Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան

Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, որը դեկտեմբերի 3-ից Մատենադարանի մոտ հացադուլ է անում, այսօր հանդիպելու է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ։ Հանդիպումից հետո հնարավոր է նա դադարեցնի հացադուլը, եթե, իհարկե, համաձայնության գան՝ գրավոր։ Լրագրողների հետ հանդիպմանը Հ. Գալստյանն ասաց, որ այս ընթացքում իրեն է այցելել նաև նախագահ Արմեն Սարգսյանը, Մայր Աթոռից՝ Տեր Վահրամը, ով փոխանցել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հորդորը՝ դադարեցնել հացադուլը։

«Լիլիթ Մակունցը նույնպես հորդորեց դադարեցնել հացադուլը, նշեց, որ հարցը լուծում կստանա։ Նայեց փաստաթղթերը, տեսավ ու հասկացավ, որ հարցին պետք է լուծում տրվի, այլապես Հայաստանը կներքաշվի շատ լրջագույն խնդիրների մեջ։ Ես ասացի, որ պարոն Ամիրյանի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում, հացադուլը կդադարեցնեմ, երբ որ գրավոր համաձայնագիր ստորագրեն։ Հացադուլս կդադարեցնեմ այն պահին, երբ մշակույթի նախարարության հետ գանք վերջնական համաձայության»,- նախարարի հետ հանդիպումից մանրամասներց ներկայացրեց կինոռեժիսորը։

Հիշեցնենք, որ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Պարալլելս ֆիլմ» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել և պահանջում է «Տատիկիս Վարսերը» Հայ-բուլղար-գերմանական համատեղ կինոնախագծի հանդեպ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարաման երաշխիքներ։

«Իմ պահանջն է ՝ Հայաստանը վերստանձի իր պարտավորությունները ֆիլմի հանդեպ»,- ասուլիսում կրկին իր պահանջը ներկայացրեց Հովհաննես Գալստյանը։

Նա ներկայացրեց Ազգային կինոկենտրոնի հետ 2015-ին կնքած պայմանագիրը, որով 2016-2018 թվականներին «Տատիկիս Վարսերը» ֆիլմի բյուջեի 30 տոկոսը պետք է տրամադրի՝ 88 միլիոն դրամ։ Ներկայացրեց նաև նամակը, որի հիման վրա սկսել են համագործակցել Գերմանիայի և Բուլղարիայի հետ։ Այնուհետև Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանն առաջարկել է միանգամից երեք տարվա պայմանագրի փոխարեն պայմանագիր կնքել ամեն տարի, քանի որ բյուջեն էլ հաստատվում է ամեն տարի։ Հ. Գալստյանն ասաց, որ այս տարի ֆիլմերի ֆինանսավորման մրցութային հանձնաժողովը նոր կանոկարագ են սահմանել, որով վերացրել են 2015 թվականի իրենց պարտավորությունը, որովհետև գտել են, որ նախկինում թույլ տված խախտումներ ունեն։

«Բայց եթե դուք 2018 թվականին ընդունում եք կանոնակարգ, դա վերաբերում է 2018 թվականի այդ պահից սկսած ֆիլմերին, ոչ թե դրանից առաջ եղած գործընթացներին, օրենքի հետադարձ ուժ չկա»,- ասաց կինոռեժիսորը։

Նա տեղեկացրեց, որ 88 միլիոնից 2016-ին փոխանցվել է 8 միլիոն դրամ, 2017-ին՝ 15 միլիոն, այս տարի պետք է փոխանցվեր հիմնական մասը՝ 65 միլիոն դրամը։

«Ըստ երևույթին նրա համար, որ բյուջեում փող չկա, կամ չգիտեմ՝ ինչ խնդիրներ են, հետո տեսել են, որ դրսից ֆինանսավորում ունենք, մտածել են՝ գնացեք նկարեք»,- ասաց Հ. Գալստյանը։

Նրա խոսքով, հիմնական խնդիրն այն է, որ եթե մինչև 2018 թվականի ավարտը Հայաստանը չստանձնի իր 30 տոկոսի պարտավորությունը, Բուլղարիան, Գերմանիան հավելյալ հայց կներկայացնեն Հայաստանին։

«Կընդգրկվենք մի պրոցեսի մեջ, որը պետք չէ որևէ մեկիս, Հայաստանի վարկանիշին հարված կլինի, եթե ֆիլմը մտավ դատական պրոցեսների մեջ, որևէ հիմնադրամ չի ֆինանսավորի։ Նաև հարված կլինի Հայաստանի պետական բյուջեին, քանի որ մինչև վերջին լուման ներդրած գումարը կստիպեն վերադարձնել»,- ասաց հացադուլ հայտարարած ռեժիսոր Հ. Գալստայանը։

Հովհաննես Գալստյանը նաև տեղեկացրեց, որ երեք անգամ կառավարությանն է ներկայացրել մի նախագիծ, ճանապարհային քարտեզ, որով կինոյում կառուցվածքային փոփոխություններ կատարելու դեպում բազմամարդ Ազգային կինոկենտրոնը կդառնա մոբիլ և ճկուն կառույց, և ընդամենը երեք տարում կարող են հայկական կիոն սարքել ծախսածածկող։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում