ՀՀ ԱԳՆ. Մտահոգիչ են Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր տենդենցները

ՀՀ ԱԳՆ. Մտահոգիչ են Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր տենդենցները

2017թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվել է Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը: Օրերս Մավրիկիոսում Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 13-րդ նստաշրջանին ընդունվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու նպատակով Ադրբեջանի կողմից ներկայացված «Yalli (Kochari, Tenzere) traditional dances of Nakhichevan» հայտը:

Panorama.am-ը դիմեց Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ ինչպե՞ս կմեկնաբանեն ադրբեջանական այդ քայլը։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր մեկնաբանության մեջ նշեց. «Ընդգծեմ, որ ըստ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության մասին կոնվենցիայի՝ այս կամ այն երկրի կողմից Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս, ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) տվյալ տարրի մշակութային դրսևորումները և դրանց առանձնահատկությունները։

Ըստ ադրբեջանական հայտի կա «Յալլի» տեսակի շուրջ 60 պարատեսակ, որոնք կիրառվել են Նախիջևանում, և դրանց շարքում է նաև քոչարին։

Այս հարցում առավել մտահոգիչ են Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակի քաղաքականացման ընդհանուր տենդենցները, որոնք արդեն տեղ են գտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային մեթոդների մեջ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը ստեղծվել է նպաստելու խաղաղությանը և ժողովուրդների անվտանգությանը՝ մշակույթի միջոցով պետությունների միջև համագործակցության խթանմամբ, այսօր նմանօրինակ քաղաքականացման արդյունքում վերածվում է խնդիրների խորացման հարթակի, և սա պետք է մտահոգիչ լինի կառույցի բոլոր անդամների և ՅՈՒՆԵՍԿՕ Գլխավոր տնօրենի համար:

Հայաստանը բազմիցս է այս իրողություն, ինչպես նոր Ադրբեջանի կողմից որդեգրված անառողջ մոտեցումները ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումների ժամանակ, ներառյալ Ձեր նշած նիստին»:

Աղբյուր` Panorama.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում