Սարգիս Մուրադյանի կտավներից մեկը վաճառվել է «Բոնհամզ»-ի աճուրդում

Սարգիս Մուրադյանի կտավներից մեկը վաճառվել է «Բոնհամզ»-ի աճուրդում

ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի հեղինակած «Դեղին զգեստով աղջիկը» դիմանկարը վաճառվել է Լոնդոնի «Բոնհամզ»-ի («Bonhams» ) աճուրդում։ Նկարը Լոնդոն է ուղարկել նկարչի դուստր, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Զարուհի Մուրադյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ երեկ երեկոյան են իրեն հայտնել այդ մասին, բայց չեն ասել, թե ում մոտ է այժմ այն գտնվում։

«Գինը նշանակություն չունի։ Համոզված եմ, որ իրական գնից ցածր է, բայց փաստն է կարևոր, որ Սարգիս Մուրադյանի արվեստը դուրս է գալիս միջազգային շուկա և հենց առաջին անգամից վաճառվում է։ Իրենք էլ էին շատ ուրախ, որ առաջին անգամից վաճառվել է»,- նշեց նա։

Զ. Մուրադյանի խոսքով, սովետական շրջանում, մասնավորապես 1970-80-ական թվականներին, Սարգիս Մուրադյանը շատ հայտնի էր, մասնակցել է միջազգային ցուցահանդեսների, Քյոլնի ժամանակակից արվեստի թանգարանն նրանից երկու աշխատանք էր գնել։

«Բայց վերջին 30 տարիներին, երբ միջազգային շփումները պակասեցին, հայրիկս էլ մահացավ, ժամանակն իր գործն անում է, մոռացության են մատնվում։ Մեր մեծ ջանքերի շնորհիվ՝ բացեցինք ցուցասրահ, կազմակերպում ենք ցուցահանդեսներ, կարողացանք հասնել նրան, որ բավականին հեղինակավոր աճուրդներից մեկն ընտրեց Սարգիս Մուրադյանի աշխատանքը։ Կարծես թե իրենք պատրաստվում են հետագայում էլ մեզ հետ համագործակցել»,- ասաց Զ. Մուրադյանը։

Նա նշեց, որ իր մոտ է աճուրդի կատալոգը, շատ աշխատանքներ են ներկայացված եղել. «Ավաղ, ներկայացվում է որպես «ռուսական արվեստի» վաճառք։ Իհարկե, տխրեցնում է այդ փաստը, բայց կամաց-կամաց երևի դա էլ կհաղթահարենք»։

Զ. Մուրադյանն ասաց որ հայ արվեստն անընդհատ ներկայացվել է Սարյանի, Մինասի աշխատանքներով, բայց վստահ է, որ բացի նրանցից, Սարգիս Մուրադյանից, Հայաստանում շատ լավ նկարիչներ կան ու եղել են։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում