Իտալիայի մեծ կտորը Հայաստանում

Իտալիայի մեծ կտորը Հայաստանում

Հայաստանի ազգային պատկերասրահը դեկտեմբերի 5-ին դռները կբացի հայ արվեստասերների առջև: Հայաստանում կներկայացվի Արիչչա քաղաքի Պալացցո Կիջջի թանգարանում պահվող 55 բարձրարվեստ նմուշներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը: Վերջինիս խոսքով՝ այս քանակությամբ բարձրանմուշ կտավների ցուցադրությունն աննախադեպ է:

Գալստյանը ընդգծեց նաև, որ Հայաստանն ու Իտալիան ունեցել են սերտ կապեր և մեր մշակույթը զուգահեռ է զարգացել. «Հռոմեական բարոկկոյի կտավները շատ դժվարությամբ են դուրս բերվում Հռոմից, բայց մենք կարողացանք քիչ ֆինանսական միջոցներով ցուցահանդեսը բերել Հայաստան»,-ավելացրեց նա:

Տեղի ունեցած պրեսս-լանչին ներկա էին նաև Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Լրագրողի հարցին՝ ցուցահանդեսում, մասնավորապես ինչպիսի աշխատանքներ են ցուցադրված լինելու, դեսպանը պատասխանեց. «Լինելու են հայտնի դեմքերի պատկերներ, մասնավորապես Հռոմի պապի դիմանկարը, որը եղել է նաև Կիջջի պալատի տերը: Ցուցադրված են լինելու նաև նմուշներ, որոնք ներկայացնում են սրբերի»:

Վինչենցո դել Մոնակոն, խոսելով ցուցահանդեսի կարևորության մասին, ասաց. «Երբ ինձ այստեղ դեսպան էին նշանակում, ես գիտեի, որ մշակույթն այն հենասյուներից է, որի վրա ես պետք է շեշտադրում անեմ և այդպիսով ավելի ամրապնդեմ հայ-իտալական հարաբերությունները: Ես նաև շատ ուրախ կլինեմ օգնել այստեղի իշխանություններին Հռոմում հայկական ցուցադրություն կազմակերպելու հարցով»:

Ըստ դեսպանի՝ մշակույթը բերում է փոխադարձ ծանոթությունների:

Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, խոսելով ցուցահանդեսից սպասվող իր ակնկալիքներից, ասաց. «Պատկերասրահը պահելու ամբողջ բեռը չպետք է պետության վրա լինի: Լավ ծրագրերով մենք պետք է ամեն ինչ անենք, որ թանգարանը զարգանա և կարծում եմ, որ այս ցուցահանդեսը ևս մեծ հաջողություններ կբերի պատկերասրահին»:

Հանդիպման վերջում, դեսպանն ընդգծեց նաև, որ սա հնարավորություն է ապագա սերնդին ներկայացնել իտալական արվեստը:

Մանե ԳԱՍՊԱՐՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում