USD
EUR
RUB

Եղիշե Չարենց․ Նավզիկե

 
 

Իզաբելլային
Իմ ամենաչքնաղ երկը
Ե․ Չարենց 936.21.IX

I
Հին Նավզիկեն

Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք և կորստի կսկիծ…

Մանկությունից անդարձ` իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ -
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ`
Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին -
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն:

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մեջ -
Երազեցի ընդմիշտ, որ կարոտիս կառչած`
Ինձ սպասում է իմ Նավզիկեն…

Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին` տեսած երազի մեջ, -
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո -
Պատկերացել է ինձ - իմ Նավզիկեն:

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես, -
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած`
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն: -

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ` որպես էգ մի օձ երազի քեզ`
Մերկ, աչքերով կանաչ, մի կին դարձած -
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն:

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ` լուսնային շղարշ հագածի պես, -
Ամբողջովին մերթ գոց, մերթ մերկացած`
Կնությունը բացած - իմ Նավզիկեն…

Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով,
Մերթ` քնարի քնքուշ նվագի պես,
Մերթ` դարերով ծանոթ, մերթ` միայն նոր
Ինձ հարազատ ձայնով - իմ Նավզիկեն:

Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած,
Կամ ծովափնյա ոսկե ավազի մեջ, -
Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն -
Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե:

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քեզ, -
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնորք իմ, իմ Նավզիկե…

Եվ հանճարեղ երգում, և հանճարեղ գրքում,
Եվ հանճարեղ ամեն կտավի մեջ, -
Եվ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե:

Շրջադարձում, երթում, քայլափոխում ամեն,
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես, -
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կճանաչենք իրար, իմ Նավզիկե:

Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ, -
Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին -
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:

Մանկությունից իմ լուրթ - մինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում` անցած երազի պես, -
Ես սպասել եմ, որ - ահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե:

Եվ իմ գրքերն ամեն, և իմ երգերն անմեռ,
Եվ բորբոք հուրն իմ այս ծարավի կեզ, -
Ինչ որ արել եմ ես, ինչ անելու եմ դեռ -
Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե…

Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ,
Մինչև ավյունս ամբողջ նվազի - քեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելի՜ իմ սեր, իմ Նավզիկե…

Եվ պոետի հռչակ, և փառքի տենչ խորին,
Եվ արնահամ երգի, երազի սեր, -
Ես տենչացել եմ` լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե…

Որ վարդերիս անդարձ, տարիներիս հնձած,
Անդառնալի ցնդած երազի տեղ -
Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա -
Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե…

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ, -
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ և կորստի կսկիծ…

II
Կնոջս՝ Արփենիկին

Նայադների՜ նման, նայադների նման,
Կարոտնեիս ձայնով կանչեց նա ինձ, -
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահու կսկիծ…

Նաժիշտներով իր յոթ շրջապատված`
Նաժիշտներով սիրո և ցավի կեզ, -
Իբրև հոժա՜ր կամքով մահապարտված`
Ընդունեց սերն իմ սև - իմ Նավզիկեն…

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե, -
Բայց սև աղետ դարձավ և մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե…

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ -
Դու ժպտացի՜ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե…

III

…Արդեն նայի՜վ դարձած նայադների նման,
Նայադների նման քնքուշ ձայնով`
Խոստանալով գարուն ու գարնանային հմայք -
Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ…

Ինչպես Ուլիս` տրված կարոտներիս կայմին`
Նայադների չքնաղ երգին գերի`
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկին այն ափերին…

Մի՞թե կրկին իբրև վերադարձող Ուլիս`
Մի անհնար, չքնաղ երազի մեջ -
Պիտի տեսնեմ կղզին այն, ուր սիրով լի`
Ինձ հանդիպեց մի օր - իմ Նավզիկեն…

Նույն նայադներն ահա - և կախարդիչ նույն երգը, -
Բայց ավելի անհուն ու հմայիչ…
Եվ մոտենում է նույն կախարդական եզերքը`
Բայց… ինչու՞ է թվում նա ամայի…

Նույնն են ափերը լուրթ, - և պտույտի ելած
Նույն աղջիկներն ահա, - և Նավզիկեն…
Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց
Անդառնալի անցածը - երազի պես…

Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան
Տարիների կարմիր ավազի մեջ`
Անվերադարձ անցավ և զառանցանք դարձավ -
Մանկությա՜ն պես անցած - իմ Նավզիկեն…

IV

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ թողնելով միայն - մահու կսկիծ:

Արկածներիս ծովի կղզիներում անցած
Ինձ հանդիպեց քանի՜ Նավզիկե,
Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած`
Իբրև ուրի՜շ Ուլիս, ուրիշի սեր…

Հեքիաթային, կապույտ իր եզերքին կառչած`
Իբր ուրիշի սիրո մի Նավզիկե ՜
Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ`
Կարոտներիս կարմիր ավազի մեջ…

Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած
Քանի՜, քանի՜ չքնաղ Նավզիկե -
Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան`
Կարոտներիս կարմիր ավազի մեջ…

Արկածներիս կապույտ կղզիներին կառչած`
Վայրկյաններիս կարմիր ավազի մեջ`
Մի՜շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ
Ինձ հանդիպած ամեն մի Նավզիկե…

Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած
Իմ կորցըրած ամեն մի Նավզիկե`
Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ -
Իմ երգերի կարմիր ավազի մեջ…

Երազներում անվերջ երազելով նրանց,
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ -
Ինչ որ մնում էր դուրս իմ երգերից գրած -
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…

Տարիներում անցած իմ կարոտին կառչած`
Իմ չերազած միա՜կ իմ Նավզիկե, -
Ում սպասում էի - կորցըրի նրանց -`
Երազներում սիրած, երազի պես…

Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած`
Ինձ չժպտաց և ոչ մի Նավզիկե, -
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց -
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…

Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած`
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ, -
Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց -
Կյանքում քեզ տվի, իմ Նավզիկե:

Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այս,
Ինչ որ կարոտ էր, հուր - ես տվի քեզ,
Որ չմնա երազ էլ, որ երազեմ նրանց,
Որ չկանչե էլ ոչ մի Նավզիկե: -

Սակայն կրկի՜ն, կրկի՜ն, նայադների նման,
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ ինձ տալով միայն - մահու կսկիծ: -

Ոչ գգվանքներս` քեզ շռայլորեն ցրած`
Գիշերներիս կարմիր երազի մեջ, -
Ոչ կարոտներս անհուն` իմ երգերում գրած, -
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե: -

Նայադների՜ նման, նայադների՜ նման, -
Կարոտների կանչով կանչում ես ինձ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում ես կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով - կսկիծ…

Եվ կկանչեն նրանք, մինչև անշընչացած`
Վայրկյաններիս վերջին երազի մեջ`
Ինձ համբուրե իբրև իր Ուլիսին տենչած`
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն…

1936. 21. IX

Լրահոս
Վարդան Հակոբյան․ Քո սերը քո տունն է Վարդան Հակոբյան․ Կապույտը Հայտնի են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները Փառասիրության մասին «Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում է կրթության մասին նոր օրենքը Դանիել Վարուժան․ Հարճը Կոմիտասի քնարերգությունը Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ «Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին» Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը «Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է» Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Համո Սահյան «Վշտացել եմ ամեն ինչից» Կյանքի ծառը․ Կոմիտաս «Վալենտինոմանիա». կեղծքրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոն «Կինոպարկում» տեղի է ունեցել Օսկարի հավակնորդ «Իշխանություն» ֆիլմի փակ ցուցադրությունը Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը Տեառնընդառաջ Վերադարձնենք լույսի եւ ջերմության մեր պատառը Հրանտ Մաթեւոսյանին Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Ռեժիսոր. Մեր գործադիր իշխանությունը հումանիզմի տարրական չափաբաժին չունի Կալկաթայի մարդասիրական ճեմարան «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում հաղթող գործն առնչվեց հայի անվան հետ» Զարդերի վերածված Կիլիկիայի մանրանկարչությունը Լևոն Խեչոյան․ Սև գիրք, ծանր բզեզ Ժամանակի ոգով գրված գիրք՝ «Շիլափլավ եւ շիլաշփոթ» Կա դրվագ, որը հոգեբանորեն դժվար է խաղալը. Ալեքսանդր Խաչատրյանի «Գարուն ա» ֆիլմը Ապրիլյան պատերազմի մասին է. լուսանկար Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 16- ին «Նոր սերունդ, նոր անուններ» խորագրով ցուցահանդեսը նվիրվեց Հովհաննես Թումանյանի հոբելյանին «Ավրորան» Մատենադարանին տված դրամաշնորհը կուղղի հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզի ստեղծմանը Պետրոս Դուրյան․ Բանաստեղծություններ Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ամերիաբանկը Հայաստանում ներկայացնում է օպերային մեծանուն երգիչ Պաատա Բուրչուլաձեին Հայ Եկեղեցու 20-րդ դարի նշանավոր գործիչներին նվիրված գիտաժողով ԱՄՆ-ում Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն կամ Տեառնընդառաջ. փետրվարի 14-ին «Նոր Թումանյանի բացահայտման փուլ պետք է սկսվի» Ազգային կինոկենտրոնի քմայքները կամ վերաձևված կանոնակարգ Այսօր մրուրն է իրեն սերուցք հորջորջում, մարմինը գլխիվայր է տեղաշարժվում
website by Sargssyan