Մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմում

Մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ՝ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմում

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր և սցենարի հեղինակ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը։

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 1 ժամ 40 րոպե տևողությամբ «Էրկեն Կիշեր» պատմական դրամա-ֆիլմաշարը ստեղծվել է 3 տարվա ընթացքում իրականացված նկարահանումների և հսկայածավալ աշխատանքի արդյունքում: Ֆիլմի ռեժիսորը հանդիսատեսին կներկայացնի երեք տարբեր պատմություններ՝ մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ: Ֆիլմի հերոսները դժվարին իրավիճակում հայտնված և ընտրության առաջ կանգնած անհատներ են, որոնց կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կյանքում:

Տարբեր ժամանակաշրջանների հերոսների դրամատիկ պատմությունները կապված են գայլի և գնդաձև քարի հետ. ճակատագիրը հետապնդում է այդ քարի տերերին: Քարի հազարամյա ճամփորդությունը ժամանակի մեջ սկսվում է Նարեկացու դարաշրջանից, ապա անցնելով 1915-ի հայկական կոտորածների սարսափների միջով՝ հասնում է մինչև մեր օրերը և ավարտվում ամուսնական զույգի տարօրինակ ընտանեկան դրամայով՝ վեր հանելով եռանկյունու երրորդ կողմը կազմող փողոցային մարմնավաճառի բարոյական արժեքները, որոնք ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը:

Գլխավոր դերերում հանդես են եկել՝ Շանթ Հովհաննիսյան, Սամվել Գրիգորյան, Լուիզա Ներսեսյան, Բաբկեն Չոբանյան, Նարինե Գրիգորյան, Մարիա Սեյրանյան, Մինաս Ասրյան, Վաչե Երիցյան։
Պրոդյուսերներ են Կարինե Սիմոնյանը, Էդգար Բաղդասարյանը։

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում