Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորընծա վարդապետներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորընծա վարդապետներին

Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռի միաբաններ Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանին և Հնդկահայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանին:

Դեկտեմբերի 3-ին պաշտպանելով իրենց վարդապետական թեզերը` վերջիններս դեկտեմբերի 6-ի առավոտյան Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի արժանացան մասնավոր վարդապետության աստիճանի տվչության:

Հանդիպման սկզբում Նաթան արքեպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց նորընծա վարդապետներին` հույս հայտնելով, որ Եկեղեցու հոգևոր դասը պիտի ստվարանա նորանոր երիտասարդ վարդապետներով:

Այնուհետև իր հայրական օրհնությունն ու պատգամը վարդապետներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` իր ուրախությունն արտահայտելով պաշտպանության և վարդապետական աստիճանի տվչության առիթով:

Վեհափառ Հայրապետը մեծապես կարևորեց վարդապետների առաքելությունը Եկեղեցու` Ավետարանի ոգով և հայրերի ավանդության համաձայն հավատացյալների կրթության և դաստիարակության գործում:

Խոսելով վարդապետների հետագա հոգևոր սպասավորության մասին` Նորին Սրբությունը մաղթեց, որ տվչության ժամանակ ստացված շնորհներն իրենց պտուղները տան` օրհնություն դառնալով մեր ժողովրդի համար:

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց վարդապետական թեզերի քննիչ հանձնախմբի անդամներին և վարդապետական աստիճանի տվչությունը կատարած Նաթան Սրբազանին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Անդրանիկ և Մովսես վարդապետներին և նրանց ընծայեց վարդապետական լանջախաչեր։

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում