Լինող բանը կլինի, կամ՝ գոյություն ունի արդյո՞ք ճակատագիր, թե՞ ոչ

Լինող բանը կլինի, կամ՝ գոյություն ունի արդյո՞ք ճակատագիր, թե՞ ոչ

Տատս միշտ ասում է. «Լինող բանը կլինի, բալես: Կարևորը՝ բախտդ բախտ լինի: Դու հույսդ դիր Աստծո վրա: Մնացածը՝ ինչ լինելու է, կլինի»: Երբ տատական մեկ խորհրդի մեջ խառնվում են և՛ սնահավատությունը, և՛ հավատն Աստծո նկատմամբ, դժվար է լինում տարանջատել, թե լինող բանը կլինի՞, թե՞ ամեն ինչ մեզանից է կախված:

Ավանդույթներ, մտածելակերպ և հավատ. այս երեքի համադրությունը երբեմն հակասական հարցեր է առաջացնում: Այդպիսի մի քանի հարցերի պատասխաններ փորձեցինք հստակեցնել Հայ Առաքելական եկեղեցու քահանաների օգնությամբ:

Արդյո՞ք գոյություն ունի ճակատագիր:

Երբ մարդը հավատում է ինչ-որ նախասահմանված, որոշված իրողության, որը տեղի կունենա իր կյանքում անկախ ամեն ինչից, դա հենց ճակատագրապաշտություն է:
Քրիստոնեության տեսանկյունից և մարդկային կյանքի բանական զարգացման տեսանկյունից բնականաբար ճակատագիր կամ բախտ գույություն չունի: Չկա ինչ-որ նախասահմանված իրողություն, որը կկատարվի քեզ հետ՝ անկախ ամեն ինչից: Սեփական ճակատագիրը կամ բախտը մեծ հաշվով մարդն ինքն է որոշում: Եթե ես գնում եմ «Ա» կետից «Բ »կետ, Աստված գիտի դրա մասին, բայց դա չի նշանակում, որ Աստված է որոշել իմ ընթացքը: Աստված գիտի, որովհետև Ամենատես է:

Քանի որ մարդը կարող է որոշումներ կայացնել, ուրեմն ճակատագիր գոյություն չունի: Երբ մարդը որևէ բան է որոշում և իրագործում, ինչպիսին էլ լինի դրա հետևանքը, պետք չէ այն վերագրել ճակատագրին: Մենք սովոր ենք մեր ձախողումները վերագրել ճակատագրին՝ ասելով, թե լինելու բանը կլինի։

Ինչպե՞ս սեփական որոշումներն ու սխալները չվերագրել Աստծուն կամ ճակատագրին:

Սխալ է որևէ փորձության դեպքում պատասխանատվությունը գցել ճակատագրի վրա: Օրինակ, երբ շենքը փուլ գա և որոշ մարդիկ մահանան, պետք չէ ասել, թե ճակատագիր էր: Այլ պետք է հասկանալ, թե մարդկային ինչ գործոն է ընկած տվյալ իրավիճակում: Ո՞վ գիտե, գուցե ոչ բարեխիղճ աշխատա՞նքն է պատճառը: Մարդկային անպատասխանատվության արդյունքում պետք չէ Աստծուն մեղադրել:

Մեր քայլերն են որոշում մեր կյանքի ընթացքը, այն, թե ինչ կլինի:

Աստված մարդուն ստեղծել է ազատ կամքով: Երբ մարդիկ որևէ փորձանքի մեջ են ընկնում՝ Աստծուն են մեղադրում: Բայց ինչո՞ւ մեղադրել Աստծուն, երբ Աստված երբևէ չի պարտադրել մարդուն այս կամ այն վարքագիծը: Զարեհ Արք. Ազնավուրյանն այս մասին ասում է. «Չարը մարդու ազատ կամքի և գործերի արդյունք է»: Աստված մարդուն տվել է բացարձակ ազատություն՝ ընտրել և անել այն, ինչ ցանկանում է, ընտրել չարը կամ բարին, մահը կամ կյանքը: Բայց Աստված մարդուն հիշեցնում է նաև, որ ընտրությունն ունի իր հետևանքները, որոնք մարդն անպայման կրում է: Մի սխալ որոշում ցավալի արդյունք կարող է ունենալ, որ մարդը կրում է անխուսափելիորեն: Աստված մարդուն ցույց է տալիս ուղիղ ճանապարհ, բայց չի կաշկանդում նրա ազատությունը՝ ընտրել այն, ինչ ցանկանում է:

Արդյո՞ք Աստված մեզ ստեղծեց կոնկրետ առաքելությամբ՝ չթողնելով ընտրության հնարավորություն:

Բոլոր մարդիկ ունեն առաքելություն, և այդ առաքելությունը որոշվում է նրանով, թե որքանով է մարդ ընդունում այն և որքանով է պատրաստ այն իրականացնել: Մեծ հաշվով բոլոր մարդիկ ունեն առաքելություն՝ ապրել առաքինի կյանքով և Աստծո պատվիրաններով: Սա յուրաքանչյուրին տրված առաքելություն է: Բայց ամեն մարդ ազատ է ընտրություն կատարել՝ գնա՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ:

Հիմա ի՞նչ, եթե այդ բանը պիտի լինի, ուրեմն կլինի՞:

Քրիստոնեության մեջ ավտոմատիզմ չկա: Քրիստոնյան չպետք է ապրի պասիվ կյանքով, որի ընթացքում չկան բարի նախաձեռնություններ: Այս միտքն է արտահայտում Տիրոջ խոսքը երեք ծառաների մասին «Տասը մնասների առակ»-ում (Մատթ. 25:14-30; Ղուկ. 19:11-27), որտեղ երրորդ ծառան պասիվորեն՝ նույն կերպ մտածելով, թե՝ «ինչ լինելու է՝ կլինի», իրեն տրված մնասը հողի տակ թաքցրեց և այն ի բարին չօգտագործեց, ուստի արժանացավ տիրոջ պարսավանքին: Չկա որևէ բան մեր կյանքում, որ տեղի է ունենում մեր կամքից անկախ: Այն, ինչ տեղի է ունենում մեզ հետ՝ մեր կենցաղի և ապրելակերպի արդյունքն է:

Հասմիկ Թամամյան։

Աղբյուր՝ Qahana.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում