Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը

Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Պարալլելս ֆիլմ» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը, ով դեկտեմբերի 3-ից հայցադուլ էր անում, այսօր դադարեցրել է։

«Քիչ առաջ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հանդիպեց Հովհաննես Գալստյանին: Հանդիպման արդյունքում Գալստյանը որոշեց դադարեցնել հացադուլը…»,- ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ Հ. Գալստյանը պահանջում էր «Տատիկիս Վարսերը» հայ-բուլղար-գերմանական համատեղ կինոնախագծի հանդեպ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների կատարաման երաշխիքներ։

Այսօր ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը նա ասել էր, որ հանդիպելու է Լիլիթ Մակունցի հետ, ով օրեր առաջ այցելել էր իրեն՝ հորդորելով դադարեցնել հացադուլը։

«Նա նշեց, որ հարցը լուծում կստանա։ Նայեց փաստաթղթերը, տեսավ ու հասկացավ, որ հարցին պետք է լուծում տրվի, այլապես Հայաստանը կներքաշվի շատ լրջագույն խնդիրների մեջ։ Ես ասացի, որ պարոն Ամիրյանի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում, հացադուլը կդադարեցնեմ, երբ որ գրավոր համաձայնագիր ստորագրեն։ Հացադուլս կդադարեցնեմ այն պահին, երբ մշակույթի նախարարության հետ գանք վերջնական համաձայության»,- մասնավորապես նշել էր Հ. Գալստյանը։

Մշակույթի նախարարությունից էլ տեղեկացնում են. «Դեկտեմբերի 3-ից հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանն այսօր դադարեցրեց հացադուլը՝ դրա համար բավարար հիմք ընդունելով մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքը: Հովհաննես Գալստյանի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, իրավաբանների, այդ թվում՝ ռեժիսորի շահերի պաշտպանի և ՀՀ մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանի, ինչպես նաև խնդրով մտահոգ այլ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ նախարարությունն ու Ազգային կինոկենտրոնն այս հարցում առաջնորդվելու են՝ հիմք ընդունելով միայն օրենքն ու խնդրին առնչվող փաստաթղթերի օրինականությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովհաննես Գալստյանի ձեռքին գտնվող և Հայաստանի ազգային կինոկենտրոնում առկա «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրական գործընթացին առնչվող փաստաթղթերում, մասնավորապես՝ 2015-ին Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի կողմից տրված աջակցության վկայագրի հայերեն և անգլերեն տարբերակներում կան էական տարբերություններ, ինչը և դարձել է ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի պատճառը, առաջարկում եմ՝ ստեղծել շահագրգիռ բոլոր կողմերը ներառող աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի և երկօրյա ժամկետում կներկայացնի գործին առնչվող բոլոր փաստաթղթերի վերաբերյալ իրավական եզրակացություն: ՀՀ օրենսդրությանը համապատասխանող իրավական անհրաժեշտ հիմքն ապահովելու դեպքում Հայաստանի ազգային կինոկենտրոնը կշարունակի իրականացնել «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ ստանձնած ֆինանսական պարտավորությունները»:

Հովհաննես Գալստյանն ընդունեց առաջարկն ու ճաշակած քաղցրավենիքով վերջ դրեց 9 օր առաջ սկսած հացադուլին»։

Աղբյուր` Panorama.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում