նրա հոգու հուզումներն ու ներաշխարհի տվայտանքները ներկայացված են արվեստի երեք հիմնական ձևերի միջոցով՝ գեղանկարչություն, երգ, բանաստեղծություն։ Այս հանգամանքը կօգնի ընթերցոդին ավելի խորը և լիարժեք ըմբռնել հեղինակի զգացմունքներն ու մտահղացումները, հաղորդակից լինել նրա բանաստեղծական ոգու և մտքի ընկալմանը։

ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆ
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում