Մոր աղոթքներն յուր երեխաների համար

Մոր աղոթքներն յուր երեխաների համար

Կազմված է Ամվրոսի Օպտինցու ձեռամբ

Աստվա՛ծ, բոլոր արարածների Հաստի՛չ, Քո՝ իրար հաջորդող ողորմություններով ընտանիքում մայրանալու արժանացա. Քո շնորհն ինձ երեխաներ պարգևեց, և ես համարձակվում եմ ասել՝ Նրանք Քո երեխաներն են: Որովհետև Դու կյանք պարգևեցիր նրանց, կենդանացրիր անմահ հոգով, մկրտությամբ վերածնեցիր նրանց կյանքի համար՝ Քո կամքի համաձայն, որդեգրեցիր և Քո Եկեղեցու գիրկն առար նրանց:

Տե՛ր, Դու միակն ես, որ ամեն ինչ գիտես, ամեն ինչ կարող ես և կամենում ես, որ բոլորն էլ փրկվեն ու ճշմարտության գիտությանը գան: Ճանաչել տո՛ւր իմ երեխաներին (անունները) Քո սուրբ ճշմարտությունն ու Քո կամքը, զորացրո՛ւ նրանց քայլելու Քո պատվիրանների շավիղներով, և ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս, ամեն:

* * *

Տե՛ր, ցմահ պահպանի՛ր նրանց շնորհալից վիճակում, արժանացրու՛ Քո Ուխտի խորհուրդներին հաղորդ լինելու, սրբգործի՛ր նրանց Քո ճշմարտությամբ. նրանցում և նրանց միջոցով թող սուրբ լինի Քո նվիրական անունը: Ի վերուստ օժտի՛ր ինձ Քո շնորհական օգնությամբ նրանց դաստիարակելու ի փառս Քո անվան և հօգուտ մերձավորի: Հանուն այդ նպատակի զինի՛ր ինձ գործելակերպերով, համբերությամբ ու զորությամբ: Սովորեցրու՛ ինձ նրանց սրտերում տնկել ճշմարիտ իմաստության արմատը՝ Քո երկյուղը: Քո աշխարհախնամ իմաստության լույսը ծագեցրու՛ նրանց մեջ: Թո՛ղ սիրեն Քեզ ամբողջ հոգով ու մտքով, թո՛ղ հարեն Քեզ ամբողջ սրտով, և թո՛ղ հընթացս բովանդակ կյանքի դողան Քո խոսքից: Տու՛ր ինձ իմաստություն համոզելու նրանց, որ իրական կյանքը պատվիրանապահությունն է, որ բարեպաշտությամբ զորացած աշխատանքը այսրաշխարհում անխռով ապրուստի, իսկ անդրաշխարհում անճառելի երանության բուն պատճառն է: Քո օրենքն ընկալելու շնորհը սփռի՛ր նրանց վրա: Մինչև իրենց կյանքի վերջին շունչը թո՛ղ Քո ամենուրեքության զգացողությունն ունենան. նրանց սրտերում ամենայն անօրենության հանդեպ վախ ու գարշանք հաստատի՛ր, թո՛ղ անարատ քայլեն իրենց շավիղներում, թո՛ղ հանապազ հիշեն, որ Դո՛ւ, Տե՛ր Ամենաբարի, Քո օրենքին ու արդարությանը նախանձախնդիր ես: Պահպանի՛ր նրանց ողջախոհության և Քո անվան նկատմամբ խորին պատկառանքի մեջ: Թո՛ղ իրենց վարքով չարատավորեն Քո Եկեղեցին, այլ ապրեն ըստ նրա պատվերների:

Կենդանացրու՛ նրանց հոգեշահ ուսումնառության բաղձանքով և ամենայն բարի գործի ունակ դարձրո՛ւ: Թո՛ղ ճշմարիտ պատկերացումներ ձեռք բերեն այն ամենի շուրջ, որոնց մասին գիտելիքներն անհրաժեշտ են նրանց իրենց վիճակում, և թո՛ղ հանուն մարդկության լուսավորվեն բարերար գիտությամբ:

* * *

Տե՛ր, իամստնացրու՛ ինձ՝ իմ երեխաների մտքում և սրտում անջնջելի դրոշմներով կնքելու Քո երկյուղը չճանաչողների հետ համագործակցելու մտավախությունը, ներշնչի՛ր նրանց ըստ ամենայնի հեռանալ անօրենների հետ ամենայն միություն կազմելուց: Եվ թո՛ղ ականջ չդնեն նրանց գարշահոտ զրույցներին, թո՛ղ չանսան թեթևամիտ մարդկանց, թո՛ղ հոռի օրինակները չշեղեն նրանց Քո ճանապարհներից, և թո՛ղ չգայթակղվեն այնու, որ անօրենների շավիղներն երբեմն բարեհաջող են այս աշխարհում:

* * *

Հա՛յր Երկնավոր, տու՛ր ինձ շնորհ ըստ ամենայնի զգուշանալ իմ արարքներով երեխաներիս գայթակղելուց, այլ, մշտապես աչքիս առաջ ունենալով նրանց վարքը, ետ դարձնել նրանց մոլորություններց, շտկել գործած սխալները, սանձահարել համառությունն ու անհնազանդությունը, ետ պահել նրանց նկրտումներից առ ունայնն ու թեթևամիտը: Թո՛ղ չհրապուրվեն խենթ մտքերով ու իրենց սրտի թելադրանքով չքայլեն, և թո՛ղ չմոռանան Քեզ ու Քո օրենքը: Թո՛ղ անիրավությունը չմթագնի նրանց միտքը և սասանի առողջությունը, և մեղքերը թո՛ղ չթալկացնեն նրանց հոգեկան ու մարմնական ուժերը: Արդար Դատավո՛ր, որ պատժում ես երեխաներին ծնողների պատճառով մինչև երրորդ և չորրորդ սերունդ, հեռու վանի՛ր այսպիսի պատուհասն իմ զավակներից, իմ մեղքերի պատճառով նրանց մի՛ պատժիր, այլ Քո շնորհի ցողով շաղի՛ր նրանց, և թո՛ղ հաջողություն ունենան առաքինության և սրբության անդաստանում, և թո՛ղ աճեն Քո բարեհաճության վայելման և բարեպաշտ մարդկանց հանդեպ սիրո մեջ:

* * *

Հա՛յր ողորմությունների ու ամենայն գթասրտության, մոր ծնողական զգացմունքով երեխաներիս համար երկրային բարիքների ամենայն առատություն կցանկանայի, նաև՝ օրհնություն երկնային ցողից ու արգավանդ հողից, բայց թո՛ղ Քո Սուրբ կամքը լինի նրանց հետ: Ըստ Քո բարեհաճության կարգի՛ր նրանց բարեբախտությունը, հանապազօրյա հացից մի՛ զրկիր նրանց իրենց ողջ կյանքում, ի վերուստ օժտի՛ր նրանց ժամանակի մեջ հարկավոր ամեն ինչով՝ երանելի հավիտենությունը ձեռք բերելու ի խնդիր, ողորմած եղի՛ր նրանց հանդեպ, երբ մեղանչեն Քո դեմ, նրանց մանկության և տհասության մեղքերն մի՛ հիշիր, նրանց սրտերը բեկի՛ր, երբ կըմբոստանան Քո քաղցր առաջնորդության դեմ, պատժի՛ր նրանց և ողորմի՛ր՝ առաջնորդելով նրանց Քեզ հաճո ճանապարհով, բայց և երես մի թեքի՛ր նրանցից: Հաճությամբ ընդունի՛ր աղոթքները նրանց, ամենայն բարի գործում հաջողություն պարգևի՛ր, մի՛ անտեսիր նրանց իրենց նեղության օրերին, թո՛ղ իրենց ուժերից գերիվեր գայթակղությունների չհանդիպեն: Քո գթությամբ նրանց հովանին եղի՛ր, թո՛ղ Քո հրեշտակը անպակաս լինի նրանցից և պահպանի ամենայն պատուհասից ու չար շավիղներից:

* * *

Տե՛ր Ամենաբարի, ինձ՝ իր զավակներով բերկրող մայր դարձրու՛, որ կյանքիս օրերի ուրախությունը լինեն և ծերությանս նեցուկը: Արժանացրու ինձ՝ Քո գթությանն ապավինելով, նրանց հետ կանգնել Քո Ահեղ դատաստանի առաջ ու անարժան համարձակությամբ ասել՝ Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու ես, Տե՛ր, ինձ պարգևել: Նրանց հետ միասին, փառաբանելով Քո անճառելի քաղցրությունն ու սերն հավիտենական, թո՛ղ գովաբանեմ ամենասուրբ անունը Քո՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում