Ինչ է սերը. սերը ինքդ քեզ հաղթահարելն է

Ինչ է սերը. սերը ինքդ քեզ հաղթահարելն է

Սերն ու ազատությունը միշտ միասին են

«Ես սիրում եմ իմ երեխային»,- ասում է մի մայր: Եվ օրը հինգ հարյուր անգամ զանգահարում է նրան: «Ես դա սիրուց եմ անում, որպեսզի իմանամ, թե նրա գործերն ինչպես են, որտեղ է»: Բայց դա այդպես չէ: Իրականում նա ուղղակի չի համակերպվում, երբ իր երեխան հեռանում է իրենից: Նա տանել չի կարող, երբ երեխան անհետանում է իր տեսադաշտից և բացվում՝ սեփական կյանքի համար: «Իսկ ո՞ւմ հետ ես: Ինչո՞ւ ես ուշանում: Իսկ այդ ի՞նչ աղմուկ է: Ո՞վ է այդտեղ խոսում: Իսկ ո՞վ է այն աղջիկը»: Դա իսկական կասկածամտություն է և հիվանդագին վերաբերմունք: Եվ իհարկե, ոչ մի սեր էլ չէ: Որովհետև սերը զոհաբերություն է: Դա «ուզում եմ, որ թևերդ ուղղես թռիչքից առաջ, ես քեզ ամենայն բարիք եմ ցանկանում» է:

«Պետք է, որ նա մեծանա, իսկ ես՝ նվազեմ» (Հովհ. 3:30),- ասաց սուրբ Հովհաննես Մկրտիչը, երբ տեսավ Տիրոջը: Ես սիրում եմ Տիրոջը: Եվ քանի որ ես Նրան սիրում եմ, Նրանից հեռու գտնվելը ինձ չի շփոթեցնի: Որովհետև ուր էլ, որ ուղղվեմ՝ Նրանից այնպիսի լույս է ճառագում, որ այլևս ո՛չ հեռավորություն կա, ո՛չ՝ ստվեր: Եվ քանի դեռ սիրում եմ Նրան՝ միշտ լույսի մեջ կլինեմ: Այդ պատճառով էլ պատրաստ եմ ուր ասես գնալ և այնտեղ լինել, որտեղ Նա ինձ կդնի: Ես ուրախանում եմ Նրանով, Ում սիրում եմ: Ես սիրում եմ Նրան, և թող թվա, թե հանգչում եմ ու անհետանում: Ես Նրան հեռվից էլ եմ սիրում, սրտով եմ դա զգում: Ես տեղ եմ թողնում ուրիշի համար, որպեսզի նա կարողանա շնչել, շարժվել ու իրեն ազատ զգալ: Ես չեմ վիրավորվում, եթե նա ուրիշների հետ է զրուցում: Դա ինձ չի ճնշում, չի շփոթեցնում, ես չեմ խանդում և չեմ տանջվում:

Իսկ գիտե՞ս, թե դա ինչպես է գործում մարդու վրա: Նա կսկսի քեզ ավելի շատ սիրել և չի օտարանա քեզանից: Ինչո՞ւ: Որովհետև դու նրան թույլ ես տալիս դա անել: Իսկ երբ մարդուն հեռանալու հնարավորություն ես տալիս, նա դա չի անում: Երբ նրան ուժով ես քարշ տալիս դեպի քեզ, պնդում ես, ապա լրիվ հակառակն ես ստանում: Հասկանո՞ւմ ես: Այդպես է պատահում տարբեր մարդկանց հետ մեր հարաբերություններում: Դու դա սեփական հարաբերություններիդ օրինակով էլ ես տեսնում: Դու ասում ես. «Ես խանդում եմ ամուսնուս, չեմ կարող, տառապում եմ…»: Բայց եթե սիրում ես նրան, ապա հայացքդ դեպի քեզ դարձրու: Եվ նախ քո սեփական գեղեցկությունը ձեռք բեր, որը քեզ անվտանգության և խաղաղության զգացումով կլցնի: Իսկ հետո սովորիր իսկապես սիրել ամուսնուդ, աղոթել նրա համար և զգալ այն, ինչ նա է զգում: Այսինքն մշտապես հարցնել ինքդ քեզ. «Իսկ այն, ինչ այժմ անում եմ, հաճելի՞ է նրան: Այն, որ հիմա նրա գլուխը տանում եմ, հոգնեցնում, ճնշում, դա նրան հաճելի՞ է: Հաճելի՞ է ամուսնուս (կնոջս) այն, որ պարտադրող եմ դառնում»:

Երբ Ավետարան ես կարդում, ձևականորեն մի՛ կարդա: Այլ մշտապես հարցրու քեզ՝ իսկ այստեղ ասվածի մեջ ես որտե՞ղ եմ: Ի՞նչն է իմ կյանքին վերաբերում: Քրիստոս ասում է. «Ինչ որ ուզում եք, որ մարդիկ անեն ձեզ, դուք էլ նո՛ւյնը արեք նրանց» (Ղուկ. 6:31): Քրիստոսի այդ ճշմարտությունը քո կյանք մտցրու և մտածիր՝ իսկ քեզ դա դուր կգա՞ր: Օրինակ՝ քեզ դուր կգա՞ր, որ ամեն անգամ, երբ ընկերոջդ հետ դուրս ես գալիս զբոսնելու և շփվելու, մի փոքր սեփական կյանքով ապրելու, կամ մենակ ես գնում քայլելու, քեզ դուր կգա՞ր, եթե զգայիր, որ քեզ մշտապես հետևում են և ինչ որ բանում կասկածում: Ինչո՞ւ ես այնտեղ գնում: Ինչո՞ւ ես ինձնից հեռանում: Դու ինչ-որ բան չես ասում… Ինչո՞ւ ես թաքուն խոսում հեռախոսով: Ինչո՞ւ այն կողմ շրջվեցիր: Ինչո՞ւ խոսակցությունը կիսատ թողեցիր: Կասկածներ, կասկածներ, կասկածներ… Բայց այս կերպ ոչնչի չես հասնում: Սերն ու ազատությունը միշտ միասին են ընթանում:

Ասա. «Ես քեզ սիրում եմ և քեզ ազատություն եմ ընձեռում անելու այն, ինչ ուզում ես»: Եվ մարդը քեզ կպատասխանի. «Ա՛յ սա իսկական սեր է: Դու ինձ այնպես ես վերաբերվում, որ ես ուզում եմ քեզ հետ լինել, որովհետև դու ինձ հարգում ես»:

Համենայն դեպս Աստված հենց այդպես է վարվում: Մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթում հարգում է մեզ: Նա մեզ տեղաշարժվելու ազատություն է ընձեռում: Եվ մեզնից վրեժ չի լուծում: Նա քեզ թույլ է տալիս մեղք գործել, հեռանալ Նրանից և ի՞նչ է ասում քեզ: Ամեն օր արևը ծագում է և լուսավորում ողջ աշխարհը: Արևը սեր է, այնպես չէ՞: Ամեն օր, երբ ծագում է արևը, կարծես Տերը քեզ կրկին ասում է. «Այսօր ևս ես սիրով լի եմ քո հանդեպ: Ես քեզ նոր օր եմ պարգևում: Ոչ թե ուղղակի այն պատճառով, որ նախաճաշդ ուտես և ուրախությամբ սկսես օրդ և այլն, այլ որպեսզի ընդունես այդ ու մտորես՝ այն, որ ես այսօր էլ եմ ողջ, նշանակում է, որ Տերը սիրում է ինձ»: Ի՛նձ: Ի՛նձ, ով երեկ խեղդվում էր սեփական եսասիրության, չարության, խանդի, վրեժխնդրության, հետաքրքրասիրության, քննադատության մեջ: Ես շատ բան եմ ստեղծել, որ բավարարել է իմ նարցիսիզմը, եսասիրությունը, արատները: Եվ չնայած դրան, Քրիստոս կրկին շողացրեց Իր արևը, և ես տեսա լույսն ու նոր օրը:

Քրիստոս ի՞նչ է ասում այս ամենով: «Այսօր ևս Ես կրկին սիրում եմ քեզ: Եվ թող երեկ դու այն էիր, ինչ էիր: Բայց այսօր Ես քեզ կրկին ընտրելու հնարավորություն եմ տալիս»: Քրիստոս ասում է. «Եվ երբ անձրև է գալիս, այն չի տարբերակում և թափվում է բարիների և չարերի վրա»: Նա բոլորին ոռոգում է: Ոռոգում է բոլոր տները, բոլոր մարգագետինները: Անձրևն ամենքի և ամեն ինչի վրա է թափվում: Տեսնո՞ւմ ես: «Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկ. 6:36): Այսինքն բոլորի հանդեպ գթասրտություն, կարեկցանք, սեր, բարություն և ըմբռնողություն ունեցիր: Ի՜նչ հրաշալի հատկություններ են սրանք:

Սերը երբեք չի վիրավորում

Մի անգամ ինձ ասացիր. «Ես վիրավոր եմ սիրով: Սիրեցի և վերք ստացա»: Չգիտեմ, հիշո՞ւմ ես, թե քեզ ինչ պատասխանեցի: Ոչ թե ինձանից, այլ իմ այն կյանքի փորձից և նրանից, ինչ կարդացել ու տեսել էի՝ սերն ինքն իրենով երբեք չի վիրավորում: Սերը կյանք է: Սերը մեր սրտի լույսն է ու շնչառությունը: Արյան հզոր շրջանառություն է: Երբ սիրում ես, զգում ես, թե արյունն ինչպես է ուղեղիդ, սրտիդ, բջիջներիդ մեջ հորդում: Դու կյանքով ես լցվում, երբ սիրում ես: Սերը քեզ չի վիրավորում: Եվ չնայած դրան, ես քեզ հավատում եմ, երբ ասում ես, որ «վիրավոր ես»: Բայց ոչ սիրով: Այլ այն չիրականացած հույսով, որ քեզ էլ կսիրեն, երբ դու սիրես, որ դու էլ կվարձատրվես փոխադարձ սիրով: Այդ պատճառով էլ վիրավորվեցիր՝ սպասելով նրան, ինչ չստացար: Հենց դրանով էլ խոցվեցիր:

Իսկ երբ հասկանաս, որ սերը, իրական սերը չի խնդրում, փոխհատուցում չի սպասում, այնժամ այդպես չես վշտանա: Խաղաղությունդ կպահպանես և՛ այն դեպքում, եթե փոխհատուցում ստանաս, և՛ եթե չստանաս: Եթե պարզվի, որ սերդ փոխադարձ է, ապա քեզ համար լավ և ուրախալի կլինի (և դա, բնականաբար, լավագույն տարբերակն է): Բայց եթե այն անպատասխան մնա, դու նույնպես չես տառապի: Ես նկատի չունեմ, որ պետք է անվրդով, անտարբեր ու քարի պես պինդ լինել: Ես չեմ ուզում, որ քեզ համար միևնույն լինի սիրում են քեզ, թե ոչ: Դու մարդ ես, իսկ մարդու համար բնական է ուրախանալ, երբ իրեն սիրում են: Օրինակ՝ դու համեղ կերակուր ես պատրաստել և ուզում ես, որ քեզ ասեն. «Ի՜նչ համեղ է»: Դու ուրախանում ես ոչ միայն նրանով, որ քեզ գովեցին պատրաստված կերակրի համար, բայց զգում ես, որ դրա պատրվակի տակ նաև քեզ սիրում են: Կերակրի միջոցով սեր ես խնդրում, ուզում ես տալ, որ ստանաս: Եվ երախտագիտություն չստանալով՝ տառապում ես: Դա հաճախ և շատ առիթներով է պատահում: «Տե՛ս, նա նույնիսկ չնայեց ինձ վրա: Նույնիսկ չխոսեց ինձ հետ: Ցավոք նա չպատասխանեց, նշանակում է ինձ չի սիրում»:

Ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ ես այդպես սուր զգում ցավը, երբ քեզ ոչ ոք չի սիրում: Կարծում եմ այն պատճառով, որ դեռ մեզ Աստծո կողմից սիրված չենք զգացել: Եթե մշտապես զգայինք Քրիստոսի քնքշանքը, հպումը մեր սրտին, ամեն բան այլ կերպ կլիներ: Այժմ, որպես մտահայեցողական ուրվագիծ, մտքումդ, սրտումդ պատկերացրու, որ Քրիստոսն Իր ձեռքերում է պահում սիրտդ: Կամ, որ Քրիստոս Իր ձեռքերով դիպչում է քեզ, քո սրտին, անդադար շոյում է այն: Քնքշորեն շոյում է ու ասում. «Ես այստեղ եմ: Ես այստեղ եմ: Ես քեզ սիրում եմ, սիրում: Ընդունում եմ քեզ: Ասում եմ, որ արժեքավոր ես Ինձ համար, որովհետև Ես եմ քեզ տալիս այդ արժեքը, չէ որ Ես եմ քեզ արարել: Ես հոգ եմ տանում քո մասին: Շատ եմ սիրում քեզ և ողջ սրտով ցանկանում եմ նեցուկ լինել քեզ կյանքում, շարունակել քեզ տալ այն պարգևները, որ տալիս եմ: Ես մշտապես քո կողքին եմ, մշտապե՛ս»:

Կարո՞ղ ես դա զգալ: Երբ զգաս, որ այդ ամենը Քրիստոսից է բխում և սնում հոգիդ, որ դու Նրա սիրելին ես, Աստծո սիրելի արարածը, այնժամ շատ ավելի կհագենաս սիրով, հոգիդ կլցվի, իսկ սրտիդ անոթը պռունկներից կթափվի: Եվ քեզ արդեն չի հուզի, թե ուրիշները քեզ սեր և համակրանք նվիրո՞ւմ են, որպեսզի դրանով հոգիդ լցնես: Հոգիդ արդեն լեցուն կլինի: Իսկ երբ մարդիկ սեր ցուցաբերեն քո հանդեպ, կասես. «Ես շատ շնորհակալ եմ ձեզ», ուրախ կլինես եղբայրական սիրուն և այլոց հետ շփմանը: Դու բավականություն կստանաս ուրիշի հետ շփումից, ջերմ հայացքից ու համբույրից, նրա գրկախառնությունից: Կուրախանաս այդ ամենով, որովհետև մարդ արարած ես: Բայց չխռովվելու հրաշալի հնարավորություն և առավելություն կունենաս, երբ քեզ սեր չտան: Որովհետև սիրտդ ու միտքդ բևեռված կլինեն այն բացառիկ արժեքի վրա, որը քեզ Քրիստոս է տալիս: Եվ դու քո մեջ Քրիստոսի ձայնը կլսես, որ քեզ ասում է. «Ես քեզ սիրում եմ: Ես քեզ սիրում եմ»: Քո Արարիչը, Աստված, Ով միանգամայն անշահախնդիր է, Քրիստոս, Ում սերն ու անկեղծությունը մեր հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ անկասկած են, Ով կարող է փրկել և կենդանություն պարգևել մեզ:

Դու ուզում ես, որ մարդիկ սիրեն քեզ, որովհետև դու մարդ ես: Արդարացիորեն դա ես ցանկանում: Բայց շատ ակնկալիքներ մի ունեցիր նրանց սիրուց, որովհետև կգա մի պահ, երբ այն կավարտվի: Կգա մի պահ, երբ մյուսը կհոգնի: Ամուսինդ արթնանում է առավոտյան, գնում՝ աշխատանքի, և դու երկար ժամեր կորցնում ես նրան: Մի երիտասարդ նորապսակ զույգ ինձ ասաց. «Ա՜հ, մեզ որքա՜ն չի բավականացնում սերը: Մենք բաժանվում ենք, հանդիպում ուշ երեկոյան, ողջ օրը հեռու ենք միմյանցից»: Տեսնո՞ւմ ես: Սիրել և ուրիշի սերն զգալ անշուշտ կարելի է, սակայն մշտապես ընդհանրություն զգալ, որը քեզ արժեք է տալիս, անհնար է առանց Աստծո: Իսկ Տեր Աստված Ինքը զօր ու գիշեր կողքիդ է և կենդանություն է պարգևում քեզ: Իսկ երբ գիշերն արթնանում ես և քնքշության, ջերմության կարիք ունես, ուզում ես խոսել, կողքիդ ամուսնուդ կամ կնոջդ ես տեսնում, բայց չես կարող հարազատ մարդու հետ զգացմունքդ կիսել, որովհետև նա քնած է: Բայց ահա, րոպեներ անց որոշում ես արթնացնել նրան, ում սիրում ես: Դու հարցնում ես. «Ասա՛, դու ինձ սիրո՞ւմ ես»: Եվ ի պատասխան լսում ես. «Խենթացա՞ր, ժամացույցին նայե՞լ ես: Տե՛ս, թե ժամը քանիսն է, իսկ դու հարցնում ես սիրո՞ւմ եմ քեզ արդյոք: Դե լավ, սիրում եմ, սիրում, միայն թե արի քնենք արդեն: Առավոտյան յոթին պիտի արթնանամ»: Տեսնո՞ւմ ես: Նա քեզ սիրում է, բայց եթե գիշերը ժամը երկուսին կամ երեքին արթնացնես նրան, ապա չի կարող ասել դա: Իսկ Տերն Իր սիրո մասին միշտ ասում է քեզ: Աստծո սերն այն սերն է, որը քեզ արժեք է տալիս, այն մշտապես ներկա է քո կյանքում:

Երբ դուռը շրխկում է, երբ ամուսինդ քեզ ասում է «Առայժմ» և հեռանում, կամ դու ես նրան հրաժեշտ տալիս և հետևիցդ փակում դուռը, դուրս գալիս տանից ու աշխատանքի գնում, և երեխաներին ուղարկում ես դպրոց, այդ սերն ու այդ գուրգուրանքը ողջ ընթացքում քեզ հետ են մնում:

Դու քեզ թագավոր կզգայիր, եթե զգայիր դա: Հարուստ տիրակալ, և կարևոր մարդ, բացառիկ անձնավորություն: Ոչ եսասիրաբար, այլ այն զգացումով, որ «ես Երկնային Արքայի զավակն եմ: Ես Աստծո զավակ եմ և Քրիստոսի սիրո ստեղծածը: Ես արժեք ունեմ: Եվ եթե բոլորը թքեն իմ վրա, սկսեն ատել ինձ, ինձ չարիք ցանկանալ, Իմ Տեր Աստված միևնույն է սիրում է ինձ: Ինձ սիրում է Նա, Ում սերն անկասկած է և ճշմարիտ, այն պահում է ինձ այս կյանքում և կյանք է տալիս»: Եթե դու դա հասկանաս, ապա այդպես հեշտորեն չես վիրավորվի, իզուր չես անհանգստանա: Միտքդ կդարձնես դեպի սիրելի Տերը, սիրելի Քրիստոսը: Դու Քրիստոսի սերը կզգաս սրտումդ և ոչ մի մարդկային սեր քեզ չի խռովվի՝ կտան այն քեզ, թե ոչ: Գիտե՞ս, դա ի՜նչ հրաշալի է: Եվ այնժամ հրաշք տեղի կունենա՝ դու կսկսես մարդկային սերն էլ քո կողմը գրավել: Որովհետև ազատ մարդ կդառնաս: Այլևս նյարդային ու ձանձրալի, լարված ու ճնշված չես լինի: Դու բոլորին հաճելի կլինես:

Առանց ռիսկի սեր չկա

Մի մայր գիտեմ, որ իր երեխաներին շատ է սիրում: Նա որքա՜ն է զգում նրանց ներկայության կարիքն իր կողքին: Բայց նրանցից մեկը մոտոցիկլետ ունի, և ամբողջ ժամանակ բացակայում է տանից, ուշ է վերադառնում: Մյուսը ճանապարհորդում է: Երրորդը ուխտագնացությունների է գնում: Մյուս դուստրը մի բան է ուզում, մյուս որդին մեկ այլ բան անում… Այդ մայրն այնքան է սիրում իր զավակներին և այնքան է ուզում անվերջանալի ժամեր անցկացնել նրանց կողքին: Նա այնքան շատ բան կարող է նրանց տալ, պատմել: Սակայն գերադասում է սիրել և հարգել նրանց: Նա խորապես գնահատում է նրանց ընտրությունը: Նրա ամենապարփակ սերն ինձ շատ բան է սովորեցրել:

Դու ամեն ինչ ճիշտ ես հասկացել, ես հենց քո մասին եմ խոսում: Այո՛, հիմա քեզ հետ եմ խոսում: Մի՛ կասկածիր և կրկին մի՛ հարցրու: Երբեմն լսում ես ինձ ու մտածում՝ մի՞թե իմ մասին է ասում: Եվ ինքդ քեզ պատասխանում ես. «Դե ո՜չ, նա ինձ նկատի չունի, որովհետև ես այդքան բարի ու խոնարհ չեմ…»: Այո՛, ես հենց քե՛զ նկատի ունեմ: Քո այդ շնորհն ինձ շատ հուզեց և շատ բան սովորեցրեց: Հիշում եմ, թե ինչպես զավակիդ թույլ տվեցիր մոտոցիկլետ գնել, չնայած որ հոգում դա ամենևին չէիր ցանկանում: Դու անընդհատ անհանգստանում ես, որ նրա հետ մի բան չպատահի, բայց հասկանում ես, որ սերը հաղթահարում է: Առանց ռիսկի սեր չկա: Այնպես չի լինում, որ կյանքում ամեն ինչ հաշվարկված և հայտնի լինի:

Սերը ցատկ է դեպի անհայտություն: Դա այն է, երբ ասում ես. «Դե ինչ արած: Ես նրան ասում եմ, ասում, իսկ նա չի ուզում ինձ լսել: Ի՞նչ կարող եմ անել զավակիս համար: Միակ բանը, որ կարող եմ, շարունակելն է նրան սիրել: Չեմ կարող ճնշում գործադրել երեխայիս վրա և հետապնդել նրան: Ուղղակի կշարունակեմ սիրել նրան»: Եվ դա կարծես սիրո անտեսանելի ծածկույթն է, նրբանկատ հոգատարության ծածկոցը: Այն անտեսանելի է, բայց էական, և ծածկում է երեխայի հոգին: Եվ երեխան դա զգում է: Նա զգում է սերը: Սերը, որ դու ես նրան նվիրում: Դա լավագույն ներդրումն է, լավագույն մարտավարությունը:

Ես ինքս տանել չեմ կարող ճնշումը: Ես չեմ կարող մարդկանց ճնշել և տանել չեմ կարող, երբ ինձ վրա են ճնշում գործադրում: Ես չեմ կարող կողքից նայել, թե ինչպես են պրեսսինգի ենթարկում: Դա ինձ շատ է վշտացնում: «Հա՛յր, մենք բոլորս միասին եկեղեցում էինք»: Այս բառերը ծնողներն են հպարտությամբ արտասանում, բայց եթե ուշադիր նայես այդ ընտանիքի անդամների դեմքերին, ապա կտեսնես, որ նրանց կեսը գոհ է, իսկ մյուս կեսը՝ ընկճված ու դժգոհ: Որովհետև նրանք բռնության արդյունքում են եկեղեցի գնացել: Եվ դա արդեն սեր չէ: «Բայց, Հա՛յր, ինչո՞ւ եք այդպես ասում: Եկեղեցի հաճախելը սուրբ գործ է, իսկ դուք ասում եք, որ ես երեխաներին եկեղեցի չբերեմ»: Այո՛, ասում եմ, բայց Տերն Ինքն էլ մարդուն անվերջ սիրելով՝ հարգում է նրա ընտրությունը:

Երբ գալիս է կիրակի օրվա առավոտը և մեծ բազմահարկ շենքից ոչ ոք եկեղեցի չի գնում, Տերը քաղաքի այդ թաղամասին լույսից չի զրկում: Նա մարդկանց կրկին լույս է պարգևում: Նա կրկին անձրև է ցողում նրանց վրա: Նրա պարգևները չեն դադարում: Աստված վրեժ չի լուծում, Նա սիրում է: Որովհետև այդ մարդիկ ևս Աստծո հետ են գտնվում: Ուշադրություն դարձրեք, թե այժմ ձեզ ինչ կասեմ՝ մարդիկ Աստծո հետ խնդիրներ չունեն: Նրանք մեծ խնդիրներ ունեն իմ ու քո հետ, մեր փոխադարձ պահանջների, ճնշման և ձանձրալիության հետ:

«Բայց ես նրա օգտի համար ասացի: Բայց ես նրա իսկ բարօրության համար եմ ասում, որ պահք պահի, և ծածուկ օրհնված ջուր եմ տալիս նրան, և թաքուն մաս դրեցի նրա մոտ, իսկ նա մի կողմ շպրտեց այն և ասաց. «Մի կողմ տար, ես տանել չեմ կարող նման բաներ»: Ես ի՞նչ վատ բան արեցի: Այդ ամենը սիրելով է»: Դու դա սիրելո՞վ արեցիր: Այդ դեպքում ինչո՞ւ նման աղմուկ բարձրացավ տանը, եթե դա սիրելով արեցիր: Իսկ դու չե՞ս մտածել այն մասին, որ միգուցե, քո սերը միայն անվանվում է սեր, բայց դրա հատկությունները չունի: Բավարար չէ ձեռքում «սեր» գրությամբ ցուցանակ պահել: Սերը պետք է սրտից բխի: Իսկ թվում է, որ սրտիցդ միայն անտարբերություն է բխում: Սերն անտարբերություն չէ: Սերը հարգանք է և ազատություն:

Ես արդեն ասացի այն մոր մասին, ով իր զավակին թույլ էր տվել մոտոցիկլետ գնել: Այդ մայրն անտարբեր չէ, ո՛չ: Նա իր որդուն շատ է սիրում և փաթաթում է նրան իր աղոթքի մեջ: Նա իր աղոթքով է պարուրում նրան: Նա նրան իր աղոթքով և սիրով է հագցնում: Եվ այն պահին, երբ նրան ասում է. «Գնա», նրանից ալիքներ են ելնում՝ սիրո, ջերմության, բարության, աղոթքի ալիքներ: Թույլ տվեք ասել, որ նա դա Աստծո պես է անում: Որովհետև նրա վարմունքն աստվածային է: Հենց այդպիսին են Աստծո սովորույթները: Դու հեռանում ես Նրանից, բայց Աստծո արևը սկսում է սրտումդ լուսավորել:

Աստված ասում է. «Գնա՛: Ես քեզ ջերմություն կտամ, որպեսզի գորովդ շարժվի և դադարես դիմադրել, ինչպես Բորեասի* և Արևի մասին ասքի հովիվը»: Հիշո՞ւմ ես, թե Արևն ու Բորեասն ինչպես գրազ եկան, թե նրանցից ով է ավելի ուժեղ և կարող է հովվի բաճկոնը հանել: Ահա՛ Բորեասը սկսեց փչել, և որքան ավելի ուժեղ էր փչում, այնքան ավելի էր կծծկվում հովիվն ու փաթաթվում իր բաճկոնի մեջ: Նա դիմադրում էր: Քանի որ որքան ավելի սառնություն ես ստեղծում ուրիշի հոգում, այնքան նա ավելի է պաշտպանվում, դիմադրում, քեզ հակառակ գործում: Իսկ երբ սեր ես սփռում, ամեն ինչ փոխվում է: Իսկ հետո ի՞նչ է պատմվում ասքի մեջ: Որ Բորեասից հետո Արևը շողաց: Հովիվը նվաղեց, ջերմացավ և հանեց իր բաճկոնը:

Սիրիր քեզ և եղբորդ էլ կսիրես

Սերն այդպիսին է: Դժվար բան է: Այսպիսով, այժմ լսիր, թե ինչ պետք է անել և մենք կավարտենք: Ի՞նչ անել: Սիրել ինձ: Դա առաջին հերթին: Գիտե՞ս ինչու: Որովհետև զգում եմ, որ այսօր անհաջող վարեցի եթերը: Բայց եթե իմանամ, որ դու ինձ սիրում ես, կհանգստանամ: Գիտե՞ս, ես էլ անվստահություն ունեմ: Այն մեզանից յուրաքանչյուրն ունի: Մենք մշտապես ամեն առիթով հարցնում ենք ինքներս մեզ. «Իսկ մեզ սիրո՞ւմ են: Իսկ ամեն ինչ կարգի՞ն է մեզ մոտ: Իսկ մեզ կգովե՞ն, թե՞ ոչ»: Մենք բոլորս ընդմիշտ երեխա ենք մնում հոգում:

Նույնիսկ հոգևորականը, եթե մի տաշեղ է կտրում և որևէ մեկին ցույց տալիս, ուզում է մի բարի խոսք լսել. «Ի՜նչ լավ է ստացվել, Հա՛յր: Ուղղակի հրաշալի է, ինձ այնքա՜ն դուր եկավ»: Դա կոչվում է խրախուսանք: Դա եսասիրություն չէ: Քնքշանքը եսասիրություն չէ, քնքշանքը, որ ուրիշի հոգուն ես բերում: Երբեմն մենք փոխարինում ենք հասկացությունները, խստասիրտ ենք դառնում: Եվ այդ խստասրտությունը ասկետիզմ ենք անվանում: Մենք մեզ անմատչելի ենք պահում և այդ անմատչելիությունն անվանում ենք զգոնություն: Մենք «ամբողջովին զգոնություն և աղոթք ենք», իսկ իրականում անմատչելի և խստասիրտ ենք: Մարդը մեզ մոտ է գալիս, ուզում է դիպչել մեզ, բայց դա նման է կակտուսի փշերին դիպչելուն: Եվ նա հեռանում է: Իմացի՛ր, մեր տեսքն ու պահվածքը կակտուսի փշերի նման են: Իսկ մենք կարծում ենք, թե դա մեզ մեր օրերի մեծ ասկետներ և ծերեր է դարձնում: Ո՛չ, դա սեր չէ: Եվ ոչ էլ՝ ասկետիզմ:

Աստկետը քաղցր մարդ է: Նա խստակյաց է իր նկատմամբ, բայց միևնույն ժամանակ սիրում է իրեն: «Սիրի՛ր մերձավորիդ, քո անձի պես» (Մտթ. 22:39),- ասում է Քրիստոս: Մերձավորիդ սիրիր, ինչպես ինքդ քեզ: Այստեղ բայ չկա, բայց այն ենթադրվում է: Այս խոսքերն ինչի՞ մասին են: Եղբորդ սիրիր ճիշտ այնպես, ինչպես ինքդ քեզ ես սիրում: Ուշադրություն դարձրե՞լ ես դրա վրա: Աստված ուզում է, որ սիրես քեզ: Մեկ այլ տեղում, իհարկե, Նա ասում է, որ պետք է ատել հոգիդ: Ի՞նչ նկատի ունի այնտեղ: Որ պետք է սրտիդ կրքերն ատես, քո մեջ ապրող չարությունը: Այսինքն տեսնես եսասիրությունդ և ատես այն: Բայց դա չի նշանակում, որ պետք է ինքդ քեզ ատես, որովհետև քո եսասիրությունը նույնը չէ, ինչ դու ես: Դու այն ես, ինչ Աստված է ստեղծել: Իսկ Աստված եսասիրություն չի ստեղծել: Աստված քեզ չարիք չի տվել: Աստված քեզ չի տվել քո տկարությունները: Դրանք քո հասակ առնելու ժամանակ են հայտնվել, քո դաստիարակության, կյանքի ընթացքի, դրանք աճել են այն ամենից, ինչ վերապրել ես: Այլ կերպ ասած, որպեսզի կարողանաս եղբորդ սիրել այնպես, ինչպես քեզ, անհրաժեշտ է նախ ինքդ քեզ սիրել:

Այժմ էլի մի բան ու կավարտեմ: Մտածիր այն մարդկանց մասին, որոնց ինչ-ինչ պատճառներով չես սիրում, ովքեր հատուկ տեղ չունեն քո սրտում: Երբեմն ասում ես ինձ՝ այնինչը իրեն վատ է պահել իմ հանդեպ, և ես այդ պատճառով ատամ ունեմ նրա վրա: Քո կյանքում եղող նման մարդկանց մասին մտածիր՝ ազգականների, զոքանչի, որը շատախոս էր, խառնվում էր քո ընտանեկան կյանքին և իր խոստումները չէր կատարում: Կամ էլ հարսիդ մասին մտածիր, ով զրպարտել էր քեզ: Մտածիր նրանց մասին: Կան նման մարդիկ, չէ՞: Միգուցե մեկ հոգի է, կամ երկու, երեք: Մտածիր նրանց մասին և սրտումդ տեղավորիր նրանց: Եվ զգա, թե ինչպես ես սրտով գրկում նրանց, խորապես ընդունում ես, նրանց քեզ ընկերակից ես դարձնում, բերում ես Աստծո մոտ և թողնում Նրա ներկայության և լույսի մեջ և ասում. «Տե՛ր, այս մարդկանց, այս մարդուն…»: Ինչ է, չե՞ս կարող դա արտաբերել: Դժվար է քեզ համար: Բայց դու չես հրաժարվում: Արդ, որքան էլ, որ դժվար լինի քեզ համար, փորձիր անել: Վերցրու այդ մարդուն և Աստծուն ասա. «Տե՛ր Աստված, ողորմիր նրան և օգնիր: Բայց նախ ինձ օգնիր, խստասիրտ մարդուս»: Այսպես ասա. «Ես չեմ կարող նրան սիրել: Ասա՛ ինձ, Քրիստո՛ս, Դու նրա նկատմամբ ի՞նչ ես զգում: Օգնիր ինձ սիրել նրան, ինչպես Դու ես սիրում, Քրիստո՛ս իմ: Որովհետև Դու, Տե՛ր, սիրում ես նրան, այնպես չէ՞»:

Քրիստոս կրկին ոչ մի բառ չի արտասանում: Քրիստոսի այդ լռությունն ինձ հուզում է: Քրիստոսը լռում է, որովհետև կրկին Խաչի վրա է, Նա լուռ մեզ է նայում: Այժմ Քրիստոս չի խոսում, բայց ես հիշում եմ, թե այն ժամանակ Նա ինչ ասաց Խաչի վրա. «Հա՛յր, ներիր նրանց» (տե՛ս Ղուկ. 23:34): Եվ Խաչի վրա սեր էր սփռում: Նրա կյանքի վերջին ակնթարթներին մեր ամբողջ չարությունը կուտակվել էր Նրա վրա: Մենք մեր ողջ չարությունը բերեցինք Նրան, իսկ Քրիստոս դրան էլ սիրով, ներմամբ, բարությամբ և գթասրտությամբ պատասխանեց: Դու էլ այդպես վարվիր: Ասա. «Քրիստո՛ս իմ, նա, ով ինձ չարիք է պատճառել, նա, ով վիրավորել է ինձ, նա, ով ինձ բաժանել է, նա, ով ինձ ցավ է պատճառել, ինչ էլ նրանք ինձ արած լինեն, նույնիսկ ամենասարսափելի բանը… ես Քեզ խնդրում եմ, օգնիր ինձ, որպեսզի սիրտս Քո սրտի պես լինի: Եվ բոլորին, ով ինձ ցավ է պատճառել և վնասել, Քո սիրո շնորհները տուր: Նրանց առողջություն, ուրախություն և բարություն պարգևիր, ընկերներ և ընկերուհիներ տուր նրանց և հրաշալի կյանք: Ոչ ոքից վրեժ մի՛ լուծիր, Տե՛ր: Եվ եթե ես անիծել եմ իմ հանդեպ չարակամ մեկին և կամեցել, որ նրա հետ որևէ վատ բան պատահի, և իմացել եմ, որ ինչ որ բան է կատարվել նրա հետ ու ցնծացել եմ հոգումս, այդ ամենը փոխիր, Տե՛ր: Ի՛նձ փոխիր, Տե՛ր, իմ սիրտը Քոնի պես դարձրու, սովորեցրու ինձ Քեզ պես սիրել: Այլապես ես քրիստոնյա չեմ: Այլապես, եթե նույնիսկ ամեն ինչ կատարում եմ, ամեն ինչի մասին կարող եմ խոսել, քննարկել եկեղեցական, դավանաբանական, հայրաբանական, վանական թեմաներ, եթե հրաշալի խոսում եմ, բայց դա չեմ անում, ապա ինչպե՞ս պետք է Քո առջև կանգնեմ: Ի՞նչ պիտի ասեմ: Ի՞նչ պիտի ասեմ, եթե չսովորեմ սիրել»:

Մի բան էլ արա: Երբ որևէ մեկը վշտացնի քեզ, քո աղոթքում կանչիր քեզ վնաս պատճառած մարդուն և նրա աղոթքները խնդրիր, որպեսզի քեզ մոտ ամեն ինչ շտկվի: Արա այն, ինչ սուրբ Զոսիմոսն արեց, երբ իմացավ, որ ինչ որ մեկն ամբաստանել է իրեն: Իսկ գիտե՞ս, թե դրանից մի քանի օր առաջ ինչ էր ասում նա, ով նրան ամբաստանել էր: «Հա՛յր Զոսիմոս, ես քեզ շատ եմ սիրում»: Եվ հայր Զոսիմոսն ասաց.

– Դու ինձ այժմ սիրում ես, որովհետև ամեն ինչ լավ է մեր միջև: Իսկ եթե որևէ տարօրինակ բան կատարվի, այն ժամանա՞կ էլ կսիրես:

– Այն ժամանակ չգիտեմ, Հա՛յր:

– Իսկ ես, որդյա՛կս, կսիրեմ քեզ, ինչպես էլ, որ դու ինձ հետ վարվես: Եվ ոչ միայն այժմ, երբ ինձ սիրում ես և ես էլ քեզ եմ սիրում, այլև՝ ապագայում, եթե փոխվես իմ հանդեպ, ես կշարունակեմ սիրել քեզ:

Այդպես էլ պատահեց: Այդ մարդը զրպարտեց սուրբ Զոսիմոսին և վատաբանեց նրան: Սուրբ Զոսիմոսն իմացավ այդ մասին, բայց նրա սրտում ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ: Նա շարունակեց սիրել: Եվ մի անգամ, երբ սուրբն աչքի ինչ որ հիվանդություն ունեցավ, գիտե՞ք, թե ինչ արեց: Նա խաչակնքեց աչքն ու ասաց. «Քրիստոս իմ, եղբորս աղոթքներով, որ զրպարտում է ինձ, բժշկիր աչքս»: Եվ սերը հրաշք գործեց՝ աչքն առողջացավ:

Դու էլ այդպես վարվիր և քեզ մոտ էլ ամեն ինչ լավ կլինի: Որովհետև երբեմն ոխակալությունը, ատելությունը, անեծքներն ու վրդովմունքը մեզ հիվանդության են տանում: Բժիշկները մշտապես ասում են այն մասին, որ քաղցկեղը և այլ հիվանդությունները՝ խոցերը, ստամոքսի արնահոսությունները, հիպերտոնիան հոգեկան լարվածության հետևանքով են առաջանում: Ի՞նչ է հոգեկան լարվածությունը: Դրա արմատը սիրո պակասի մեջ է: Դու դիմացինի մեջ թշնամի ես տեսնում: Չես զգում, որ դուք մեկ եք, մենք բոլորս ենք մեկ: Մենք թշնամիներ չենք: Ինչո՞ւ անջատվենք: Ինչո՞ւ են պետք բաժանումները: Հարյուր տարի անց դու որտե՞ղ ես լինելու, ես՝ որտե՞ղ: Մենք բոլորս որտե՞ղ ենք լինելու Աստծո առջև: Արդ, ինչո՞ւ գժտվել: Ինչո՞ւ միմյանց չսիրել: Ինչո՞ւ չներել: Մենք ուղղակի անմիտներ ենք: Դիմացինիդ չսիրելն անմտություն է: Իսկ սիրելը՝ մեծ միտք, իմաստություն և սրբություն: Սիրելն աստվածային է:

* Բորեաս – հյուսիսային քամի

Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor:

Հետևեք մեզ նաև Telegram-ում