«Մարդի՛կ, ուշքի եկեք»

«Մարդի՛կ, ուշքի եկեք»

Հարցազրույց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Քուշկյանի հետ

– Վերջերս եք վերադարձել Մոլդովայում կայացած MoldFest 10-րդ կամերային թատրոնների լաբորատորիա եւ փոքրամասշտաբ ներկայացումների միջազգային փառատոնից: Ներկայացել եք կարծես ձեր այցեքարտը դարձած Դոստոեւսկու «Ապուշը» վեպի հիման վրա Վահե Շահվերդյանի ռեժիսուրայով «Նաստասիա Ֆիլիպովնայի դերում՝ իշխան Լեւ Նիկոլաեւիչ Միշկինը» մոնոդրամայով:

– Այո, սա իմ այցեքարտն է եւ ինձ վաղուց դիմում են Իշխան Միշկին… Այս դերի համար ես արժանացել եմ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին: Մոլդովայից առաջ նույն կերպարը խաղացի Լիտվայում կայացած ATSPINDYS փառատոնում, որտեղ ոչ թե կարծես, այլ իսկապես մոնոներկայացումների մարաթոն էր, որը սկսվում էր առավոտյան, շարունակվում մինչեւ գիշեր, օրինակ՝ բեմելս նշանակված էր գիշերը ժամը 1-ին, ներկայացումն էլ տեւում է 55 րոպե… Մի տեսակ վախ կար մոտս, հազար ու մի բան էր անցնում մտքովս, ասենք՝ սակավ հանդիսատես լինի կամ չլինեն մասնագետներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ… Նույնիսկ մտածում էի՝ արժե,՞ արդյոք, խաղալ: Բայց ներկայացման ավարտին, երբ աստիճանաբար մարեցին լույսերը, վայրկյաններ դադարից հետո հնչեցին օվացիաներ: Մոլդովայում ներկայացումն ընդունվեց իսկապես, կներեք, որ ես եմ բարձրաձայնում՝ ֆանտաստիկ…

– Ինչպե՞ս արտահայտվեց ֆանտաստիկ ընդունելությունը:

– Դահլիճը լեփ- լեցուն էր ոչ միայն հանդիսատեսով, այլեւ ներկա էին թատերագետներ, տարբեր փառատոների տնօրեններ: Ընդ որում, վերջում լինում է մասնագիտական քննարկում: Թեեւ ես ներկա չեմ եղել դրան, ինձ փոխանցեցին, որ տեղացի թատերագետներից մեկը հետեւյալ արտահայտությունն է արել. ամեն փառատոն ունի իր հերոսը, մեր հերոսը Արմենն է: Ավելին, մասնագետներից մեկն էլ ասել է՝ սկզբում ինձ թվաց, թե հայ դերասանը լինզաներով է, որպեսզի ավելի արտահայտիչ լինեն աչքերը, հետո-հետո հասկացա, որ դա նրա հայացքն է, ավելի ճիշտ՝ ներկայացման հայացքը: Նման խոսակցությունները շարունակվել են երկար, ինչը ինձ համար, այո, ֆանտաստիկ է՝ գումարած հանդիսատեսի ընդունելությունը:

– Ասում են՝ այդ մոնոներկայացման գաղափարը «Արմմոնո» միջազգային փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանինն է: Մեր հանդիսատեսին այն ծանոթ է 2017թ. կայացած «Արմմոնոյից»:

– Դա այդպես է, այդ «թույնը» կաթեցրել է հենց տիկին Մխիթարյանը: Սա իմ դիպլոմային աշխատանքն էր, դարձյալ շահվերդյանական ռեժիսուրայով ու դարձյալ Միշկինի կերպարում: Վահե Սուրենիչը երկու անգամ է անդրադարձել «Ապուշին»՝ առաջինը որպես դիպլոմային աշխատանք, իսկ երկրորդը՝ մի քանի տարի անց, Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում՝ ինստիտուտում իր արվեստանոցն ավարտած դերասանների մասնակցությամբ:

– Վերջին շրջանում մեզ մոտ մոնոներկայացումների պակաս չի զգացվում: Կարելի՞ է ենթադրել, որ դա ստեղծագործական քաղցը հագեցնելու համար է:

– Իսկ ինչո՞ւ ոչ: Ես ու կոլեգաներս չենք կարող նստել ու սպասել, որ թատրոնում ռեժիսորները երբ կնկատեն մեզ: Մենք մոնոներկայացումներին վերաբերվում ենք ամենայն լրջությամբ, օրինակ՝ ես տարիներ առաջ մոնոյի հանդեպ նույնիսկ վախ եմ ունեցել, ինձ միշտ հետապնդում էր այն միտքը, որ միայն փորձառու, հասուն դերասանը իրավունք ունի դիմել այս ձեւաչափին: Իսկապես փորձառու դերասանը կարող է հանդիսատեսին «պահել», ասենք՝ մեկ ժամ կամ ավելի… Բայց տարիներ անց, երբ արտասահմանում դիտեցի բազմաթիվ մոնոներկայացումներ, հիմա արդեն գտնում եմ, որ դրանք նախեւառաջ երիտասարդ դերասանի փորձաքարն են: Թող մեծամիտ չհնչի, բայց ասեմ, որ տարեց դերասանը կարող է ապահովել ներկայացման միայն էմոցիոնալ մասը, մինչդեռ այսօրվա հանդիսատեսին, մանավանդ՝ արտասահմանի, հետաքրքրում է նույն հույզը, բայց գումարած երիտասարդական «դրայվը», էներգիան, ուժը…

– Ասացիք, որ չեք կարող նստել ու սպասել մինչեւ ռեժիսորները ձեզ նկատեն: Իսկ ձեզ նկատել են եւ դուք խաղացանկային գոնե երկու բեմադրություններում ընդգրկված եք՝ Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդում» (ռեժիսոր՝ Արթուր Սահակյան) եւ Նիկոլո Բայերի «Դեպք մետրոյում» (ռեժիսոր՝ Դավիթ Հարությունյան): Վերջերս ձեր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մեզ հայտնեց, որ թատրոն են հրավիրված Նիկոլայ Ծատուրյանը, Սերժ Մելիք-Հովսեփյանը եւ Արման Վաթյանը՝ բեմադրություններ իրականացնելու նպատակով: Դուք ընդգրկվա՞ծ եք որեւէ նոր բեմադրության մեջ:

– Շանթի «Կայսրում» ընդգրկված էի, բայց իմ խնդրանքով ազատվել եմ: Հրաժարականիս պատճառը վիրավորանքս է իմ եւ գործընկերներիս համար. ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը մեր թատրոնի պրեմիերաներից մեկի ավարտին հայտարարեց՝ ստեղ դերասան չկա…

– Գոնե վերջին 30 տարիներին հնչող «մոդայիկ» մի հարց՝ ինչո՞վ եք պահում ձեր ընտանիքը: Միայն չասեք՝ թատրոնի աշխատավարձով, որովհետեւ մեր պետական թատրոնների որոշ ղեկավարներ աշխատում են միաժամանակ 3, նույնիսկ ավելի տեղում:

– Դասավանդում եմ Կոջոյան կրթահամալիրում, Զեյթունի եւ Նորագավիթի մշակութային կենտրոններում ու բաց չեմ թողնում ոչ մի հարսանյաց հանդեսի հրավեր, ոչ թե թամադայի, այլ հանդիսավարի դերում: Դրանք տարբեր բաներ են:

– Անդրադառնալով ձեր մոնոներկայացմանը, նշենք, որ Միշկինի կերպարը եթե ամբողջացնենք, ապա այն աշխարհի բարությունն է, որը հիվանդ է: Ձեր հերոսն էլ ասում է՝ ավելի հեշտ է մարել վերջին լույսը, քան ցրել խավարը: Համամի՞տ եք:

– Ներկայացումը մեծ հաշվով մեսիջ է՝ մարդի՛կ, ուշքի եկեք:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում