Ով է դառնալու թանգարանի ղեկավար՝ կրկին ոչ թումանյանագե՞տ

Ով է դառնալու թանգարանի ղեկավար՝ կրկին ոչ թումանյանագե՞տ

Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին

Հովհաննես Թումանյանի թոռնուհիներ՝ Իրմա Սաֆրազբեկյանից եւ Սուրմա Թումանյանից, ծոռներ՝ Կարինեից, Ելենայից, Անահիտից, Տատյանայից, Հովհաննեսից, Արեգից, Ռուբենից եւ Սոֆյայից. «Մեծն Թումանյանի հետնորդները եւ ընտանիքը ժամանակին նախաձեռնեցին եւ հիմնադրեցին Հովհաննես Թումանյանի թանգարանը Երեւանում, նաեւ Դսեղում։ Թումանյանի այրին՝ մեր տատիկը` Օլգա Թումանյանը թանգարանին նվիրեց Թումանյանի աշխատասենյակը։ Թանգարանի մյուս սենյակները եւս կահավորվել են Թումանյանների նվիրաբերած իրերով։ Թումանյանի դստեր՝ Թամարա Թումանյանի մահվանից հետո թանգարանի գոյության երկար տարիների ընթացքում թագարանը չեն ղեկավարել թումանյանագետներ, ովքեր լավ գիտեն մեծ գրողի կյանքն ու գրական ժառանգությունը։ Դա թողնենք անցյալի չինովնիկների խղճին….

Այսօր մեզ այս էլ որերորդ անգամ չի կարող չանհանգստացնել այն իրողությունը, որ այժմյան տնօրենի գնալուց հետո (նա հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր է դառնում դեկտեմբերի 9-ին եւ հեռանալու է այդ պաշտոնից, քանի որ օրենքը թույլ չի տալիս վարչական աշխատանքը համատեղել պատգամավորի գործունեության հետ, բայց եւ ուշքն ու միտքը թանգարանից չի կտրելու) ով է դառնալու թանգարանի ղեկավար՝ կրկին ոչ թումանյանագե՞տ։ Հատկապես այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի նախօրյակին կարելի է սթափ քայլ կատարել եւ թանգարանի տնօրենի պաշտոնին բերել թումանյանագետի, ով մեծ բանաստեղծի կյանքի եւ ստեղծագործության մասին տասից ավելի գրքերի հեղինակ է։ Նա հեղինակել է նաեւ Թումանյանի գիտական կենսագրությունը՝ երեք հատորով։ Խոսքը բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանի մասին է, ով տասը տարուց ավելի աշխատել է թանգարանում եւ ծանրակշիռ փորձ ունի նաեւ այդ առումով։

Հուսով ենք, որ այս անգամ Դուք Ձեր աջակցությունը կունենաք, որ վերջապես թումանյանական օջախին տեր կանգնի գրողի կյանքի եւ գործունեության գիտակ-մասնագետը։ Գաղտնիք չէ, որ թումանյանական ստեղծագործությունը կարիք ունի նոր մոտեցումների եւ ուսումնասիրությունների, որի իրականացման դարբնոցը կարող է դառնալ թանգարանը, եթե այն ունենա արժանապատիվ եւ փորձառու մասնագետ-ղեկավար։ Լիահույս ենք, որ մեր մտահոգությունները եւ առաջարկությունները կարժանանան Ձեր ուշադրությանը եւ հավանությանը։ Կսպասենք Ձեր արձագանքին։

Հարգանքով՝ Թումանյանների ընտանիք»:

Տեղեկատվության համար՝ Իրմա Սաֆրազբեկյան
Հեռ, +4915125803802
Էլ.փոստ [email protected]
[email protected]

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում