Ասուլիսի փոխարեն կամ դե ֆակտո եւ դե յուրե

Ասուլիսի փոխարեն կամ դե ֆակտո եւ դե յուրե

«Ողբում եմ քեզ», սիրելի Համազգային թատրոն, «ողբում եմ քեզ, որովհետեւ վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»:

Ըստ Խորենացու

Հիմա հասկացա, թե հոդված գրելը որքան է դյուրին դարձել. Facebook-ով ճամփորդում ես, աջ ու ձախ copy-paste ես անում, ու արդեն հեղինակ ես: Սա՝ ի միջիայլոց: Facebook–ը դարձել է նաեւ ռազմադաշտ՝ ով ավելի շատ քանակ կհավաքի: Վիրտուալ տարածքից հարձակվելն ու վայրահաչ տալը, էժանագին like- եր հավաքելը վախկոտի եւ ունայնամիտի վարքագիծ է: Էլի հիշեցի Պատմահորը՝ «Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի՝ մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին…»: Բայց ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ «Revenons a nos moutons»: Համազգային թատրոնն իր գոյության 27 տարիների ընթացքում դեռ այսքան մեծ ու լայնածավալ գովազդային արշավ չէր ունեցել. սա մասնագետներն անվանում են՝ black PR, բայց սա, ցավոք, բացասաբար է անդրադառնալու թատրոնի հետագա գործունեության վրա: Facebook-ի օգտատերերից մեկն իբրեւ comment գրել էր, որ «այս սկանդալը խոչընդոտ է այս թատրոն հաճախելու համար»: Բազմաթիվ ստահոդ եւ վիրավորական մեղադրանքներից, որոնք հնչեցին դերասանների մամուլի ասուլիսին եւ սոցցանցերում, պատասխանեմ մի քանիսին: Ասելիքս, խնդրում եմ, չընկալել որպես արդարացում կամ ինքնապաշտպանություն:

Մեղադրանք 1. «Թատրոնի պարտքը եւ ապագա շենքը»

2017 թվականի հուլիսի 3-ին ստանձնեցի Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնավարումը, որի համար վարձատրվել եմ հոկտեմբերից (իսկ դեկտեմբերից մրցութային կարգով նշանակվեցի տնօրեն), ու շատ կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ թատրոնն ունի ե՛ւ դեբիտորական պարտք Cult.am -ից, ե՛ւ կրեդիտորական պարտք՝ «Հայ Հեղինակ» ՀԿ-ին՝ ստույգ 1.733161 (մեկ միլիոն յոթ հարյուր երեսուներեք հազար հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ. ահավասիկ պաշտոնական տեղեկանքը, որը վերջերս տրամադրեց «Հայ Հեղինակ» ՀԿ տնօրեն տիկին Սուսաննա Ներսիսյանը: Ցավոք, փորձ է արվում հանրությանը պարտքը ներկայացնել իբրեւ «ոչ պարտք», այլ «մատնոցախաղ»: Փաստերը խեղաթյուրելը՝ առնվազն անբարոյականություն է: Ի պատիվ թատրոնի` «Հայ Հեղինակ» ՀԿ-ի պարտքը ամբողջությամբ մարվել է 2017 թ. դեկտեմբերի 21-ին՝ հովանավորների օգնությամբ: Թատրոնի շենքի հարցը որեւէ մեկի մենաշնորհը չէ եւ ոչ էլ դափնեպսակը: Իսկ եթե ստույգ անուններ եք ուզում, ապա իմ նշանակումից երկու ամիս անց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի եւ ճարտարապետության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի համատեղ ջանքերով ծնունդ առավ մի նոր նախագիծ՝ բոլորովին նոր տեղում՝ ճարտարապետ Սահակ Ներսիսյանի մտահղացմամբ: Ավարը սեփականելու ժամանակը չէ, եւ մենաշնորհի իրավունք ոչ մեկին վերապահված չէ:

Մեղադրանք 2. «Երկու տարում՝ երկու ներկայացում»

Նախ մեկուկես տարում՝ սկսյալ 2017-ի հուլիսի 3-ից, երբ լիիրավ ստանձնեցի իմ առաքելությունը թատրոնում, եւ նախատեսված է եղել հինգ ներկայացում, որոնցից մեկը՝ Ամանորյա մանկական (իրականացվել է՝ բեմադրիչ` Արմեն Սարգսյան), երեքը՝ մասշտաբային՝ Մաքս Ֆրիշ՝ «Սանտա Կրուս», (իրականցվել է եւ արտաբյուջեն համալրել է երեքուկես միլիոն դրամով 14 ներկայացումից), Շեքսպիր` «Համլետ» եւ Ժիրայր Փափազյանի բեմադրությամբ՝ «Բազում աղմուկ վասն ոչնչի» (թեեւ սկզբնապես նախատեսել էի Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի բեմադրությունը՝ սա զրույցի այլ թեմա է). վերջին երկուսի փորձերը միտումնավոր տապալել են դերասանները, մասնավորաբար խորհուրդ եմ տալիս կարդալ Համլետի դերակատար, երիտասարդ շնորհալի եւ խոստումնալից դերասան, իմ նախկին ուսանող Արեգ Ֆորշ Գեւորգյանի բողոք-գրառումը Facebook -ում ընդդեմ տապալողների, եւ վերջապես՝ «Ձայն Լռության կամ Վեցերորդ պատվիրանը» ներկայացումը (իրականացրել է Դավիթ Հակոբյանը): Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղ են գտել ներկայացումների մասին հիացական արձագանքները, որոնց դրական չեն արձագանքում թատրոնի դերասանները, քանզի բացակայում են նրանց like-երը: Ինձ չեմ վերագրում «Սովորական օր» ներկայացման փաստը (2017թ. գարնանը), թեեւ այն իրողություն է դարձել իմ գեղարվեստական ղեկավար լինելու սկզբնահատվածում: Այսպիսով՝ պարզ թվաբանությամբ, եթե երկու տարի, ապա երկու տարում՝ վեց ներկայացում: Համազգային թատրոնի ամսական խաղացանկերը կազմվում են ըստ դերասանների զբաղվածության, փոխանակ հակառակ պատկերը լինի. թատրոնի հիմնական աշխատանքը ստորադասվում է թատրոնից դուրս դերասանների այստեղ-այնտեղ փող վաստակելուն. այսօր համազգայնցիները եկամտի աղբյուրներ են փնտրում սերիալներում, ֆիլմերի կրկնօրինակում-ձայնագրություններով, երկրի սահմաններից դուրս՝ կինոդերերով, հարսանիքներում, խնջույքներում՝ սեղանապետի դեր ստանձնելով, պատճառաբանում են, որ թատրոնի մշտական եւ կայուն աշխատավարձը բավարար չէ գոյատեւելու համար, թեեւ իրենց վերապահում են «թատրոնի նվիրյալի» կոչումը. այսպիսով՝ խաթարվում է թատրոնի բնականոն աշխատանքը, մեծանում է կախվածությունը դերասանների ժամանակացույցից, հաստատվում է դերասանների դիկտատուրա, ղեկավարության դիրքն ու հեղինակությունն ստորադասվում են դերասանների անձնական քմահաճույքներին, «գլխավոր» եւ «երկրորդական» դերերի մրցապայքարում (թեեւ թատրոնում բացառում եմ դերերի նման դասակարգումը) դերասաններն իրավունք են վերապահում որոշելու՝ ստանձնել դերը կամ հրաժարվել, ինչը հակասում է իրենց աշխատանքային պայմանագրին: Տեղին է մեջբերել Ստանիսլավսկու խոսքը. «Չկան մեծ ու փոքր դերեր, այլ կան փոքր ու մեծ դերասաններ»: Փաստ առաջին՝ «Սանտա Կրուս» մասշտաբային ներկայացման պրեմիերան նախատեսված է եղել 2018 թվականի փետրվարին 1-ին՝ ըստ Դրամաշնորհի հատկացման N 403 պայմանագրի: Ներկայացման մեջ ներգրավված դերասանների անհարգելի բացակայությունների, դրսում գերբեռնվածության պատճառով փորձերը անընդհատ ձգձգվել են, եւ պրեմիերան հարկադրաբար տեղափոխվել է 2018 թվականի մարտի 30, ինչի արդյունքում, համաձայն վերոնշյալ Պայմանագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետի, թատրոնը «վճարում է տույժ՝ հանձնման ենթակա, սակայն չհանձնված աշխատանքների արժեքի 0.05%-ի (հինգ հայուրերորդական) չափով՝ ուշացված յուրաքանչյուր օրացուցային օրվա համար»: Թատրոնը տույժը վճարեց, իհարկե, ի վնաս թատրոնի նշանակալից գումար՝ մոտ 100 000 ՀՀ դրամ: Իսկ երկու ամիսը բավարար ժամանակահատված է եւս մեկ ներկայացում պատրաստելու համար, եթե կա բարի կամք, համախմբվածություն եւ ցանկություն: Այս փաստի առնչությամբ կցում եմ պաշտոնական բացատրագիրը՝ ուղղված մշակույթի նախարարությանը: Ծայրահեղ հանդուրժողականությունս, մեղմությունս եւ ներողամտությունս այսօր շրջվեցին իմ դեմ:

Մեղադրանք 3. Երկու պաշտոնների համատեղումը

Թատրոնի գեղղեկի եւ տնօրենի պաշտոնները համատեղել եմ օրենքով եւ պետական լիազոր մարմնի նշանակումով: Ինչ վերաբերում է դերասանների հայտարարած գործադուլին, ներկայացնում եմ այն իրավական փաստաթուղթը, որի բուն էությանը խորհուրդ կտամ «ոլորտի պատասխանատուն» ծանոթանա եւ հրապարակավ հայտարարում եմ՝ դերասանների գործադուլը հակասում է ՀՀ օրենսդրությանը. կից՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին ուղղված, իրավաբանական քննություն անցած իմ նամակն է. «Հարգելի տիկին Մակունց, թույլ տվեք տեղեկացնել, որ ի պատասխան «Սոս Սարգսյանի անվան hամազգային թատրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքային կոլեկտիվի մի շարք աշխատողների կողմից 04.12.2018 թվականին ադմինիստրացիա ներկայացված գործադուլ հայտարարելու մասին գրությանը` հայտնում ենք հետեւյալ դիրքորոշումը՝ 1. Աշխատողները իրավունք ունեն ստեղծել ներկայացուցչություններ եւ բանակցել գործատուի հետ այն խնդիրների շուրջը, որոնք, աշխատողների հետ կնքած անհատական կամ կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում, գործատուն ստանձնել է եւ չի կատարել դրանք՝ օրինակ՝ աշխատավարձերի վճարում, աշխատանքների կազմակերպում, արձակուրդների տրամադրում եւ այլն: Այս առումով աշխատողների պահանջը տնօրենի աշխատանքից ազատելու մասին դուրս է «գործատու-աշխատող» հարաբերություններից եւ ոչ իրավաչափ: Մասնավորապես թատրոնի տնօրենը մրցութային ընթացակարգով նշանակված աշխատող է, եւ վերջինիս աշխատանքի արդյունավետությունը իրավասու է գնահատել իր գործատուն` այս դեպքում պետական լիազոր մարմինը: 2. Օրինական գործադուլ հայտարարելու համար կոլեկտիվ աշխատանքային վեճում անհրաժեշտ է պահպանել օրենքով սահմանված համապատասխան պարտադիր ընթացակարգերը՝ ՀՀ ԱՕ 67 հոդվածով նախատեսված փուլերը՝ որոնցից պարտադիրներից է հաշտեցման հանձնաժողովների ստեղծումը եւ բանակցային գործընթացի ապահովումը, ինչին գործատուն պատրաստ է նաեւ հիմա: 3. Գործադուլ հայտարարելու մասին որոշում ընդունելու իրավունք ունի արհեստակցական միությունը՝ ՀՀ ԱՕ 74 հոդված. իսկ նույն հոդվածի 1.1 կետով՝ արհմիության բացակայության դեպքում գործադուլ հայտարարելու գործառույթները կազմակերպության աշխատողները փոխանցում են համապատասխան ճյուղային կամ տարածքային միությանը: 4. ՀՀ ԱՕ 76 հոդվածի համաձայն՝ գործադուլը ղեկավարող մարմինը արհմիությունն է: Հիմք ընդունելով վերոգրյալը` հայտնում ենք, որ կոլեկտիվի ներկայացուցիչների պահանջը չի բխում աշխատանքային օրենսդրության պահանջներից, այն հիմնավորված չէ, ներկայացված է ցանկության տեսքով, չեն պահպանվել անհրաժեշտ ընթացակարգերը բանակցային գործընթացների համար, եւ գործադուլը հայտարարվել է օրենքի պահանջների խախտմամբ, ոչ իրավասու մարմնի կողմից, այն անօրինական է եւ աշխատողների բացակայությունը կդիտարկվի որպես անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալ` դրանից բխող օրենսդրական հետեւանքներով:

05.12.2018թ.

Տնօրեն՝ Վ. Չալդրանյան

Խոհեմության կոչեր եւ ուղերձներ հղելով՝ իբրեւ տնօրեն՝ դարձյալ խուսափել եմ կիրառել վարչարարական մեթոդներ՝ կարգապահական տույժեր, այդ թվում պայմանագրի լուծում՝ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 9-րդ կետի: Կրկնում եմ՝ ծայրահեղ հանդուրժողականությունս, մեղմությունս եւ ներողամտությունս դարձյալ շրջվեցին իմ դեմ: Նախարարություն ուղարկված իմ նամակները խնդրահարույց այս իրավիճակի շուրջը մնացին անպատասխան: Ինչ վերաբերում է իմ հրաժարականին՝ ի զարմանս ինձ՝ այն եղավ պարտադրված ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից դեկտեմբերի 10-ին: Ես չէի կասկածում, որ մենք այսօր ապրում ենք բացառապես օրենքի գերակայության երկրում: Եվ երբ ես բարձրաձայնեցի գործադուլի անօրինականության փաստի մասին, նախարարն ասաց, որ նրանք օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից. իսկ ո՞ւր մնացին «սահմանադրական իրավունքի» օրինական հիմքերը: Մշակույթի նախարարի պաշտոնակատարը որոշեց, որ կոնֆլիկտի միակ լուծումը իմ հրաժարականն է: Իմ պատասխանն է եղել. «Փաստորեն, դուք նախընտրում եք հանգուցալուծման համար զոհասեղանին դնել ինձ, իմ 43 տարվա ստեղծագործական կյանքը, ինձ հետ միասին օրենքը, ճշմարտությունը եւ բանականությունը»: Լիլիթ Մակունցն իսկապես նախընտրեց քանակը եւ բառացի ասաց. «Ես ուզում եմ, որ վերջակետ դնողը լինեք Դուք եւ ոչ թե իրենք, պարոն Չալդրանյան»: Երբ հարցրի, թե ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի ինչ հիմքով եք հարկադրում հրաժարական տալ, պատասխանը լռություն էր… Այդ պահին մտաբերեցի Եղիշե Թադեւոսյանի 1909 թ. հայտնի կտավը. անհատի եւ ինքնագոհ, ատելությամբ համակված բազմության բախման նկարագիրը: Փակուղում հայտնված մարդու համար ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան դեկտեմբերի 12-ին գրել պարտադրված հրաժարականի դիմումը հետեւյալ բովանդակությամբ եւ ուղարկել այն մշակույթի նախարարի պաշտոնակատարին թատրոնի աշխատակցի ձեռամբ: «Անսալով ձեր հորդորը՝ տալ հրաժարական՝ խնդրում եմ 2018 թ. դեկտեմբերի 19-ին ազատել ինձ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից: 12. դեկտեմբեր 2018. Վ. Չալդրանյան»:

Սա էլ դիմումիս բնօրինակը.

Ներողություն եմ խնդրում, որ մամուլի ասուլիսս չկայացավ առողջական խնդիրների պատճառով: Ժամանակն ափսոս է անդրադառնալու այս օրերին հնչած մանր-մունր բամբասանք-հերյուրանքներին, ստերին, որոնցից գեթ մեկն անգամ չէր համապատասխանում իրականությանը, նույնիսկ TV 5 ռեպորտաժում հնչած իմ այն միտքը, որ «կշեռքի մի նժարի վրա քանակ է, մյուս նժարին՝ որակ»` այստեղ խոսքս մոնտաժվել է, մինչդեռ կար շարունակությունը. «Ես չեմ ասում, որ մյուս կողմը չունի որակ, նրանց որակը բեմի վրա է, իմ որակը՝ իմ արած ներկայացումը»: Եվ քանի որ հարցազրույցին ներկա էին իմ ուսանողները, հաջորդ օրը նրանք, ռեպորտաժը դիտելուց հետո պատրաստակամություն հայտնեցին վկայելու, որ խոսքս մոնտաժված է եղել: Հեռախոսազրույց ունեցա լրագրողի՝ Լառա Առաքելյանի հետ, նա ազնվորեն հաստատեց, որ ռեպորտաժի սղագրության մեջ պահպանվել են մոնտաժված բառերը եւ առաջարկեց ինձ եւս մի հարցազրույց՝ ճշտում մտցնելու համար: Շնորհակալություն:

ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆ

Զարմանալի զուգադիպություն. ամսաթիվը դնելիս հիշեցի, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 18-ին, ինձ շնորհվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս.Սահակ-Ս.Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը ի գնահատություն երկրին եւ ժողովրդին մատուցած օգտաշատ ծառայությունների», իսկ այսօր ստացա չվաստակած վիրավորանքների մի մեծ պաշար: Ինչո՞ւ… Վերջաբանի փոխարեն՝ «…Եվ այս թատրոն-դատարանում/ Մութ դահլիճի դիմակների օվկիանի դեմ/ Ես ասում եմ՝ «Փակեք, փակեք իմ վարագույրը, ու թող որ դատն այս շարունակվի,/Հիմա դատեք եւ ինձ, եւ Ձեզ…»:

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում