Ձմեռային հեքիաթ»՝ Երևանի պատմության թանգարանում

Ձմեռային հեքիաթ»՝ Երևանի պատմության թանգարանում

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացված է 28 տիկնիկագործերի ավելի քան 100 ձեռակերտ աշխատանք: Գործվածք, գոբելեն, ճենապակի, պոլիմերային կավ և տարբեր այլ նյութերից են պատրաստված տիկնիկները:

«Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում հեղինակային տիկնիկը հանրահռչակել որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ուղղություն, որն իր մեջ ներառում է քանդակագործությունը, գեղանկարչությունն ու դիզայնը», – նշել է ցուցահանդեսի համակարգող Մարինա Խաչմանուկյանը` փոխանցում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան մասնակից դառնալ նաև կրթական ինտերակտիվ ծրագրի:

«Յուրաքանչյուր տարեմուտի թանագարանը ներկայանում է հետաքրքիր գաղափարներով: Այս նախաձեռնությունը, կարծում եմ, հետաքրքրելու է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման», – իր հերթին նկատել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանը:

Նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը ցուցահանդեսի մասնակցելու է եկել Թբիլիսիից: Հեղինակը համոզված է՝ հեքիաթը մեր կյանքում պետք է մշտարթուն լինի:

«Ձմեռային հեքիաթ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 5-ը:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում