Քյոսայանը՝ Կեսոյանի մասին

Քյոսայանը՝ Կեսոյանի մասին

Հարցազրույց ճանաչված կոմպոզիտորի հետ

– Ձեզ Հայաստանում եւ արտասահմանում տասնամյակներ շարունակ ճանաչում էին կոմպոզիտոր Գայանե Քյոսայան, մինչդեռ վերջին շրջանում ներկայանում եք Կեսոյան:

– Ձեր նշած վերջին շրջանում, երբ ձեռքս ընկավ հորս հին անձնագիրը, տեսա, որ ազգանունը գրված է Կեսոյան: Ընտանիքիս մեծերը պատմեցին, որ 1937-ին Տիգրանուհի տատիկս ամուսնու՝ Գարեգին Քյոսայանի ձերբալումից հետո մնացել է երեք որդիների հետ, հորս խնամակալությունն էլ վերցրել է հորեղբայրը: Սուխումիում անձնագիր ստանալիս հորս ազգանունը գրվել է Կեսոյան… 

– Դժվար չէ՞ր հրաժարվել Քյոսայան ազգանունից, մանավանդ կային ժամանակներ, երբ Գայանե Քյոսայան կոմպոզիտորի մասին խոսելիս հատուկ նշվում էր, թե դուք մոսկվաբնակ հայտնի կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանի ազգականն եք:

– Այդպես էլ կա: Էդմոնդը փոքր հորեղբայրս է, որը տատիկիս եւ մյուս հորեղբորս հետ աքսորվել է Սիբիր, մեծացել Վոզնեսենկա գյուղում: Հենց այդ գյուղի անունով է կոչվում նրա վերջին ֆիլմը, որը պատմում է իրենց ընտանիքի ճակատագրի մասին:

– Ձեր առաջին երգը՝ «Հուշերը», 1980-ականների սկզբներին մեծ արձագանք ունեցավ, իհարկե, վաղամեռիկ անկրկնելի երգչուհի Էլվինա Մակարյանի կատարմամբ: Հետո մեկը մյուսին հետեւեցին ձեր մյուս երգերը՝ սեփական տեքստերով, ապա փոքրածավալ ստեղծագործությունները, այդ թվում՝ կամերային: Ինչո՞ւ այդպես էլ չհանդիպեցինք մեծակտավ գործերի, թեեւ ինչպես ասում են՝ դա «պարտադիր ծրագիր» չէ:

– Մոսկվայում 2010թ. երբ կոմպոզիտոր Կարեն Խաչատուրյանի ղեկավարությամբ հնչեցին իմ կամերային որոշ ստեղծագործություններ, նա դիմելով հանդիսատեսին, ասաց՝ Գայանեն իբրեւ ստեղծագործող մինիմալիստ է, բայց հետաքրքիր է՝ ինչպես է կարողանում կամերային հնչողությամբ արտահայտել խորը սիմֆոնիզմին հատուկ մտածելակերպ… Նման գնահատականի համար, իհարկե, շնորհակալ եմ իմ պրոֆեսորներին՝ Ալեքսանդր Հարությունյան, Ղազարոս Սարյան, Էդվարդ Միրզոյան եւ Էդգար Հովհաննիսյան…

– Բոլորի մոտ միաժամանա՞կ եք ուսանել:

– Զարմանալու ոչինչ չկա: Այս պահին առանց չակերտները բացելու միայն կասեմ, որ կոնսերվատորիայում ինձ իսկապես բախտ վիճակվեց նրանցից յուրաքանչյուրի մոտ ուսանելու:

– 1990-ականների սկզբներին միակ երաժիշտն էիք, հավանաբար սխալված չենք լինի ասել՝ միակ լրագրողը, ում բախտ վիճակվեց Հանրային հեռուստատեսությամբ 30 րոպե հարցազրույց վարել Շառլ Ազնավուրի հետ: Բայց, չգիտես ինչու, այն մինչ օրս այլեւս չի ցուցադրվել, թեպետ առիթներ եղել են…

– Այդ տեսագրությունն իմ արխիվում է: Իսկ այն տարիներին ես աշխատում էի Հայաստանի հեռուստառադիոպետկոմի՝ հատուկ Կենտրոնական հեռուստատեսության համար տրվող հաղորդումների խմբագրությունում: Կոնկրետ շանսոնյեի հետ հարցազրույցիս գերնպատակն էր ներկայացնել իր երգերի հրաշալի, անզուգական կատարող Էլվինա Մակարյանին: Դիտելով Էլվինայի կատարմամբ իր հանրահայտ «Մամա» երգի տեսագրությունը, Ազնավուրը ոչ միայն հիացավ, այլեւ մանկան նման հուզվեց: Իհարկե, վերջին մեկ-երկու տարիներին նույնիսկ Ազնավուրի ներկայությամբ Երեւանում եղան համերգներ, բայց 90-ականներին շանսոնյեի համար հայտնություն էր, որ հայը կարող է ֆրանսերենով մեկնաբանել իր երգը:

– Եթե չենք սխալվում, դուք Էլվինա Մակարյանի արվեստի մասին պատմող երկու ֆիլմի հեղինակ եք: Այդ ֆիլմերն է՞լ են ձեր արխիվում:

– Երբ 1990-ականներին Էլվինան մեկնեց Միացյալ Նահանգներ, իր հետ վերցրեց մեկ ֆիլմի բնօրինակը, հետո արդեն չեմ հանդիպել նրան ու բնականաբար՝ չեմ էլ կարող ասել, թե ինչ եղավ ֆիլմի ճակատագիրը, որի կրկնօրինակը ես չունեմ: Ինչ վերաբերում է երկրորդ՝ «Չեմ կարող լռել կամ դարձյալ Էլվինա» ֆիլմին, դա Հանրայինի արխիվում է: Ինչու եմ վստահ, որովհետեւ այդ ֆիլմը պատահաբար գտա համացանցում՝ թարգմանված անգլերեն:

– Իբրեւ ստեղծագործող, ձեր կյանքում եղավ լռության շրջան, ի՞նչ էր պատահել:

– Ցանկացած արվեստագետի կյանքում լինում է մի շրջան, երբ առանձնանում ես, ուզում ես լինել ինքդ քեզ հետ… Ես դա լռություն չէի անվանի: Ձեր խոսքով՝ լռության շրջանում ես մեկնել էի Մոսկվա: Մինչ մեկնելս Երեւանում բեմադրվեց «Մարիամի երազը» մանկական մյուզիքլը՝ Իգիթյանի գեղագիտական կենտրոնի սաների մասնակցությամբ: Պրեմիերայից հետո այն ներկայացվեց նաեւ Շվեյցարիայում: Այնպես չէ, որ ընդմիշտ էի մեկնել: Մինչեւ հիմա էլ, սկսած 1990-ականների վերջերից, համագործակցում եմ ռուս գործընկերներիս հետ: Մոսկովյան շրջանում ընդգրկվեցի միաժամանակ մի քանի նախագծերում, հանդիպեցի, մտերմացա ու աշխատեցի շոու-բիզնեսի հայտնի դեմքերի հետ, նշեմ միայն մեկ անուն՝ ռեժիսոր, դիզայներ Բորիս Կրասնով, որի մասնակցությամբ իրականացվել են առանց բացառության ռուսական շոու-բիզնեսի բոլոր աստղերի մենահամերգները: Գուցե ճակատագրական էր հանդիպումը Բորիսի հետ, որովհետեւ երբ նա լսեց ռուսերեն տեքստերով իմ երգերը (կոմպոզիտորի երգերը բացառապես սեփական տեքստերով են), մեծահոգաբար ցանկություն հայտնեց, ավելին՝ խնդրեց թույլտվություն թողարկելու երգերիս CD-ն: Շնորհանդեսի ժամանակ էլ ասաց՝ Գայայի երգերը վաղվա օրվա երգեր են…

– Շուրջ մեկ տասնամյակ ձգվող ձեր մոսկովյան շրջանի հաջողություններում գուցե դերակատարում ունեցավ նաեւ Քյոսայան ազգանո՞ւնը:

– Գուցե, չեմ բացառում: Նշեմ նաեւ, որ երգերիս երկրորդ CD-ն թողարկվեց Լոս Անջելեսում, Մոսկվայում իմ գտնվելու տարիներին:

– Տարիների լռությունից հետո, մանավանդ այս տարի, ձեր ստեղծագործությունները հնչեցին համարյա բոլոր մասշտաբային միջոցառումներին՝ Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մշակութային միջոցառումների շրջանակում, Հայաստանի կոմպոզիտորների միության՝ Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնին եւ այլն:

– Արդեն ասացի, որ ես իբրեւ ստեղծագործող երբեք չեմ լռել, օրինակ՝ 2017-ին Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած Հայաստանի պետական կամերային երգչախումբը կատարեց իմ «Նվիրում Հայաստանին» վոկալ շարքից երկու ստեղծագործություն, «Երեւան» երգս այս տարի քաղաքապետարանի եւ Կոմպոզիտորների միության հայտարարած Երեւանի 2800-ամյակին նվիրված մրցույթում լավագույնների թվում էր, ֆրանկոֆոնիայի օրերին Մարիա Գալստյանի ղեկավարած «Ագապէ» կամերային երգչախմբի կատարմամբ ֆրանսերենով հնչեց «Սիրելն արգելել անհնար է» երգը, Քյոլնի տաճարում դիրիժոր Արտակ Ոսկանյանի ղեկավարությամբ կատարվեց «Տեր ողորմեա» ստեղծագործությունս, դարձյալ Գերմանիայում՝ եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումներին, երգիչ Ստեփան Հովհաննիսյանի մեկնաբանմամբ կատարվել են մեկ-երկու ստեղծագործություններս եւ այլն:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ 

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում