Մեղա՜ Քեզ Տեր, մեղա՜, քանզի խախտեցի Քո պատվիրանները

Մեղա՜ Քեզ Տեր, մեղա՜, քանզի խախտեցի Քո պատվիրանները

Սուրբ ծերերի մեջ կար մեկը, որին Քրիստոս այնպիսի շնորհ էր տվել, որ Սուրբ Հոգու շնորհիվ տեսնում էր բաներ, որ մյուսները չէին տեսնում:

Մի անգամ, երբ եղբայրներով զրուցում էին հոգևոր բաների շուրջ, այնժամ ծերը տեսնում էր եղբայրների մեջ կանգնած ժպտադեմ սուրբ հրեշտակներին, որոնք հաճույքով ունկնդրում էին խոսակցությունն Աստծո մասին: Երբ խոսակցությունը փոխվում էր ունայն թեմաների շուրջ, հրեշտակները տխրելով հեռանում էին զրուցակիցներից, և նրանց փոխարեն հայտնվում էին գարշելի վայրի բորոտած խոզեր, որոնք դևեր էին:

Նրանք ընդունել էին խոզի կերպարանք և զվարճանում էին վանականների շատախոսությամբ և դատարկաբանությամբ:

Այս տեսնելով, երանելի ծերը գնաց իր խուցը և ամբողջ գիշեր արտասվեց: Նա ցավով արտասվում էր վանականների հոգևոր սայթաքումների համար: Ծերը տեղեկացրեց և ուսուցանեց վանքում ապրող հայրերին ու եղբայրներին՝ ասելով. «Պահպանեք ձեզ շատախոսությունից և ունայն զրույցներից, որից հոգու համար ծնվում են վնասներ և մահ: Մենք չենք հասկանում, որ նման խոսակցությունների միջոցով դառնում ենք ատելի Աստծուն և Իր հրեշտակներին: Շատախոսությունը տկարացնում է մեր հոգին և միտքը ու այնտեղ ստեղծում մեծ դատարկություն»:

(Հարանց Վարք)

Հեռացրո՛ւ, Տե՛ր, իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն՝ չար խոսելուց, իմ ականջները՝ չար լուր լսելուց, ձեռքերս՝ հափշտակելուց և ոտքերս՝ անառակ ճանապարհ գնալուց և բոլոր անդամներս՝ զգաստացրու միշտ կատարելու Քո կամքը:

Տե՛ս, Տե՛ր, իմ տառապանքները և իմ բազմամեղ հոգու ցավերը, դարձի՛ր, ների՛ր և դեպի Քե՛զ առաջնորդիր, ինչպես որ ասացիր.

«Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ»:

Ո՛վ Խորք մեծության և իմաստնության, ընդունի՛ր բռնվածիս, որ մեղքերով ընկել եմ ծովի խորքը, պահպանի՛ր և զորացրո՛ւ ինձ՝ գործելու Քո կամքը, օր ու գիշեր սգալու և լալու իմ ողջ անօրենությունն ու հեղգությունները:

Քավի՛ր ինձ, Տե՛ր, մեղքերից և բամբասանքներից և ներիր իմ անժուժկալության ու ծուլության, որկրամոլության և դատարկաբանության համար, մաքրի՛ր աղտեղության ցանկությունը, հայհոյությունը և բոլոր չար բծերը:

Մեղա՜ Քեզ Տեր, մեղա՜, քանզի խախտեցի Քո պատվիրանները, ելա Կենաց Լույսից և մտա մեղքերի խավարը՝ աղտեղություններ ցանկանալով:

Քո սիրուց հեռացա, բռնվեցի չարից և կորստյան որդի եղա. ողորմի՛ր ինձ՝ բազմամեղիս, բարերա՜ր, քանզի միայն Դու ես մարդասեր:

Եփրեմ Ասորի

Հետևեք մեզ նաև Telegram-ում