Աբգար թագավորի հնարամտությունը

Աբգար թագավորի հնարամտությունը

Իր իմաստությամբ հռչակված Եդեսիայի Աբգար թագավորը երկար ժամանակով հյուընկալվում է Հռոմի Օգոստոս կայսեր մոտ: Կայսրը հավանելով նրա ընկերակցությունը, ոչ մի ձևով չի համաձայնվում թույլատրել սիրելի բարեկամին վերադառնալ իր Հայրենիքը: Աբգարը, որ նաև վարժ որսորդ էր, դիմում է հնարամտության: Նա որսի գնալով բռնում է տեսակ-տեսակ կենդանիների, ապա յուրաքանչյուր որսի բնակված վայրերից տարբեր պարկերի մեջ հող հավաքելով՝ վերադառնում է Հռոմ: Կայսրին ներկայանալով թագավորը պատմում է, թե որ կենդանին որ հողի վրա է բռնել և հրամայում է փռել հողը հրապարակի վրա իրարից անջատ և բաց թողնել կենդանիներին: Իմաստուն թագավորը բացատրում է կայսրին, թե յուրաքանչյուր կենդանի իր հարազատ հողի կողմը պիտի վազի:

Ի զարմանս Օգոստոս կայսեր, կենդանիները այդպես էլ վարվում են: Աբգարը քաջալերվելով դիմում է կայսրին, ասելով.

«Տեր իմ, տեսնո՞ւմ ես մինչև իսկ կենդանիներն ունեն հայրենիքի զգացողություն, որովհետև Աստված նրանց հարազատ հողը սիրելու բնազդով է օժտել: Ես մարդ եմ և կենդանիներից ավելի կարոտում եմ իմ հայրենի հողը, փոքր թագավորությունս և ընտանիքս»:

Կայսրը չափազանց հուզվելով համաձայնվում է պատվով վերադարձնել Աբգար թագավորին իր Հայրենիքը:

ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԼՈՒՅՍԻ ՇՈՂԵՐ» ԳՐՔԻՑ:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում