Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում

Ալեքսեյ Շորին շնորհվեց Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում

Երևանի պետական կոնսերվատորիայի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորին։ Պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այսօր կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանն Ալեքսեյ Շորին հանձնել է դոկտորի կոչման հավաստագիրը։

«Մինչև իմ պաշտոնավարելը Երևանի պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը հիմք է դրել հետաքրքիր համագործակցության և կապերի, ինչի համար շնորհակալ եմ։ Ես շարունակելու եմ այդ ավանդույթը»,- նշել է տիկին Հովհաննիսյանը։

Ալեքսեյ Շորն իր երախտագիտությունն է հայտնել իրեն բարձր կոչման արժանացնելու համար։ Նա նշել է, որ արդեն մի քանի տարի համագործակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, հայաստանյան այլ կոլեկտիվների և երաժիշտների հետ, որոնք մեծ վարպետությամբ են աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում իր երաժշտությունը։

Ալեքսեյ Շորը 2018-2019 համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտորն է։ Եվ դեկտեմբերի 12-ին պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնելու է համերգային ծրագիր, որի մեջ ներառված են բացառապես Շորի ստեղծագործությունները։ Ընդ որում, երեկոյի ընթացքում կհնչի համաշխարհային պրեմիերա՝ Շորի Ջութակի կոնցերտը։

 Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում