Հոբելյանական համերգ՝ նվիրված Բարսեղ Թումանյանին

Հոբելյանական համերգ՝ նվիրված Բարսեղ Թումանյանին

Դեկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի ծննդյան 60-ամյակին նվիրված համերգ: Հոբելյանական համերգին Բարսեղ Թումանյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, ծրագրում հնչելու է Էնդրու Լլոյդ Վեբերի, Ջորջ Գերշվինի և այլ հայտի կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններից:

Համերգը կղեկավարեն ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Մելիք Մավիսակալյանը:

Բարսեղ Թումանյանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երգեցողության բաժնում։ 1982-1983 թթ. երգել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։ 1985 թվականին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում։

1980 թվականից եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո մասնակցել է Լոնդոնի Քովենտ Գարդենում կազմակերպված և «Ինտերվիժըն» ծրագրով ողջ Եվրոպայում հեռարձակված համերգին և կատարել Աթիլլայի արիան Վերդիի համանուն օպերայից[1]: 1990 թվականին ելույթ է ունեցել Լոնդոնի «Վիգմոր» դահլիճում, որը նրան մեծ հռչակ է բերել։ 1990-ականների սկզբերին ելույթներ է ունեցել եվրոպական քաղաքներում, Ավստրալիայում, որտեղ արժանացել է Հատուկ մրցանակի՝ «Ֆաուստ» օպերային ներկայացման մեջ Մեֆիստոֆելի դերի համար։

2002-2005 թթ. մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի, Ճապոնիայի բազմաթիվ քաղաքներում։ Մասնակցել է նաև Սանկտ Պետերբուրգում անցկացվող հայ մշակույթի օրերին։ Ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի փոխնախագահ։

2000 թվականից հանդիսանում է Բարձր արվեստի համաժողովի հայկական մասնաճյուղի նախագահը։ 2010 թվականին Երևանում ելույթ է ունեցել օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ։

Աղբյուր` Panorama.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում