Հրաչ Մելիք-Սարգսյան – Պատճառաբանված խոստովանություն

Հրաչ Մելիք-Սարգսյան – Պատճառաբանված խոստովանություն

(Շունչ – I)

Էակը ինչքան ավելի է կատարյալ,
այնքան ավելի զգայուն է դեպի
տանջանքն ու վայելքը:

(ԱՐԻՍՏՈՏԵԼ)

Ա

Զղջում եմ, Տե՜ր, ես չեմ պահպանել
աստվածաշնչյան բոլոր պատվիրանները,
մի՞թե հավատս է թույլ եղել.
վճռական ամեն մի քայլափոխը
իր ամբողջ զորությամբ ճանապարհիս է հայտնվել`
հմայիչ գայթակղությամբ քողարկված
փորձությունը գրկաբաց…
Դիմավորել է, երբ զգոնությունս եմ կորցրել,
դիմակայություն մեջս՝ չար ու բարու պայքար,
մարմինս տառապյալ դարձել է Ավարայր.
մեղքին հաջորդում է անկեղծ զղջումը,

ո՞ւր է , ո՞ւր է ցանկությունը խեղդող զորությունը
սիրտս ագահաբար արյունս է խմում,
կյանքն էլ սպառվում է նրա հետ
կում առ կում…
Փրկիր, ինձ Փրկի՛չ, փշրիր շղթաները կործանման
քնարս մի խաչ, Պառնասն էլ՝ Գողգոթա
կյանքը հարվածներով գամում է ինձ նրան,
առօրյան սուրսայր մագիլներով մարմինս է ծվատում,
ների՛ր, Ուսուցիչ, մեղքերս են ծանրացել.
խիղճս՝ խնձոր, մեղքն էլ որդ է խլրտուն
և խնձորն է ախորժակով խժռում:

Բ

Եվ վերջապես ներիր ինձ, կյա՛նք,
որ քո ընթացքի մեջ բայցեր եմ որոնել,
ըմբոստացել եմ, ապստամբել,
քանզի եղել եմ այնտեղ,
որտեղ մտքեր են խմորվում
և հետո տրոհվում,
որ նորից զոդվեն…
Տարիներն այնտեղ պահերով են արժևորվում,
նյութականն էլ սահմաններից դուրս է մնացել,
բայց իշխում է նույնիսկ հեռվից…
Մեսրոպատառ քանդակված հույզեր,
հարյուրավոր հուշարձաններ սպասում են իրենց հերթին,
որ պիտի հառնեն
հողից ու մոխրից՝
հանուն հավերժի…
Հանճարները այդ պիտի բարբառեն քնարով հնչեղ,
որ հանգած սրտերը նորից բռնկվեն,
պիտի կամրջեն անցյալ ու ապագա
եղած ներկայով,
ու ոչինչ անհետ չպիտի կորչի փոշու մեջ ահեղ,
քանի դեռ կա՛ն, թափառում են անհունում խելահեղ՝
օրհնյալ նվիրյալները բրչի ու գրի,

երդվյալ հետնորդները՝ նախնյաց հանճարի…
Եվ կփոխանցվի
սերունդ առ սերունդ
պարգևը այդ մեծ
որ կոչված է Արվեստ:

Գ

Ու մի հայացք դեպի ետ կարոտալի,
իղձեր անկատար՝ անցյալի գերի,
և եթե ինձ ներում շնորհվի,
արդյոք կարո՞ղ եմ ինքս ինձ ներել,
երբ վաղորդյան եղյամը դեմքիս շպարելով
ճակատագիրն եմ պատահմամբ ջնջել…
Ինչպես ինձ ներեմ, ինչպես այն ժխտեմ,
երբ կանոնավոր երթը մարդկության,
քաոս է թվում, բնությունն էլ՝ բանական.
ձորերը աչքիս՝ անջուր լճակներ,
բերքով ծանրացած ծառըմայրացած,
գետերն էլ՝ կապտարյուն երակներ…
Ինչպե՞ս այս ամենն անտեսեմ,
երբ հովվի շունը հոտն է կոտորում,
հովիվն էլ հանդարտ դիտում է հեռվից
ու պատժի տեսակ մտորում,
զարմացած գայլի ոհմակը ոռնում է սովից՝
հիշելով երբեմնի փառքը իր ցեղի…
Գայլը ստիպված պիտի շնանա,
ներկան էլ ինչպես միշտ անցյալին ձուլվի:

Դ

Եվ այսպիսի խառը իրարամերժ գոյության մեջ
մի՞թե հնարավոր է հոգին պահպանել,
հատկապես, երբ չարն է բարեկամի կերպարով…
Օ՜, ներիր ինձ, Տե՛ր,
որ հանդգնում եմ
արգելված ծառի պտուղը ճաշակել.
դառնությունն այդ քիմքիս դուրեկան չէ բնավ,
ավելի դյուրին է անտեղյակ ապրել.
թույլ տուր մի քիչ էլ փախլավա վայելեմ…
Անցագիր տուր ինձ՝
ցանկալին անցնեմ.
կնիքը բռնող ձեռքն է գծուծ,
ուր որ է խիղճս գրավ կդնեմ
սահմանաեզրին անցյալ–ապագա:
Մասիսը վկա… ուրիշ ելք չկա
(ու ինձ կասվի, որ հատկապես հիմա
դրա պահանջարկը շուկայում չկա):
Եվ այն կթողնեմ, կլքեմ ստիպված
մի ինչ–որ անցողիկ, չնչինի դիմաց
հետգնման հույսով, գուցե և անդարձ,
բայց ումի՞ց պիտի ես այն ետ գնեմ
ժայռերի՞ց քարսիրտ, թե՞ հողից ծակաչք… 

( շունչ – II )

Ե

Կցանկանայի կյանքը շոշափել
մանկան մատներով,
մանկան աչքերով նորից անրջել,
ցողի տենչով փարվել դաշտերին
ու տրվել թավշյա սիզամարգերին,
անմնացորդ – ներծծվել հողում,
հալչել օվկիանում,
ինչպես շաքարը մի բաժակ ջրում՝
քաղցրացնելով շուրթերը ծովափնյա…
Եվ անտառային արտաշնչանքով
խառնվել, ձուլվել կապույտ եթերում,
լցնել երկրի թոքը թթվածնով
և որպես քամի հարվածել ժայռին՝
ապառաժներ պոկելով
վիմանալ լեռնափուք կրծքին,
երգել քամու դիվային սուլոցով՝
ահաբեկելով անգամ դևերին…

Երկինքն ուսերիս մի սերապե
լասո նետել սուրացող ժամանակին
ու վարգել նրա հետ համընթաց.
հեռանալ, սուզվել հորիզոնում,
թողնել ամեն ինչ թերի, անկատար:

 Զ

…Որպես ոգեթուրմ արյունս է եռում,
րոպեն ասես վերածվեց վայրկյանի,
իսկ նշանակետը այնտեղ հեռվում
մեկ հուրհրում, մեկ էլ փայտի անմիտ ճարճատյուն…
Եվ երբ խավարը, որ սիրել եմ անկեղծ,
փոխակերպվում ու վախ է ծնում
հայրությունս չընդունելով՝
տենչում եմ մի գողտրիկ,
փոքրիկ երջանկություն.
մի քիչ համեմունք ծովթախիծի մեջ,
բայց ոչ շաբլոն համեմ ու կոտեմ,
և ոչ մի կասկած հավատը մաշող,
որ արժեքները չարժեզրկվեն
ամեն մի մուրճի դատարկ թխկոցից…
Ու ամեն երեկո ճանապարհորդի հապճեպությամբ
հիացմունք ու տագնապ համատեղելով,
մաս–մաս տեղավորելով օրվա ճամպրուկը՝
ավարտում եմ այն՝ կազմելով նոր օրվա ռիթմը՝
տեղ հատկացնելով անակնկալին…
Ու հպում եմ կոպերս հույսով,
որ ընդհատված երազը վերջին
կշարունակվի:

 Է

Եվ այսպես հնէաբանի համառությամբ
պրպտում եմ անիմանալին,
չներվելու գնով փորձում եմ սողոսկել
խորախոհ, մշուշված ծալքերը մտքի,
որտեղ պետք է, որ գտնեմ
ծրարված մասնիկը գոյի…
Ու ժամանակի քարացած դեմքը՝
որպես մայրուղու հիշեցման ցուցանակ
կարդում եմ բարձրաձայն:
Դարերը խորքից արձագանքում են՝ մեղա՜,
գետերն իրենց հունն են որոնում,
ու չի երևում աղբյուրը լույսի.
ուրվագծվող վերացական պատկերներ
միմյանց հաջորդող
և ոչ մի գերիշխող երանգ…
Գոյն այստեղ կերտում է հինգերորդ եղանակ,
բայց և միջանկյալ այն մյուս բոլորին,
ինչոր եղել է, կա,
անտրամաբանորեն հանգուցվում է մի տեղ…
Եվ ես ակամա ձեռքս ետ եմ քաշում
մանկան նման, որ պատահմամբ կրակն է բռնել:

( շունչ–III)

Ը

Ով Բարձրյալ, դարձյալ ներումդ եմ հայցում,
որ խոսելիս տեղի – անտեղի անունդ է շուրթերիս,
աղոթելիս շատ անգամ խնդրում եմ՝
չտալով ոչինչ,
ու նաև այն ամենի համար,
որ ակամա դեռ պիտի գործեմ…
Եվ որպես ամեն մի բարեպաշտ քրիստոնյա
ես էլ մի սղոց՝ ուրագների մեջ,
աղերսում եմ՝ ների՛ր,
որ դարեր շարունակ ստացած ապտակները
պիտի հերթով ետ վերադարձնենք…
Մի ազգ, որ ոչ միայն
իր գոյության հայտը վաղուց ներկայացրել
ու երեսունինը առասպելական սերմեր խաչհամբույրը գցել,
որ մինչ այժմ հյութեղ պտուղ են տալիս,
շնորհիվ հմուտ այգեպանների,
ու ես էլ փորձում եմ իմ այգին հիմնել,
այլ առաջինն ընդունեց… կրում է խոնարհ,

տառապման թիկնոցը որդուդ:
…Չեմ ուզում լինել գուժկան մունետիկ,
բայց “աստվածներն” են ծնվում – մահանում,
բախվելով մարդկային սին շահերին…
Օրհնիր՝ գրչի հարվածով ծովեր երկփեղկեմ,
տուր ևս տասը պատվիրան.
դարին համահունչ:

 Թ

Օ՜, սկիզբ գոյության ու գեղեցկության,
Դու, որ կողերից կին ես արարում,
ահա՛ կողերս…
Ես չեմ ցանկանում արևի շողերից
մի անթերի սիրուհի.
(երբեմն նույնիսկ առավելություն է
փոքրիկ թերությունը):
Իսկ թե չես տալու արժանի կողակից,
ետ տո՛ւր կողերս…
Վերադարձրու՝
փլատակների փոշու մեջ կորած
պատանեկությունս
ու հերթով հեռացող հարազատներիս,
մանկությունս վարդագույն,
նախնիներիս կորցրած Նաիրին,
չծնված ու մորթված հանճարներին…
Ես չունեմ այն միակ
երկար սպասված որդին,
որ դնեմ Քո ու մարդկության
զոհասեղանին…

Աղբյուր՝ Հայաստանի գրողների միության գրական կայք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում