Արշակ Չոպանյան․ Մորս

Արշակ Չոպանյան․ Մորս

Դուն, որ թողլով զիս օրրանիս մեջ մինակ,
– Գուցե կյանքի ցավն ինձ տալեդ խղճահար, –
Անհետացար խավարին մեջ անհատակ,
Ո՜վ մայր, իմ մութ հոգվույս աղբյո՛ւրը պայծառ.
Ո՜վ սուրբ գորով, սե՛ր անարատ, քաղցր գոգ,
Ո՜ւր ես թաքչած… Ես քեզ երբեք չճանչցա.
Այլև երբեք չեմ հավտացած, որ իրոք
Ամբողջապես ջնջված ըլլաս: Ճակտիս վրա
Կզգամ, հաճախ, երանությամբ մը տրտում,
Անցնիլն անուշ մատվըներուդ գգվանքին,
Կան պահեր, ուր կկարծեմ ձայնդ անպատում
Լսել ականջն ի վար սրտիս անձկագին.
Քեզ միշտ վերևս կգուշակեմ թևաբաց,
Գորովագո՛ւթ ու ցավագին ուրվական.
Եվ ամեն հեղ, որ իմ կյանքիս մեջ կրցած
Եվ կատարել գործ մը հօգուտ մարդկության
Կամ միս-արյուն տալ երազի մը սիրուն,
Քեզ եմ խորհած, ու խորեն իմ հոգիին
Քեզ եմ ոգած և մըրմնջած եմ. «ո՜վ դուն,
Որ կհըսկես վրաս սիրով կաթոգին,
Տե՛ս, արժանի՞ եմ քեզի, գո՞հ ես ինձմե…»:
Եվ զգացած եմ նուրբ ժպիտ մը անտես,
Որ զերթ նվագ մ’ այերային իր թավշե
Ու զեփյուռե թևերով զիս քնքշապես
Կփայփայեր:
– Ու թեպետև գիտության
Անողորմ ձայնը հռչակած է, ավա՜ղ,
Թե մահվընե ետքը մարդեն ուրիշ բան
Չի մնար հողին մեջ, բացի մոխրի դեզ մը պաղ,
Կերազեմ միշտ – անվանելի՛ ցնորք հոգվույս –
Որ դուն հողին տակ չես իջած, և անթառամ
Եվ անծանոթ պարտեզի մ’ մեջ աղվալույս՝
Կսպասեմ, որ գամ օր մը քեզ միանամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում