Անապատի նկարիչը

Անապատի նկարիչը

Աստծուն փնտրելու համար մի մարդ մարդաշատ քաղաքից փնթփնթալով հեռանում է ու բնակություն հաստատում անապատում: Մեկ տարի անց մասնագիտությամբ խառատ նրա եղբայրը որոշում է այցելել իր ճգնավոր եղբորը: Խցին մոտենալիս զարմանում է, քանի որ չորս կողմը բազմաթիվ դիմանկարներ են շարված լինում, որոնց մեջ առաջին շարքում նաև իր դիմանկարն է տեսնում, և երբ եղբայրը դուրս է գալիս, ասում է.

– Տարակուսած եմ. եկել ես այստեղ ճգնելու և աղոթելու, հոգևոր լռության մեջ լինելու, սակայն նկարիչ ես դարձել և դիմանկարներ ես նկարել:

Ճգնավորը պատասխանում է.

– Իմ մտքում և մտապատկերում ում հիշում էի և նրանից դժգոհ էի, նկարեցի, որպեսզի չմոռանամ և ամեն առավոտ այդ դիմանկարները տեսնեմ ու նրանց կատարած սխալների համար նախատեմ, որ հոգիս խաղաղվի, իսկ նրանք էլ չկարողանան ինձ պատասխան տալ և արդարանալ, բայց այդպես էլ չեմ հանդարտվում ու խաղաղվում անմարդաբնակ այս անապատում:

Եղբայրը հարցնում է.

– Իսկ ինչո՞ւ ես առաջին շարքում իմ դիմանկարը տեղադրել:

Ճգնավորը պատասխանում է.

– Ինչպես միշտ, այդպես էլ հիմա, ոչ թե մետաղներն ես տաշում, այլ իմ նյարդերը, դրա համար էլ առաջինը հենց քո դիմանկարի առջև քեզ եմ նախատում:

Խառատը պատասխանում է.

– Դու ոչ թե անապատ պետք է փախչեիր ու մարդկանցից հեռու լինեիր, որպեսզի խաղաղություն ձեռք բերեիր, այլ Աստծո ներկայության մեջ պետք է լինեիր` մարդկանց սիրելով, նրանց ներելով և սիրով ու խոնարհությամբ առաջնորդվելով…

Վանականությունն ու ճգնավորությունն առաջին հերթին մարդու սրտում են լինում, այլ ոչ թե մարդկանցից հեռու աշխարհագրական վայրում…

Հովհաննես Մանուկյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում