Հայաստանում առաջին անգամ կհնչի Բրուքների «Ռեքվիեմ»-ը

Հայաստանում առաջին անգամ կհնչի Բրուքների «Ռեքվիեմ»-ը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգան Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգով: Համերգը կանցկացվի դեկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը ելույթ կունենան ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Կամերային երաժշտության տնից հայտնում են, որ որպես մենակատարներ հանդես կգան Իրինա Զաքյանը (սոպրանո), Գրետա Բագիյանը (մեցցո սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Կիմ Սարգսյանը (բաս): Համերգին կհնչի հայաստանյան պրեմիերա՝ Բրուքների «Ռեքվիեմ»-ը: Այն գրվել և կատարվել է 1849 թվականին, բայց մեր երկրում կհնչի առաջին անգամ:

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի էր ունեցել ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց Հանրապետության տարածքի 1/3 մասը։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։

Երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտար օգնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուններ։ Համակողմանի օգնությանը մասնակցում էին աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Ամբողջ աշխարհն այդ ծանր պահին անշահախնդիր օգնություն ցույց տվեց ծանր կացության մեջ հայտնված հայ ժողովրդին։

Աղբյուր` Panorama.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում