Շենքը լավ դիրք ունի, կարելի է գեղեցիկ մշակութային միջավայր ձևավորվել»

Շենքը լավ դիրք ունի, կարելի է գեղեցիկ մշակութային միջավայր ձևավորվել»

Մնջախաղի պետական թատրոնն առայժմ գործում է նույն հասցեում` ժամանակավոր ու վարձակալության հիմունքներով: Մեկ տասնյակից ավելի բեմադրությունները ներկայացվում են պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում: Թատրոնը երկար ու հարուստ պատմություն ունի ու նույնքան երկար էլ կռիվ է տալիս սեփական տանիք ունենալու համար:

Արդեն գիտենք, որ Ազգային գրապալատի շենքի տրամադրումը, որտեղ, թվում էր, րոպե-րոպե իր դռներն էր բացելու Երևանի միակ մնջախաղի թատրոնը, բացառվեց:

Վարձակալության հիմունքներով նոր առաջարկներն էլ բացառեց թատրոնի տնօրինությունն ու ստեղծագործական խումբը: Արդյունքը երկար սպասել չտվեց:

Գտնվեց նոր տարածք, պատանի հանդիսատեսի թատրոնից ոչ հեռու: Մշակույթի նախարարությունը առաջարկեց Մոսկովյան 5 հասցեի երեքհարկանի շենքի երկրորդ և երրորդ հարկերը, ինչը սիրահոժար ընդունվեց:

Մեր «Ի՞նչ ժամանակ ու միջոցներ են պահանջվում նոր հասցեն թատերական տարածք դարձնելու համար: Գոնե մեկ տարի անց թատրոնը կբացի՞ իր դռները» հարցերին ի պատասխան` մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆՆ ասաց, որ այդ պրոցեսն արդեն մի անգամ անցել են անցյալ տարի, և բավական ժամանակ է պահանջվել` թղթաբանություն, նախագծի համար հայտարարված մրցույթ, որի ընթացքին հետևել է քաղաքաշինության պետական կոմիտեն: Թե այս անգամ ինչ ընթացք կունենա, չգիտի. «Նախընտրական շրջան է, հետո կառավարության ձևավորման շրջան կլինի, հետո Նոր տարի է, այդքան արագ չի լինի, բայց ամենակարևորն այն է, որ առաջարկը մեզ լիովին բավարարում է, հրաշալի տարբերակ է, միաձայն ընդունել ենք ու շատ ոգևորված ենք կրկին, հույս ունենք, որ հետևողականորեն կտարվի պրոցեսը: Չգիտեմ՝ որքան ժամանակ հետո մենք կբացենք մեր դռները, բայց չեմ կարծում, թե դա կլինի առաջիկա մեկ տարում,- ասաց Ժիրայր Դադասյանը: Խոսելով առավելությունների մասին նշեց, որ այստեղ ավելի հեշտությամբ շենքը կհարմարեցվի թատրոնին, քան նախորդի դեպքում:- Շատ լավ դիրք ունի, ներս ընկած է, անմիջապես փողոցի վրա չէ, և կարելի է գեղեցիկ միջավայր ձևավորել: Դա էլ է կախված նախագծից, դրա համար ես առաջարկեցի, որ ներգրավվի քաղաքի գլխավոր ճարտարապետը: Գեղեցիկ պուրակ կա, որ կարող է ներառվել ընդհանուր մշակութային միջավայրի մեջ, դառնալ ամբողջական անսամբլ, հետաքրքիր վայր` և զբոսաշրջիկների, և մեր հանդիսատեսի համար»: Մի առավելություն էլ կա. վարձակալության տարածքին մոտ է, իրերը տանելիս մեքենա չեն վարձի, ձեռքով կտանեն: Սա էլ` կեսկատակ, կեսլուրջ:

Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքը ՊՆ-ի հաշվեկշռում է, նախարարությունը պետք է դիմի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին, օրենքով սահմանված կարգով շենքի համապատասխան տարածքը օգտագործման նպատակով՝ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մնջախաղի պետական թատրոնին տրամադրելու համար: Այնուհետև պետք է հաստատի կառավարությունը, նախագծի մրցույթ հայտարարվի, բյուջեն հստակեցվի, միջոցներ հայթայթվեն ու սկսվի շինարարությունը։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում