Արմենուհի Մանուկյան. «Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը պետք է ունենա իր շենքը»

Արմենուհի Մանուկյան. «Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը պետք է ունենա իր շենքը»

Մեր հարցերին պատասխանում է Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը:

– Ի՞նչ հիմնախնդիր ունի Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, որպես տնօրեն, հատկապես ինչը կառանձնացնեք։

– Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, որպես ՀՀ առաջին պետական տիկնիկային թատրոն, ունի 2 հիմնախնդիր, որոնց լուծմամբ կլուծվի մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդիր` շենքի վերանորոգման խնդիրը:

1. Որպես ՀՀ առաջին պետական տիկնիկային, մեր թատրոնն ունի իրավունք ունենալու իր իսկ «տունը»: Աբովյան 133 հասցեում գտնվող թատրոնի շենք տեղափոխվել ենք 1984 թ.-ից, շենքը համայնքապատկան է: Ժամանակին կային խոսակցություններ թատրոնի շենքի շուրջ պտտվող, որ մեզ տեղափոխում են այլ տարածք`անհայտ էր վայրը ու անհայտ էին պայմանները: Ճիշտ է, այժմ քաղաքապետ պրն Բալասանյանը զրոյացրել է այս տեսակ մտքերը, բայց ով իմանա, թե ով է հաջորդ քաղաքապետն ու ինչ մտքեր կունենա այս շենքի հետ կապված: Ուստի անհապաղ եմ համարում այն, որ Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը պետք է ունենա իր սեփական շենքը, քանի որ այն 5-10 տարվա ձևավորված թատրոն չէ, այլ 83 տարվա խորն ու ամուր պատմությամբ, անվանի գործիչներով թատրոն է, որտեղ հենասյուների կողքին ստեղծագործում են նոր ու միջին սերունդներ, ովքեր կերտողն են քաղաքի, մարզի ու երկրի կարևոր զարկերակի պատմության:

2. Երկրորդ հիմնական խնդիրը պատկանելության հարցն է: Չի կարող այս հզորության թատրոնը մնալ որպես համայնքապատկան կառույց: Պարտադիր է, որպեսզի ՀՀ մշակույթի նախարարությունը վերադարձնի ՀՀ առաջին պետական տիկնիկային թատրոնին իր կարգավիճակը, ինչուի պատճառներից մի քանիսը վերը նշեցի:

– Ձեր կարծիքով, կա՞ հիմնախնդիր, որը ընդհանուր է Հայաստանի բոլոր տիկնիկային թատրոնների համար։

– Իմ կարծիքով՝ ընդհանուր հիմնախնդիրներ չեն կարող չլինել: Վերապատրաստումների կարևորությունը կառանձնացնեմ մնացած բոլոր կետերից: Թե տիկնիկագործության, թե ստեղծագործական մնացած ոլորտներում պարտադիր է վերապատրաստումը, փորձի փոխանակումը, որովհետև առանց այս գործոնների դու որպես ստեղծագործող շատ կարճ ժամանակում կլճանաս ու կդառնաս ձանձրալի: Կարևորը թատրոնում ոչ միայն տիկնիկի ճկունությունն է, կերպարային գեղեցկությունը, այլ նաև ասելիքը: Մանկագիրների պակաս կա` հրաշապատում չունենք, հեքիաթի պակաս կա, իսկ մենք հիմնված ենք հեքիաթի վրա:

– Լինելով ոչ պետական կառույց, ի՞ նչ աղբյուրներից է հովանավորվում տիկնիկային թատրոնը։

– Մենք համայնքապատկան կառույց ենք, քաղաքապետարանը միայն կարողանում է մինիմալ աշխատավարձերը փոխանցել: Այլ օգնական ձեռք չունենք, մենք ենք հոգում մեր բոլոր ծախսերը:

– Իսկ երբևէ դիմե՞լ եք որևէ պետական կառույցի հովանավորություն ստանալու համար, և ինչ կառույցների եք դիմել։

– Ցանկացած կառույցի դիմելիս պատասխանն է՝ օգնեմ, բայց քաղաքապետարանն ինչո՞ւ չի օգնում: Դիմել ենք ամենատարբեր կառույցների՝ գործարարների, անհատների, բարերարների։

– Իսկ քաղաքապետարանը ինչպե՞ս է պատճառաբանում իր չհովանավորելը:

– Միակ պատճառաբանությունը սա է՝ բյուջե չունենք։

– Առաջիկայում ի՞նչ ակնկալիքներ ունեք։

– Շենքային խայտառակ պայմանների մասին բարձրաձայնելու պտուղները մանր-մանր քաղում ենք: Սրտացավ անձինք կան մեր երկրում, անտեսելով մեր պատկանելությունը որպես կառույց: Թեև քաղաքապետն էլ վերջերս մտածում է` ունեցած բյուջեի սահմաններում ինչպես լինել օգտակար թատրոնի շենքին: Տեսնենք։

Զրույցը` Թամարա ԱՎԱԳՅԱՆԻ

Արմենուհի Մանուկյանի լուսանկարը` իր Ֆեյսբուքի էջից

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում